Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ գրադարանը համալրվել է Սարգիս Հացպանյանի անձնական գրադարանի Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրականությամբ


19.12.2025


Սարգիս Հացպանյանին պատկանող 357 արժեքավոր գրքերն իրենց արժանի տեղն են զբաղեցրել ՀՑԹԻ գիտական գրադարանում․ դրանք գրանցվել են որպես «Սարգիս Հացպանյանի անձնական գրադարան» և համալրել են ինստիտուտի գիտական հավաքածուն` դառնալով ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև հիշողության մի մաս:

Այս նվիրատվությունն արժեքավոր է ոչ միայն գրքերի բովանդակային տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Սարգիս Հացպանյանի երկարամյա որոնումների ու ուսումնասիրությունների ընթացքում բծախնդրորեն ձևավորված այս բացառիկ ժողովածուն փոխանցվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

ՀՑԹԻ հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սարգիս Հացպանյանի ընտանիքին, մասնավորապես՝ տիկնոջը՝ Հասմիկ Պողոսյանին` իրենց ընտանեկան գրադարանի այս արժեքավոր մասը մեզ վստահելու համար։

Այս նվիրատվությունը Սարգիս Հացպանյանի հիշատակի շարունակականությունն է․ կամուրջ` նրա ցեղասպանությունը վերապրածի ընտանիքի հոգևոր ժառանգության, անցյալի վկայությունների և մեր գիտական առաքելության միջև։

Ցեղասպանության քառուղիներով անցած Հացպանյանների ընտանեկան պատմությունը

Սարգիս Հացպանյանը Մարիամ Էվիգյուլուի և Գևորգ Էքմեքչիի (Էքմեքչիիօղլու) հինգ երեխաներից ամենափոքրն էր։

Մորական տատը՝ Հռիփսիմեն (Հորոմ) (1910/11–1989 թթ.) իրենց գերդաստանի միակ վերապրողն էր: Նա չորս տարեկանում ականատես է եղել, թե ինչպես է 1915 թ. Ադյամանում թուրք զինվորականը սուսերով սպանել հորը, որից հետո ցանկացել է հղի մորը բռնությամբ կնության վերցնել: Այն բանից հետո, երբ կինն արհամարհական մերժել է` պատասխանելով, որ «ես իմ ձին ավանակի հետ երբեք չեմ փոխի», կատաղած զինվորականը սրախողող է արել նրան:

Որբացած Հռիփսիմեին վերցրել ու մեծացրել է քրդական մի ընտանիք: Ավելի ուշ Ադյաման վերադարձած ազգականները հիշողությամբ գնացել, գտել են երեխային և քուրդ ընտանիքին խնդրել են վերադարձնել, սակայն քրդերը մերժել են`ասելով, որ այսքան տարի մեծացրել են, որ իրենց ծառայի: Միայն այն բանից հետո, երբ գավառներում լուրեր են տարածվել, թե մուսուլման ընտանիքներում հայ որբեր պահող ընտանիքները պարտավոր են նրանց հանձնել թուրքական կառավարությանը կամ որբանոցներին, հակառակ դեպքում կպատժվեն, քրդերը ստիպված Հռիփսիմեին վերադարձրել են իր ազգականներին։

Ավելի ուշ Հռիփսիմեն ամուսնացել է Ակոբ (Հակոբ) Էվիգյուլուի հետ: Նրանք ունեցել են յոթ երեխա, որից մեկը Մարիամ Էվիգուլու Էքմեքչին (1932–2018 թթ.) էր` Սարգսի մայրը։

Մորական պապը՝ Ակոբ (Հակոբ) Էվիգուլուն (1891–1970 թթ.), Հայոց ցեղասպանության տարիներին, աքսորից խուսափելու համար, ստիպված է եղել փախչել լեռները՝ տարիներով ապրելով թաքստոցներում, անորոշության մեջ։ Վտանգի հարաբերական մեղմացումից հետո նա վերադարձել է իր ծննդավայր Ադյաման, որտեղ փորձել է վերականգնել իր կյանքը և հիմնել նոր ընտանիք՝ ամուսնանալով Հռիփսիմեի հետ։

Հորական տատը՝ Արաքսին (ազգանունը՝ անհայտ) (1908–1978 թթ.) շատ մեծ դժվարություններով է վերապրել ցեղասպանությունը, նրա ընտանիքի անդամները տարբեր ուղղություններով էին աքսորվել: Որոշ ժամանակ անց նա նույնպես վերադարձել է Ադյաման:

Հորական պապը՝ Ծերուն Հացպանյանը (1910–1964 թթ.) 6-7 տարեկանում Դեր Զոր է աքսորվել երկու մեծ քույրերի՝ Մարիամի ու Խանումի հետ: Քույրեն արդեն կորցրել էին իրենց ամուսիններին ու երեխաներին և իրենց փոքր եղբորը` աղջկա հագուստի տակ ծպտված, կարողացել են փրկել: Նրանք իրենց մեծ գերդաստանի միակ վերապրողներն են եղել։

Մի քանի տարի արաբների մոտ ծանր աշխատանքով գոյատևելուց հետո, 1920 թվականին, երբ Ալեքսանդրետի սանջակը Սիրիայի կազմի մեջ անցել է Ֆրանսիայի մանդատի ենթակայության տակ, վերադարձել են Ադյաման, որտեղ հայկական թաղամասերը, եկեղեցին լրիվ ավերված են գտել: Նրանց հողերն ու այգիները` ընտանեկան պատմության համաձայն, յուրացվել են «ոմն ասորի Թորոս աղայի» կողմից և ոչ մի կերպ հետ չեն կարողացել ստանալ և կյանքը զրոյից են սկսել, ընտանիք կազմել:

Վերադարձած բոլոր հայերը ստիպված են եղել ասորական թաղամասում բնակվել, քանի որ այն չէր տուժել ցեղասպանության տարիներին և իրենց եկեղեցական արարողություններն ասորական եկեղեցում են կատարել:

Ծերունը 1926 կամ 1928 թվականին ամուսնացել է Արաքսիի հետ։ Նրանց յոթ երեխաներից մեկը՝ Գևորգ Էքմեքչին (1930–2010), Սարգսի հայրն է, ով 1947 թվականին Ադյամանում ամուսնացել է Մարիամ Էվիգյուլուի հետ։

1960 թ․ Գևորգ Էքմեքչին, ընտանիքի անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված էր կնոջ և չորս երեխաների հետ տեղափոխվել Ալեքսանդրետ՝ այն բանից հետո, երբ հերթական հայ աղջկան քրդերի առևանգումից հետ բերելու պատճառով վերջիններս սկսել էին սպառնալ նրա ընտանիքի անդամներին։

Սարգիս Հացպանյանը, ինչպես ինքն է գրում, ծնվել է 1962 թ․ փետրվարի 12-ին, Հայկական Կիլիկիայի չքնաղ ծովափնյա քաղաք Ալեքսանդրետում: Գավառներում բնակվող հայերը, ովքեր նախաձախնդիր էին, որ իրենց զավակները հայկական կրթություն ստանան, հաճախ ստիպված էին նրանց դեռ փոքր տարիքից ուղարկել Կ. Պոլիս։ Վեցամյա Սարգիսն այդ երեխաներից էր․ նա մեկնել է հայրենի տնից ավելի քան հազար կիլոմետր հեռու` ուսանելու Կ. Պոլիսի Կարագյոզյան որբանոց-վարժարանում (1968–1973 թթ.), ապա շարունակել է կրթությունը Սուրբ Խաչ դպրեվանքում (1973–1979 թթ.): Սարգիսը հայրենի տուն՝ Ալեքսանդրետ, վերադառնում էր միայն ամառային արձակուրդներին, որոնք հաճախ անցկացնում էր քեռու ընտանիքի մոտ՝ Մուսա լեռան Վաքըֆ գյուղում՝ Թուրքիայի տարածքում պահպանված միակ հայկական գյուղում։

1979-1980 թթ. ուսանել է Կ. Պոլսի Պետական գեղարվեստական ակադեմիայի կինոարվեստի բաժնում: 1979 թ․ թուրքական և հայկական թերթերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Հայկական հարցի վերաբերյալ, ինչպես նաև բանաստեղծություններ ու թարգմանություններ։

1980 թ. Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման արդյունքում իր հայացքների համար երկու անգամ ձերբակալվել է, որից հետո ստիպված է եղել տեղափոխվել Գերմանիա։ Ուսումը շարունակելու համար 1980-1982 թթ. ուսանել է Քյոլնի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետում։ Աշխուժացրել է կյանքը հայկական գաղութում, հիմնել է առաջին հայկական պարախումբը։ Հայոց պատմության, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես է եկել տարբեր դասախոսություններով, 1982 թ․ «Ապրիլ 24» ցույցի ակտիվ կազմակերպիչներից է եղել, որի պատճառով հայտնվել էր թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

1982 թ. օգոստոսի 7-ին Անկարայի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, որի իրականացնողներից էր նաև Լևոն Էքմեքչյանը, միայն ազգանվան համընկնումը պատճառ էր դարձել, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում և Եվրոպայում բնակվող բոլոր Էքմեքչյաններին ենթարկեն հետապնդումների։ Որոշ ժամանակ թաքնված ապրելուց հետո Սարգիսը որոշում է կայացրել տեղափոխվել Ֆրանսիա և Մարսելում քաղաքական ապաստան է ստացել:

Ֆրանսիայում թղթաբանական երկարատև գործընթացների արդյունքում Սարգսին հաջողվել է վերականգնել իր ընտանեկան Հացպանյան ազգանունը, որը 1934 թ․ «Ազգանվան մասին» օրենքի համաձայն պարտադրաբար գրանցվել էր թուրքացված «Էքմեչիօղլի» տարբերակով։ 1985-1988 թթ. կինոյի ռեժիսուրայի մասնագիտությամբ իր կրթությունը շարունակել է Էքս-ան-Պրովանսի համալսարանում՝ միաժամանակ հաջողելով նաև Հաղորդակցություն և լեզվաբանություն ֆակուլտետում՝ երկու բարձրագույններն էլ ավարտելով 1988 թ․։ Նույն տարիներին հաճախել է նաև հայագիտության դասընթացների:

Տեղափոխվել է Փարիզ և 1988-1990 թթ. ուսանել և ավարտել է Սորբոնի համալսարանի Արվեստի ֆակուլտետի Կինեմատոգրաֆիայի և տեսադիտարվեստի (Etudes cinématographiques et audiovisuelles) բաժինը` պաշտպանելով «Հայկական ինքնությունը Սերգեյ Փարաջանովի աչքերով Սայաթ Նովա ֆիլմում» թեմայով ավարտաճառը:

Փարիզում ակտիվորեն ներգրավվել է հայկական համայնքի կյանքում, «Ապրիլի 24» միջոցառումների կազմակերպիչերից էր։ Շարունակել է քաղաքական, հասարակական գործունեությունը տարբեր ժողովների, հավաքների, ցույցերի շրջանակում: Ղարաբաղի շարժման առաջին օրից կազմակերպել է հարյուրավոր ձեռնարկներ, իրականացրել դասախոսություններ։

1988 թ. Սարգիսն ու իր ընկերները Փարիզում հիմնել են «Արցախի օգնություն» կազմակերպությունը: Մարսելում, Լիոնում, Փարիզում, Բրյուսելում, Ամստերդամում, Ուտրեխտում, Ալմելոյում հայրենիքին օգնելու կոչերով էր հանդես գալիս` ընդգծելով. «Իմ նման եզակի անհատների ջանքերով շատ մեծ բան չի կատարվելու, ողջ հայ ժողովրդի հետաքրքիր աշխուժությունն ու գործունեությունն է կարևոր ... նյութականից զատ շատ ավելի քաղաքական-հասարակական, հանրային հայկական ճնշում [է պետք] բանեցնել մեր ապրած երկրների իշխանությունների վրա, այդպես կարող ենք. նրանց հաստատ համահայկական դիրքորոշման մղելու աշխատանքն է հետաքրքրում»: Կապեր է հաստատել հայաստանյան տարբեր կազմակերպությունների հետ՝ սփյուռքի միջոցներով զինվորական համազգեստներ, բժշկական և անհրաժեշտ այլ պարագաներ հայրենիք հասցնելու համար։

