06.06.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն կրթական ու մշակութային միջոցառումների:
Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտների աշխատանքները կհրատարակվեն առանձին քառալեզու գրքով։
1․ Մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների աշակերտները։ Աշակերտը կարող է մասնակցել մրցույթին միայն այն դեպքում, եթե ունի մենթոր ուսուցիչ, որը կաջակցի և կղեկավարի նրա՝ էսսե գրելու ողջ գործընթացը։
• Էսսեն պետք է ունենա միայն մեկ հեղինակ:
• Յուրաքանչյուր աշակերտ կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք։
• Մենթոր ուսուցիչը պետք է լինի աշակերտին դասավանդող ուսուցիչներից։
2․ Մրցույթի փուլերը
Մրցույթը կանցկացվի չորս փուլով․
Առաջին փուլ – Դիմումների ընդունում և նախապատրաստական դասընթացներ
Դիմումների ընդունումից հետո աշակերտները կարող են մասնակցել երեք թեմատիկ աշխատարանի՝
• Հայոց ցեղասպանության պատմության հիմունքներ,
• Էսսեի կառուցվածք և գրության տեխնիկա,
• Բանավոր պաշտպանության հմտություններ:
Այս դասընթացները պարտադիր չեն, սակայն մասնակցությունը խրախուսվում է։
Երկրորդ փուլ – Էսսեի ներկայացում
Յուրաքանչյուր աշակերտ պետք է ներկայացնի առավելագույնը 6 էջից բաղկացած էսսե՝ մրցույթի պահանջներին համապատասխան։
Երրորդ փուլ – Կիսաեզրափակիչ
Յուրաքանչյուր երկրում ձևավորված ժյուրին կընտրի 10 մասնակից, որոնք պետք է մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութով ներկայացնեն իրենց աշխատանքը։ Նրանցից եզրափակիչ փուլ կանցնեն 5-ը:
Չորրորդ փուլ – Բանավոր պաշտպանություն
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ելույթ կունենան ժյուրիի, պաշտոնյաների և հանդիսատեսի առջև։ Ելույթը կարող է տևել մինչև 15 րոպե և պետք է ուղեկցվի սահիկաշարերով կամ տեսողական նյութերով։
Առաջին մրցանակակիր աշակերտը և նրա մենթոր ուսուցիչը կստանան ամբողջությամբ ֆինանսավորվող ուղևորություն դեպի ԱՄՆ՝ մասնակցելու կրթական միջոցառումներին «Genocide Education Project»-ի և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի հովանու ներքո։
3․ Էսսեի թեմաները
Մրցույթի հիմնական թեմաներն են՝
• 110 տարվա պայքար. Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ցեղասպանությունների համատեքստում:
• Պայքարի արմատները. Հայոց ցեղասպանության ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա:
• Ի՞նչ կարելի է սովորել անցյալից. Հայոց ցեղասպանության դասերը ժամանակակից աշխարհին:
Ժյուրին կգնահատի էսսեի հետազոտական հիմքը, վերլուծական մոտեցումը և գաղափարների զարգացումը։ Պետք է խուսափել պարզ նկարագրություններից կամ փաստերի վերաշարադրումից։ Էսսեն պետք է լինի խորհելու և վերլուծության առիթ տվող աշխատանք։
4․ Էսսեի ծավալն ու ձևաչափը
• Լեզուն՝ հայերեն:
• Ծավալը՝ առավելագույնը 6 էջ:
• Տառատեսակը՝ Times New Roman, տառաչափը՝ 12, տողաբաժանումը՝ 1.5:
• Պետք է պահպանել տեքստային ֆայլի սկզբնական դաշտերը:
• Էսսեն պետք է լինի ամբողջությամբ նոր և չհրապարակված:
• Պետք է ունենա վերնագիր և մականուն՝ անանուն գնահատման համար:
• Օգտագործված աղբյուրները պետք է պատշաճ կերպով հղվեն, և վերջում պետք է տրվի գրականության ցանկ:
Պահանջներին չհամապատասխանելու դեպքում աշխատանքը կհեռացվի մրցույթից։
5․ Եզրափակիչ փուլ – Բանավոր պաշտպանություն
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները պետք է՝
1. ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութ՝
• հորիզոնական դիրքով,
• բարձր որակի պատկերով և ձայնով,
• առանց տեքստ կարդալու (բնական խոսք),
2. ունենան հանրային ելույթ՝
• ժյուրիի, պաշտոնյաների և հանդիսատեսի առջև,
• մինչև 15 րոպե տևողությամբ,
• տեսողական նյութերի օգտագործմամբ:
Ժյուրին կհայտարարի առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներին ու կշնորհի հատուկ հիշատակումներ։ Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցների աշխատանքները կհրապարակվեն չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն և ուրուգվայական ժեստերի լեզվով։
6․ Ժամանակացույց
• Էսսեների ներկայացում՝ մինչև 2025 թ. օգոստոսի 31, ժամը 23։59,
education@genocide-museum.am էլեկտրոնային հասցեին:
• Կիսաեզրափակիչ անցած մասնակիցների հայտարարում՝ 2025 թ․ հոկտեմբերի 2:
• Տեսանյութերի ներկայացում՝ 2025 թ․ հոկտեմբերի 9:
• Եզրափակիչ անցած մասնակիցների հայտարարում՝ 2025 թ․ հոկտեմբերի 16:
• Բանավոր ելույթների օրը՝ 2025 թ․ հոկտեմբերի 30:
• Գրքի շնորհանդես՝ 2025 թ․ դեկտեմբերի կեսեր:
• Հաղթողի վերջնական ծրագիր՝ 2026 թ․ հունվարի 30:
• ԱՄՆ ուղևորություն՝ 2026 թ․ փետրվարի 4-18:
7․ Դասընթացներ
Հունիս-օգոստոս ամիսներին կանցկացվեն եռափուլ դասընթացներ հետևյալ թեմաներով՝
• Հայոց ցեղասպանության պատմության հիմունքներ,
• Էսսեի կառուցվածք և գրության տեխնիկա,
• Բանավոր պաշտպանության հմտություններ:
Դասընթացների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
8․ Ժյուրի
Մրցույթի բոլոր փուլերում ներկայացված աշխատանքները գնահատելու է տվյալ երկրի համար հատուկ կազմված ժյուրին։
Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։
9․ Մրցանակներ
Արդյունքները կհայտարարվեն եզրափակիչ ելույթներից անմիջապես հետո։
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներին կտրվեն մրցանակներ, ինչպես նաև կլինեն ժյուրիի կողմից որոշվող հատուկ մրցանակներ։
Առաջին տեղ
• Ուղևորություն ԱՄՆ աշակերտի և ուսուցչի համար:
• Էսսեի հրապարակում 4 լեզվով գրքում:
• Հավաստագիր աշակերտին և ուսուցչին:
Երկրորդ տեղ
• Գրքերի փաթեթ:
• Էսսեի հրապարակում վերոնշյալ գրքում:
• Հավաստագիր:
Երրորդ տեղ
• Գրքերի փաթեթ:
• Էսսեի հրապարակում վերոնշյալ գրքում:
• Հավաստագիր:
Մրցանակներ եզրափակչի մասնակիցներին
• Էսսեի հրապարակում վերոնշյալ գրքում:
• Հավաստագիր աշակերտին և ուսուցչին: