04.06.2026
1921 թ. հունիսի 2-3-ը Բեռլինի Մոաբիտի առաջին շրջանային դատարանում տեղի ունեցավ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը. այն տևեց ընդամենը մեկուկես օր՝ նախատեսված երեքի փոխարեն:
Թեհլիրյանին դատարանում պաշտպանում էին Գերմանիայի երեք նշանավոր փաստաբաններ՝ Արադարադատության գաղտնի խորհրդական դոկտոր Ադոլֆ ֆոն Գորդոնը, նրա գործընկեր դոկտոր Յոհաննես Վերթհաուերը և Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի դասախոս դոկտոր պրոֆեսոր Նիմայերը։ Դատարանի դահլիճում էին ոչ միայն Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչները, այլև սպանված Թալեաթին նեկայացնող թուրքեր՝ հանձին Թալեաթի կնոջ՝ Հայրիե խանումի:
Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին ժամանակին տրված բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ: Դրանք գերմանական դատարան է ներկայացրել Արամ Անտոնյանը: Դատավարության ընթացքում վկայություններ տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը: Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնվում էր Գերմանիայի քրեական օրնեսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր.«Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվում էր անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում էր նրա կամարտահայտությունը»: 1921 թ. հունիսի 3-ին Ս. Թեհլիրյանն երդվյալ ատենակալների վճռով ճանաչվեց անպարտ և ազատ արձակվեց:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Թեհլիրյանի կողմից Թալեաթի սպանությունը Հատուկ գործի ամենահայտնի գործողությունն է:
Լուսանկարում Սողոմոն Թեհլիրյանն է, 1922 թ. հունիս, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, նվիրատու՝ Անուշ Օհանյան-Օսկանյան
Գոհար Խանումյան
ՀՑԹԻ-ի գլխավոր ֆոնդապահ
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921 թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)