1990 թ․ Սարգիս Հացպանյանը Սերգեյ Փարաջանովի հրավերով Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան։ Նրանք ծանոթացել էին Փարիզում, երբ Սարգիսը Սորբոնում էր սովորում ու առաջարկել էր համատեղ աշխատել իր նոր ֆիլմի վրա։

1990-ականների սկզբին Սարգիս Հացպանյանը ծանոթանում է Լեոնիդ Ազգալդյանի հետ, անդամագրվում վերջինիս ջանքերով 1991 թ. հիմված Ազատաագրական Բանակին` ծառայելով Մարտակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և այլ շրջաններում կայացած մարտական գործողություններին և՛ որպես զինվոր, և՛ որպես պատերազմի վավերագրող, զուգահեռաբար իրականացնելով Սփյուռքում հավաքագրված մարդասիրական օգնության կազմակերպումն և փոխանցումը: Նա ուղեկցում էր արտասահմանից Արցախ ժամանած պատվիրակություններին, անհատներին` միջազգային հանրությանը ներկայացնելով Արցախյան հարցի պատմական հիմքերն ու նրբությունները:

1993 թ. ամերիկահայ Վարուժան Քարյանի հանդիպումը Սարգիս Հացպանյանի հետ խոր ազդեցություն է գործում վերջինիս վրա: Լոս Անջելես վերադառնալուց հետո, Սարգսի գործունեությամբ ոգեշնչված, հայրենիքն աջակցելու նպատակով Վարուժանն ընկերների հետ հիմնել է «Հայրենիք» միություն բարեգործական կազմակերպությունը, որի հայաստանյան ներկայացուցիչը շուրջ տասը տարի կամավորական հիմունքներով եղել է Սարգիսը։

Սարգիս Հացպանյանը եղել է բարեգործական մի շարք այլ կազմակերպությունների (Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Շվեդիա) ներկայացուցիչը Հայաստանում: Տնետուն շրջում էր, տեսնում՝ ով ինչ կարիք ունի, ամեն ինչ մանրամասն գրի առնում, հետո՝ սփյուռքից բերված օգնությունն անձամբ հասցնում էր մարդկանց։ Ծնողազուրկ երեխաներին հատուկ էր վերաբերվում՝ յուրաքանչյուրի անունն ու պատմությունը գիտեր։ Միևնույն ժամանակ սփյուռքում իրեն ճանաչող հայերին միավորում էր, կազմակերպում, որ օգնեն Հայաստանին։

«Հայրենիք» միության ֆինանսավորմամբ և Սարգիս Հացպանյանի կազմակերպչական նախաձեռնություններով բազմաթիվ ծրագիրներ են իրականացվել, այդ թվում` Արցախի Կուսապատ գյուղում վաղամեռիկ Վարուժան Քարյանի անվան դպրոցի հիմնանորգումը:

1995 թ. Հայաստանում Սարգիսն ամուսնանում է Հասմիկ Պողոսյանի հետ, ունենում երկու զավակ` Մարիամ Արփին ու Նաիրի Արեգը: Երկար տարիներ եղել է Ջերմուկ Մայր գործարանի համասեփականատեր, մուսալեռցի գործարար Կայծակ Զեյթլյանի լիազոր ներկայացուցիչը: Աշխատանքին զուգահեռ Սարգիսը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել. հոդվածներ է տպագրել, հեռուստատեսությամբ ելույթներ ունենեցել: Հայոց պատմության, Հայկական հարցի թեմաներով պարբերաբար դասախոսություններով հանդես է եկել Նարեկացի արվեստի կենտրոնում, Գիտությունների ազգային ակադեմիայում:

Հանկարծահաս հայտնաբերված ծանր հիվանդության դեմ պայքարելու նպատակով Սարգիսը տեղափոխվել է Լիոն։ Կյանքի վերջին օրերին Լիոնի հիվանդանոցում նրան է այցելել Ամերիկայի պոլսահայ միության ներկայացուցիչը` պարգևատրելով «Հրանտ Դինք» շքանշանով:

