05.11.2026
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ
Դպրոց՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Նոյեմբերի 5-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի սաներին: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ» վերնագրով դասախոսությունը:
Սուրեն Մանուկյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ շեշտը դնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը իրականացնողների հիերարխիան ներկայացնելուն: Աշակերտների հետ քննարկումների միջոցով ցույց տրվեց հիմնական որոշում կայացնողների՝ Օսմանյան պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի, տեղական կազմակերպիչների՝ վալիների, մութասարիֆների, տեղական ոստիկանապետերի, ժանդարմերիայի ղեկավարության, կրոնական առաջնորդների և «շարքային» մարդասպանների միջև եղած կապերն ու փոխազդեցությունները: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: