03.04.2026
Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչությամբ լույս տեսավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արցախի, Նախիջևանի, և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը (408 էջ, 160 հիմնականում գունավոր լուսանկարներ)։ Այն նախորդ տարվա նոյեմբերին միջազգային մեծ համբավ ունեցող I.B. Tauris / Bloomsbury (Լոնդոն/Նյու Յորք) հրատարակչությամբ լույս տեսած «Commemorating the Armenian Genocide» մենագրության հայերեն տարբերակն է։
Գիրքը մանրամասնում է Մեծ եղեռնի-Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ավանդույթի ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը, դիտարկում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը որպես հիշողության վայր (հանգամանորեն վերլուծելով դրա առանձին հատվածները), ինչպես նաև խորամուխ է լինում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ծագման ու զարգացումների մեջ, ավելին՝ քննում է Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում։
Հեղինակը մենագրությունը նվիրել է Վանի 1915 թ. ինքնապաշտպանության հերոսների պայծառ հիշատակին:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, ազգագրագետների, ցեղասպանության հիշողության հարցերով զբաղվող մասնագետների, և ընթերցող լայն շրջանակների համար:
Գիրքը կարելի է ձեռք բերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրախանութից։
Հայոց ցեղասպանության հիշողության և Ղարաբաղյան շարժման մեջ դրա ակտիվ դերակատարման թեման Հ. Մարությանը վերլուծել է նաև վերջերս լույս տեսած «Շարժում, որ բերեց անկախություն» ծավալուն հոդվածում (մանրամասն տես
http://publishing.ysu.am/files/Ethnography_of_Armenia.pdf):