2018 թ. հունվարի 20-ին Լիոնի հիվանդանոցում կյանքից հեռացավ Սարգիս Հացպանյանը: Նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Սարգիս Հացպանյանը հետմահու պարգևատրել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, «Ֆիդայիներ» կազմակերպության նույնանուն մեդալով: «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ կառուցված Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կետրոնն անվանակոչվել է Սարգիս Հացպանյանի անունով:

Չնայած բազմաթիվ դժվարությունների, խոչընդոտների, պարբերաբար կյանքին սպառնացող վտանգների ու բանտարկությունների` Սարգիս Հացպանյանը չկոտրվեց` շարունակելով իր պայքարը հանուն ավելի լավ Հայաստանի։ Հայաստանը նրա համար երազանք չէր, այլ ամենօրյա գործ՝ իր կյանքի իմաստն ու նպատակը։

Սարգիս Հացպանյանի կենսագրական տվյալները վերցված են նրա ձեռագիր «Ինքնակենսագրություն»-ից, որը ՀՑԹԻ-ին է տրամադրել Հացպանյանների ընտանիքը՝ Հասմիկը, Մարիամն ու Նաիրին։

Նյութը կազմել է ՀՑԹԻ գիտքարտուղար, պ.գ. թ. Նարինե Մարգարյանը:






Սարգիս Հացպանյանը Ալեքսանդր Թամանյանի թոռան` կրտսեր Ալեքսանդր Թամանյանի հետ


Ծերունն իր քույրերի՝ Մարիամի և Խանումի (նստած) հետ


Ալեքսանդրետ քաղաքի համայնապատկեր


Տեսարան Ալեքսանդրետ քաղաքից
ՀՑԹԻ հավաքածու


Սարգիս Հացպանյանը Շեյխա Խանումի հետ (Քարվաճառ, 1 ապրիլի, 1993թ.)
1993 թ․ ապրիլին` Քարվաճառի ազատագրության օրերին, քաղաքում մնացել էին հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։
Նրանց մեջ առանձնանում էր 81-ամյա Շեյխա Խանումը՝ բանաստեղծ, աշուղ և բանասաց։ Այդ օրերին ադրբեջանցիները տարածում էին, թե հայերը սարսափելի սպանդ են գործում խաղաղ բնակչության վրա։
Լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Ռուբեն Մանգասարյանը, Ֆրանսիայից եկած լրագրողներ այցելում են Քարվաճառ, լուսանկարում, զրուցում նրանց հետ և տեսագրում։
Շեյխա Խանումը պատմում, որ հայ կամավորները հոգատար էին իրենց նկատմամբ՝ ավելի, քան իր որդիները, որոնք փախել էին` թողնելով մորն անպաշտպան։
Զավեն Խաչիկյանն աննկատ լուսանկարել է նրանց զրույցի ժամանակ: Ֆրանսիայի «Libération» թերթը հրապարակել լուսանկարը՝ ընդգծելով հայ զինվորիների մարդասիրությունը:
Դրանից մեկ օր անց թուրքական «Milliyet» թերթում հրապարակվել է հոդված` նշելով, որ Քարվաճառում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ենթարկվել են սպանդի։
Հոդվածին կից զետեղված է եղել նույն լուսանկարը` հակառակ մեկնաբանությամբ և այն կեղծ տեղեկատվությամբ, թե
Քելբաջարից փախած ադրբեջանցի տատիկը գրկում և համբուրում է իր թոռնիկին՝ ասելով․ «Գնա՛, որդյակ իմ, մեր վրեժն առ հայերից»։
Պատերազմից տարիներ անց Միջազգային Կարմիր խաչն այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար և մեծ տպաքանակով տարածել բոլոր այն երկրներում, որտեղ իրենց կազմակերպությունը ներկայացված է։
2007 թ. USAID-ի ֆինանսավորմամբ «Ինտերնյուս»-ը «Մոր ձեռքերը» վերնագրով ֆիլմ է նկարահանել Գարեգին Խումարյանի և Նինո Մաիսուրաձեի համահեղինակությամբ,
որը նույնպես արժանացել է մրցանակների։ Ֆիլմն ավարտվում է Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությամբ, որն ընթերցում է Սարգսի դուստրը` Մարիամը։


Սարգիս Հացպանյանի անձնական գրադարանը


Սարգիս Հացպանյանի անձնական գրադարանը






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am