14.04.2021
Բանախոս՝ 
Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
Թեմա՝
Մարդու իրավունքներ. խտրականությունից դեպի ցեղասպանություն 
Դպրոց՝ 
Արտաշատի տարածաշրջանային պետական քոլեջ
Ս. թ. ապրիլի 14-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Արտաշատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները:
	ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը դասախոսություն կարդաց «Մարդու իրավունքներ. խտրականությունից դեպի ցեղասպանություն» թեմայով, որի շրջանակներում բանախոսը ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի կարգավիճակը, անդրադարձավ բարենորոգումների ծրագրերին: 
	
	Բանախոսության ընթացքում քննարկվեց 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունը, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել էին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», ինչպես նաև համառոտ ներկայացվեց 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի հաշտության վեհաժողովի ժամանակ ստեղծված պատերազմական հանցագործությունները քննող հանձնաժողովի գործունեությունը:
	
	Դասախոսության առանցքային կետերից էր անդրադարձը Ստամբուլյան դատավարություններին. «Այդ դատավարությունները հաստատեցին, որ տեղահանություններն ու սպանությունները նպատակ էին հետապնդում վերջնականապես արմատական լուծում տալ հայկական հարցին»,- նշեց բանախոսը:
	
	Էդիտա Գզոյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը կարևոր ազդեցություն է ունեցել միջազգային իրավունքի զարգացման, մասնավորապես՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության ձևավորման վրա:
	Դասախոսությունն ամփոփվեց քննարկմամբ: