06.08.2025
2025 թ. հուլիսի 24-ին լրացավ ֆրանսիացի հետաքննող լրագրող Ժակ Դեռոժիի ծննդյան 100-ամյակը. նա առաջինն էր, որ ուսումնասիրեց և հանրահռչակեց «Նեմեսիս» գործողությունը:
Հրեական ծագմամբ Ժակ Դեռոժին բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզի համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երիտասարդ Ժակը փախչում է օկուպացված Փարիզից դեպի ֆրանսիայի հարավ-արևելք՝ փրկվելով Վիշիի ռեժիմի իրականացրած հակասեմական հետապնդումներից։ Այնտեղ միանում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Հենց այդ ժամանակ ընդունում է «Դեռոժի» կեղծանունը, որով էլ սկսում է իր լրագրողական գործունեությունը։
Իր լրագրողական կարիերայի ընթացքում Դեռոժին հետաքննել է բազմաթիվ քաղաքական և հասարակական սկանդալներ՝ դրանց շուրջ հրապարակելով հոդվածներ ու գրքեր։ Այդպիսի լրագրողական ուսումնասիրության արդյունքում ծնվեց 1986 թ. Փարիզում տպագրված «Opération Némésis» [Նեմեսիս գործողությունը] գիրքը, որը 1990 թ. այլ վերնագրով թարգմանվեց անգլերեն՝ "Resistance and Revenge: The Armenian Assassination of Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportation" [Դիմադրություն և վրեժխնդրություն. 1915 թվականի կոտորածների և տեղահանության համար պատասխանատու թուրք առաջնորդների սպանությունը հայերի կողմից]:
Նա գիրքը գրելու առաջարկն ստացել էր ֆրանսահայ Ժերար Շալյանից. «Ժակ Դեռոժին, ում ես այդ ժամանակ հանդիպեցի, համաձայնվեց, չնայած ուներ պարտավորույթուններ այլ նախագծեր իրականացնելու: Հայերի խնդրահարույց պատմությունից նա, ինչպես շատ ուրիշներ, գիտեր միայն ցեղասպանության մասին: Ժակ Դեռոժին հրեական ծագում ունի, Դիմադրության նախկին անդամ էր: Նա չէր կարող համակրանք չունենալ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ»:
Գրքում հեղինակն օգտագործել է բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ երբեք չօգտագործված արխիվային փաստաթղթեր: Համապարփակ հետազոտություն կատարելու համար նա ուսումնասիրել էր Արամ Անտոնյանի, Առնոլդ Թոյնբիի, Հենրի Մորգենթաուի, Յոհաննես Լեփսիուսի, Արմեն Գարոյի և այլոց աշխատությունները, ինչպես նաև «Նեմեսիս» գործողության մասնակիցների տպագրած հուշագրությունները, Սողոմոն Թեհլիրյանի և Միսաք Թորլաքյանի դատավարության սղագրությունները, դատական գործերին առնչվող փաստաթղթեր:
Ժակ Դեռոժիի «L’Express» մրցանակ
L’Express ամսագիրը, որտեղ Դեռոժին աշխատել էր ավելի քան քառորդ դար, նրա հիշատակին նվիրել է հետաքննական լրագրողների համար սահմանված մրցանակ։
Դեռոժիի հարցազրույցը (ֆրանսերեն) գրիք մասին կարող եք տեսնել այս հղումով՝
https://www.youtube.com/watch?v=7zsBaYpRmHE :