13.09.2025
Մուսա լեռը կամ Մովսեսի լեռը գտնվում է նախկին Հալեպի նահանգի Անտիոք գավառում` Միջերկրական ծովին ափամերձ Սուեդիա գյուղաքաղաքի մոտ: Լեռան շրջակայքում կար վեց հայկական գյուղ (Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս)՝ ավելի քան վեց հազար բնակչությամբ:
1915 թ. գարնանը սուետահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանությունը: 1915 թ. հուլիսի 30-ին շրջանի հայ բնակչությանը նույնպես հրամայվում է թողնել իրենց հայրենի բնակավայրերն ու բռնել գաղթի ճամփան: Հայերի որոշ մասը, ենթարկվելով թուրքերի հրամանին, տեղահանվում է ու կոտորվում: Մնացածը` 4000-ից ավելի մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ, գիտակցելով, որ անխուսափելի է մահը, փրկության հույսով բարձրանում են Մուսա լեռը` նախապատրաստվելով ինքնապաշտպանության: Ստեղծվում է հատուկ զինվորական մարմին Եսայի Յաղուբյանի ղեկավարությամբ: Ռազմիկներն ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ զենքով ու զինապաշարով: Լեռան տարբեր հատվածներում հիմնվում են ռազմապաշտպանական իրար հաջորդող հենակետեր ու ամրություններ:
Օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին թուրքական կանոնավոր զորքերը (1.500-4.000) մի քանի գրոհ են ձեռնարկում Մուսա լեռան հայկական դիրքերի վրա, սակայն հետ են շպրտվում: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունր՝ թուրքերը շրջափակում են լեռը՝ փորձելով սովամահ անել հայերին: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրանում է. պարենն ու ռազմամթերքն աստիճանաբար սպառվում են:
Ինքնապաշտպանության ղեկավարները օգնություն ստանալու հույսով, որպես ազդանշան՝ լեռան ծովահայաց եզրին բարձրացնում են սավաններից պատրաստված երկու դրոշ: Մեկի վրա կարված էր կարմիր խաչ, մյուսի վրա՝ «Փրկեցե´ք, քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը: Դրոշների շուրջը վառվում էին խարույկներ` անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացնում օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավել մուսալեռցիներ փրկվում են և տեղափոխվում Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:
Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց՝ այս տարվա մայիսի 26-ին, ի նշան երախտագիտության՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացվեց Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշատախտակը:
Լուսանկարում՝ Հայերի տարհանումը Մուսա լեռից, սեպտեմբեր, 1915 թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Մուսալեռցիները ֆրանսիական ռազմանավ տեղափոխվելիս, սեպտեմբեր, 1915 թ., The Sphere, 30 հոկտեմբերի, 1915 թ.
Մուսալեռցի հայ գաղթականները ֆրանսիական ռազմանավի վրա, սեպտեմբեր, 1915 թ., L'Illustration, 9 հոկտեմբերի, 1915 թ.
Մուսալեռցի հայ գաղթականները Պորտ Սաիդի վրանաքաղաքում, 1915 թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Գաղթական հայ երեխաներին մթերք բաժանելիս, Պորտ Սաիդ, The Graphic, 13 նոյեմբերի, 1915 թ.
Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնե, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