15.04.2026
Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում 2025 թ-ին մեկնարկած էսսեների միջազգային մրցույթի հաղթողները վերադարձել են ԱՄՆ-ից՝ նոր փորձառությամբ ու անջնջելի տպավորություններով:
Ուրուգվայի հանրակրթության ազգային վարչության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով իրականացված էսսեների մրցույթի հաղթող աշակերտները Կալիֆորնիայում էին՝ ներկայացնելու իրենց աշխատանքն ու քննարկելու թեման՝ տարեկից ամերիկացիների և նրանց ուսուցիչների հետ:
Մրցույթի նպատակը Հայոց ցեղասպանության թեմայի հետազոտությունն ու բարձրաձայնումն է՝ միավորելով Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին։
Հայաստանից հաղթող էր ճանաչվել Ռուզաննա Նիկողոսյանը, Ուրուգվայից՝ Լուսիանա Վան Հորենբեկը: Ռուզաննան անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հիշողության միջսերնդային վերաիմաստավորմանը, Լուսիանան՝ ուսումնասիրել արվեստն ու պոեզիան որպես դիմադրության և ինքնության հաստատման ձևեր Հայոց ցեղասպանության համատեքստում: Աղջիկները Կալիֆորնիայում էին իրենց դասավանդող ուսուցիչների՝ Թագուհի Պապյանի և Լուսիա Կրուզի ուղեկցությամբ։
Ծրագիրը Լոս անջելեսում համակարգում էին ՀԲԸՄ Ուրուգվայի կրթական գործերի տնօրեն Խավիեր Պոլատյանը և «Ցեղասպանության կրթական նախագիծը» (GenEd): Կրթական և մշակութային տարբեր կենտրոններից բացի հաղթող աշակերտներն ու նրանց ուսուցիչները բացառիկ հանդիպումներ են ունեցել նաև Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի (UCLA) Հայագիտության ինստիտուտում (Promise Armenian Institute) և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամում: