01.06.2025
Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Ֆաբրիս Պանկուկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ֆաբրիս Պանկուկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այնուհետև Օվերն-Ռոն-Ալպ շրջանից ժամանած պատվիրակությանը ներկայացվեց նրանց հետ համագործակցության շրջանակում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ գործարկված Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսերեն աուդիոգիդերը, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը, ֆրանսիահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ լույս տեսած Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսերեն պատկերագիրքը: ՀՑԹԻ-ի տնօրենը շնորհակալություն հայտնեց աջակցության և համագործակցության համար: Ֆրանսիս Պանկուկն էլ իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան, մասնավորապես Օվերն-Ռոն-Ալպ շրջանը, Հայաստանի և Հայոց ցեղասպանության թանգարանի կողքին է:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: