13.06.2025
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Գունարս Կուտրիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: