17.01.2026
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Հունվարի 17-ին ՀՑԹԻ-ում մեկնարկեց դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. անդրանիկ հանդիպումը: ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Այնուհետև ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի գրադարանին: Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: