17.10.2025
Գերմանաբնակ Հախնազարյանների ընտանիքն ու նրանց բարեկամներն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էին կարևոր մի առաքելությամբ: Տիկին Մարգրետ Հախնազարյանն ու նրա դուստրերը՝ Թալինն ու Շարիսը, թանգարան-ինստիտուտին որպես նվիրատվություն հանձնեցին Մինաս Ավետիսյանի «Ողբ -1915» գեղանկարը, որը 2000-ականների սկզբին գնել էր ընտանիքի հայրը՝ լուսահոգի ճարտարապետ Արմեն Հախնազարյանը: Շուրջ կես քառորդ դար Մինասի վաղ շրջանի այս ստեղծագործությունը Հախնազարյանների ընտանեկան հավաքածուի մաս է կազմել:
«Այս նկարի նվիրատվությունը մեր թանգարանի համար միայն հավաքածուի հարստացում չէ․ դա մի քայլ է դեպի հիշողության պահպանումը և փոխանցումը։ Այն վկայում է, որ արվեստը կարող է դառնալ մի կամուրջ՝ անցյալի և ներկայի, զոհերի ու վերապրածների, հիշողության և արդարության միջև», - ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հախնազարյաններին՝ ասաց թանգարան-իստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Տիկին Մարգրետ Հախնազարյանն ընդգծեց, որ իրենց համար այս օրը կարևոր ու հիշարժան է և այսօրվանից թանգարան-ինստիտուտն իրենց ընտանիքի ու հարազատների հայաստանյան այցերի կարևոր մասն է դառնալու: Նա պատմեց ամուսնու մեծ ընտանիքի ողբերգական պատմությունը: Արմեն Հախնազարյանի պապը՝ Հարություն Հախնազարյանը, կինը, 10 և 12 տարեկան դուստրերը, 15 տարեկան որդին ու զարմիկը Նախիջևանի Ագուլիս գյուղի 1919 թ.-ի դեկտեմբերի 24-25-ի ցեղասպանության զոհերից էին:
Ընտանիքի անդամներից հրաշքով փրկվել են միայն Արմենի հայրը՝ 18-ամյա Հովհաննես Հախնազարյանն ու նրա ավագ քույրը՝ Համասփյուռը, որն այդ ժամանակ սովորում էր Թիֆլիսում:
Եվ քանի որ Ագուլիսում ոչնչացվել է հայկական գերեզմանատունը և չկա որևէ հուշարձան, տիկին Մարգրետն ու դուստրերը որոշել են Մինասի այս գեղանկարը նվիրել իրենց ընտանիքի ու Ագուլիսի ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին: Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանն ընթերցեց այդ ամբողջ տեղեկության ամբողջական տեքստն ու ասաց, որ ցուցադրության ժամանակ այն զետեղված է լինելու գեղանկարին կից:
Գեղանկարը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրելու միտքը Արմեն Հախնազարյանի և նրա ընտանիքի բարեկամ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանինն է եղել, որը նույնպես ներկա էր նվիրատվության արարողությանը: «Կարծում եմ, որ այստեղ նկարն իր տանն է, ամենաճիշտ վայրում, որտեղ պիտի լիներ», - ասաց Գալչյանը՝ հավելելով, որ կուզեր միայն, որ իր ընկերը՝ Արմենն էլ ներկա լիներ այս արարողությանը, վստահաբար նա էլ կողմ կլիներ այս մտքին:
Մինասը, որի ծնողները նույնպես մազապուրծ էին եղել 1915 թ.-ի ցեղասպանությունից, այս նկարը ստեղծել է 1961-1965 թթ.՝ որպես գեղարվեստական խոսք տառապանքի, հավատքի և հույսի մասին: Ընդունված կարգի համաձայն գեղանկարը նվիրատվությունից առաջ ուղարկվել է մասնագիտական փորձաքննության՝ ստանալով հավաստիացնող պատասխան այն մասին, որ այն իսկապես հեղինակել է Մինաս Ավետիսյանը:
Միջոցառման ավարտին ներկաները բարձրացան Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: