07.11.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով պատասխանատու քարտուղար Սիբի Ջորջի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Պարոն Սիբի Ջորջը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Սիբի Ջորջը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: