14.04.2026
Սույն թվականի ապրիլի 23-ին` ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «ՓԱՍՏԱԳՐԵԼՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄՆԵՐԸ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Կներկայացվեն դեռևս Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923 թթ.) հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման և արխիվային հիմնական կենտրոններով:
Փաստահավաք գործն իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին, որոնք մի կողմ դնելով անձնական ողբերգության և զոհի հուզական կողմերը՝ մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով լծվում են այդ կարևոր առաքելությանը:
Վկայություններն ու վավերագրերը հայ ժողովրդի հավաքական գոյության ճակատագրական պահին ոճրագործությանը դիմադրելու, սեփական պատմությունն ու հիշողությունը պահպանելու և փոխանցելու կարևոր ցուցիչներ են։ Այս վավերագրերը՝ որպես առաջնային և հիմնարար սկզբնաղբյուր, դրվեցին Հայոց ցեղասպանության հետագա ուսումնասիրության հիմքում:
Ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ վաղ հուշագրություններ, օրագրություններ, ֆոտո-դոկումենտալ նյութեր և այլն: