04.07.2025
Ճանաչողական այցով Հայաստան ժամանած Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի շուրջ քսան ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նրանք Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների մասին հանդիպում-քննարկում ունեցան ՀՑԹԻ-ի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ Հարություն Մարությանի, Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի, նույն բաժնի գիտաշխատող Նարեկ Պողոսյանի և Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Արցախի հայության բռնի տեղահանմանը, Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող հակահայկական քաղաքականությանը, Գազայում տեղի ունեցող իրադարձություններին և այլն:
Ժնևի ակադեմիայի ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: