06.02.2026
Հունվարի 22-ից 24-ը Երևանում տեղի է ունեցել Հիշողության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի «PoSoCoMeS» աշխատանքային խմբի տարեկան երրորդ համաժողովը՝ «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով։ Համաժողովին մասնակցել և զեկույցներով հանդես են եկել ՀՑԹԻ-ի գիտաշխատողներ Հարություն Մարությանը, Արման Խաչատրյանը, Ռոբերտ Թաթոյանը:
Գիտաժողովի երկրորդ օրվա գլխավոր բանախոս Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ներկայացրել է “The Biography of a Memorial: Anthropological Perspectives on Armenian Genocide Commemoration” զեկույցը, որտեղ անդրադարձել է հուշարձանի՝ որպես «կենսագրություն» ունեցող մշակութային օբյեկտի ընկալմանը, հիշողության նյութականացման գործընթացներին և ոգեկոչման մարդաբանական մեկնաբանություններին։ Զեկույցից հետո համաժողովի մասնակիցները այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Արման Խաչատրյանը ներկայացրել է “Entrenchment of the Armenian Genocide Memorialization by the Patriarchate of Jerusalem as Diasporic Identity Policy” զեկույցը, որը վերաբերում էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի գործունեությանը՝ որպես սփյուռքյան ինքնության և հիշողության պահպանման կարևոր կենտրոն։ Ռոբերտ Թաթոյանը հանդես է եկել “From Deir ez-Zor to the Gulag: The Experience of the Young Turk Genocide and Stalinist Repression in the Memoir Literature of Western Armenians” զեկույցով՝ ներկայացնելով ցեղասպանության և ստալինյան բռնաճնշումների փորձառությունների փոխկապակցված արտացոլումը արևմտահայերի հուշագրությունների մեջ։
Եռօրյա համաժողովը միավորել էր ավելի քան 130 հետազոտողների, որոնք ուսումնասիրում են հավաքական և մշակութային հիշողությունը նախկին խորհրդային և սոցիալիստական երկրներում՝ ուշադրության կենտրոնում պահելով արագ փոփոխվող հետկոմունիստական իրականությունը։
Այս տարվա քննարկումների առանցքում հատկապես Հարավային Կովկասն էր՝ որպես անընդհատ վերափոխվող հետսոցիալիստական տարածք։