11.02.2026
Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին:
Նրան դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ալ Մուսավին ծաղիկներ է դրել և լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, ապա շրջել հուշահամալիրի տարածքում: Էդիտա Գզոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու դրա նշանակությունը հայերի համար: Թանգարանում օմանցի հյուրին Հայոց ցեղասպանության պատմությունն ու առանձին դրվագներ է ներկայացրել էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանը:
Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով:
Ջամալ Ալ Մուսավին Հայաստանում է ԿԳՄՍ նախարարության հրավերով՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակում: