12.11.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի աշխատակիցներ Ռեգինա Գալուստյանը և Ինեսա Ստեփանյանը մասնակցեցին Եվրամիության կողմից երաշխավորված «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը կուրատորական պրակտիկայի միջոցով» (COREM: Collective Remembrance: Engaging Youth Through Curatorial Practices) ծրագրի շրջանակներում իրականացվող միջազգային «Հիշողության միջսերնդային մանկավարժություն. արվեստ, կուրատորական գործունեություն և երիտասարդների մասնակցություն» սեմինարին:
Ծրագրի նպատակն է 12-14 տարեկան երեխաների ներգրավվումը ցեղասպանությունների հիշողության փոխանցման և կրթության մեջ։ Նախագիծն ընդգրկում է բռնության բարդ պատմություն ունեցող երկրներ՝ Հայաստան, Լեհաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Մակեդոնիա և Իսպանիա, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է եզակի հեռանկարներ և կրթական մարտահրավերներ։ Այն խթանում է միջճյուղային և միջառարկայական համագործակցությունը պատմական հիշողության առաջատար հաստատությունների՝ պատմության թանգարանների, ցեղասպանության հուշարձանների և երիտասարդության, լրատվամիջոցների, գրականության և կրթության ուսումնասիրությունների առաջատար գիտնականների հետ։ Այսպիսի միջոցառումներն ակտիվացնում են հաստատությունների, մանկավարժների և հետազոտողների միջև համագործակցությունը։ Նախաձեռնությունը նպատակ ունի հակազդել պատմական իրողությունների խեղաթյուրումներին և ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին։