03.07.2026
1915 թվականին, երբ Ուրֆայի հայությունը կանգնած էր գոյության կռվի առջև, ընդամենը 15-ամյա Ազնիվ Միրզեյանը դարձավ քաղաքի հերոսական ինքնապաշտպանության խորհրդանիշներից մեկը։
Հոր՝ Իսահակ Միրզեյանի և ավագ եղբոր՝ Ապրամի դաժան սպանությունից հետո Ազնիվը չընտրեց փախուստի կամ հուսահատության ճանապարհը։ Կրտսեր քրոջ՝ Օսաննայի հետ նա միացավ Ուրֆայի պաշտպաններին՝ զենք վերցնելով հայրենի քաղաքի պաշտպանության համար։ Թեև Օսաննան շուտով զոհվեց մարտերից մեկի ժամանակ, Ազնիվը շարունակեց պայքարը՝ դառնալով ինքնապաշտպանության ամենահամարձակ մասնակիցներից։
Սկզբում նա գաղտնի տեղեկություններ էր փոխանցում հայ մարտիկներին, սակայն կարճ ժամանակ անց արդեն անմիջականորեն մասնակցում էր մարտերին։ Ազնիվը հայտնի էր իր խիզախությամբ, հնարամտությամբ և առաջնորդական հատկանիշներով։ Իր մարտական ընկերուհի Մարիամ Չիլինկիրյանի հետ նա գլխավորում էր երիտասարդ հայուհիների մի խումբ, որը տղամարդու հագուստով և զենքը ձեռքին մասնակցում էր թշնամու դեմ գործողություններին։ Նրանց համարձակությունը տպավորել էր նույնիսկ հակառակորդներին. Ֆախրի փաշան, հանդիպելով երիտասարդ հայուհիներին, հիացմունքով էր արտահայտվել նրանց քաջության մասին։
Տարիներ անց Ազնիվը հիշում էր Ուրֆայի հերոսամարտի առաջին օրը. «Հինգ րոպե էլ չանցած՝ ամբողջ հայկական թաղամասը ոտքի էր կանգնել՝ միավորված, պատրաստ կռվելու և մեռնելու»։
Հայոց ցեղասպանությունից փրկված Ազնիվ Միրզեյանը հետագայում հաստատվեց Բրազիլիայում, որտեղ ստեղծեց ընտանիք և մինչև կյանքի վերջ պահպանեց իր հայրենի քաղաքի և հերոսամարտի հիշողությունները։ Նրա կյանքի պատմությունը սերունդներին փոխանցվեց ընտանեկան մասունքների, լուսանկարների և վկայությունների միջոցով։
Վերջին տարիներին Ազնիվ Միրզեյանի թոռը՝ Նելսոն Ներսեսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել իր տատիկի անձնական արխիվի կարևոր մասունքները՝ Ազնիվի Աստվածաշունչը, լուսանկարներ, անձնական իրեր և ընտանեկան արժեքավոր վավերագրեր։ Այս վկայությունները ոչ միայն պատմում են մեկ հերոսուհու կյանքի մասին, այլև փաստում են Ուրֆայի հայության դիմադրության, վերապրման և հիշողության պահպանման պատմությունը։
Ազնիվ Միրզեյանի կյանքը վկայում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանայք և աղջիկները ոչ միայն զոհեր էին, այլև դիմադրության, պայքարի և ազգային արժանապատվության կրողներ։ Նրա անունը շարունակում է մնալ Ուրֆայի հերոսական ինքնապաշտպանության և հայ կնոջ անկոտրում կամքի խորհրդանիշը։
Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու