05.06.2025
Նորվեգիայի թագավարության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց հին նորվեգերենից թարգմանվեցին ու հրատարակվեցին նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագրային գրառումները՝ գրքի տեսքով: Այդ փաստաթղթերը սկզբնաղբյուրային արժեք ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:
«Ականատեսի հուշեր. Բոդիլ Կատարինե Բյոռնի ժառանգությունը»/Memoirs of an Eyewitness: The Legacy of Bodil Katharine Biørn խորագրով գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որին ներկա էին ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, պատմաբաններ Հայաստանից ու արտերկրից և այլք:
Միջոցառումը բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցադրության ներկայացմամբ՝ ծանոթացնելով նորվեգացի մարդասերներին նվիրված հատուկ բաժնին, ցուցադրության շրջանակում ներառված թեմատիկ նմուշներին, այդ թվում` Բոդիլ Բյոռնի անձնական իրերին:
Ներկաներին ողջունեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Իր խոսքում նա նշեց․ «Բոդիլ Բյոռնի կյանքը, գործունեությունը և մարդասիրական առաքելությունն այսօր այստեղ հնչում են որպես վկայության, խիզախության և բարոյական տոկունության խորհրդանիշ։ Ի հեճուկս բռնապետական լռության՝ Բյոռնը նախընտրեց պայքարել, օգնել հայերին և վավերագրել հանցագործությունը»:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց Բոդիլ Բյոռնի թոռանը, ով տարիներ առաջ թանգարանին էր նվիրաբերել իր տատիկի օրագրերը, նամակները և անձնական իրերը, որոնք դարձել են Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի կարևոր մաս՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս ներկայացնելու ցեղասպանության ողջ խորությունը՝ Բյոռնի անկեղծ ու խորապես մարդասիրական հայացքի միջոցով։
Այնուհետև գրքի խմբագիրը՝ ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց Բյոռնի գործունեության և նրա թողած ժառանգության կարևորությունը: Նա նշեց, որ գրքում ընդգրկված են նորվեգացի միսիոներուհու ամբողջական ձեռագիր օրագրերն ու հուշերը։ Ութ տետրակից կազմված այս ժողովածուի ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1905–1934 թվականները: Օսմանյան կայսրությունում իր մարդասիրական առաքելության ընթացքում Բյոռնը բացառիկ պարզությամբ ու կարեկցանքով է փաստագրել հայ ժողովրդի կյանքը և ցեղասպանության զարգացումները՝ թողնելով հարուստ ազգագրական, աշխարհագրական ու պատմական տեղեկություններ։ Վերջին երկու տետրակներում (1927–1934 թթ.) նա մանրամասնորեն նկարագրում է Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում իրականացրած աշխատանքները՝ ուղեկցվող բազմաթիվ լուսանկարներով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ երեխաների հաշվառման հստակ գրառումներով և այլ վիճակագրական տվյալներով։