17.12.2025
Դեկտեմբերի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Վերապրումի արձագանքներ. հետհիշողությունը և բանավոր պատմությունների հավաքագրումը Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանակում» խորագրով միջոցառումը։ Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանում իրականացված բանավոր պատմությունների հավաքագրմանը, հետհիշողությանը, դրա մշակութային դրսևորումներին, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց ժառանգների շրջանում պահպանվող կենսափորձի և ինքնության շերտերի ուսումնասիրությանը։
ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման, փոխանցման մեջ բանավոր պատմություններից բացի կարևոր են նաև այն սովորույթների պահպանումն ու ուսումնասիրությունը, որի կրողն ու փոխանցողը Հայոց ցեղասպանությունը վերապրածներն էին:
Վերջին ամիսների դաշտային աշխատանքների արդյունքները ներկայացրեց ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ, Ներքին Բազմաբերդ, Կաթնաղբյուր, Իրինդ և Ներքին Սասնաշեն գյուղերում և Արարատի մարզի Վանաշեն, Արալեզ և Ավշար, գյուղերում իրականացված աշխատանքներին։ Ներկայացվեցին հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ կատարված տեսաձայնագրություններից, որտեղ արտացոլված էին՝ իրենց վերապրող նախնիների պատմածները, ընտանեկան պատմություններնու վերապրումի փորձառությունները։
Միջոցառմանը ներկա էին նշված գյուղերի բնակիչները, այդ գյուղերի վերապրածների ժառանգներ՝ Սասունից, Մուշից, Խնուսից, Վանից և այլ վայրերից։ Նրանք ներկայացրեցին իրենց պահպանած ավանդույթները, ազգային երգն ու պարը, ընտանեկան արխիվներից լուսանկարներ, ինչպես նաև Սասունում հայտնի և խորհրդանշական հացահատիկ՝ գլգիլը, որպես մշակութային հիշողության կենդանի դրսևորում։
Միջոցառման ավարտին Էդիտա Գզոյանը հանձնեց շնորհակալագրեր՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը վառ պահելու և սերունդներին փոխանցելու համար։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց հետհիշողության առանցքային դերը Հայոց ցեղասպանության ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրայնացման հարցում։