
Սիրելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ), որը գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մի մասն է: Այս սրբազան վայրը աշխարհասփյուռ հայության ողբերգական հիշողության արտացոլումն է: Հուշահամալիրը կատարյալ հնարավորություն է ընձեռում հայոց պատմության ողբերգական էջը ներկայացնելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է տեղեկանալ կամ ավելի խորացնել իմացությունն այդ մասին:
ՀՑԹԻ-ի նպատակն է փաստագրել և ճշգրիտ կերպով ներկայացնել 1915-1922թթ. Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր նյութերը: Ներկայացնելով այս փաստերը` մենք խրախուսում և աջակցում ենք ակադեմիական ու գիտական երկխոսությանը, որը բխում է ժողովրդավարական և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: ՀՑԹԻ-ն` գիտական, հետևաբար` ապաքաղաքական կազմակերպություն է. մեր նպատակները բարոյական ու մարդասիրական են:
Թանգարանի նյութերը` որպես այդ բացառիկ ողբերգությանը ծանոթանալու և հասկանալու միջոց, բերում են միանշանակ մի եզրակացության, որ թեև այս հարցը Թուրքիայի համար դեռ արգելված թեմա է, Թուրքիան պետք է հաշտվի իր իսկ պատմության հետ:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ցեղասպանությունների բոլոր զոհերին և հաստատում այն միտքը, որ աշխարհում հետագա ցեղասպանությունները կանխելու համար մեր պարտականությունն է վճռական աշխատանք տանել, որպեսզի գնահատվի և դատապարտվի այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հետ:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն