20.01.2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս են տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Scopus-ում ինդեքսավորված International Journal of Armenian Genocide Studies (IJAGS) գիտական հանդեսի 2025 թվականի 1-ին և 2-րդ համարները։
Հանդեսի 2025 թ. համարների հոդվածները ներկայացնում են ցեղասպանագիտության արդի հետազոտական տարբեր ուղղությունները և աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ։ Դրանք ընդգրկում են Հայոց ցեղասպանության պատմության, իրավական և քաղաքական ընկալումների, հիշողության ուսումնասիրությունների, ցեղասպանագիտության ժամանակակից մոտեցումների, նաև սովի` որպես ցեղասպանական գործողության վերաբերյալ գիտական հետազոտություններ (Արցախի օրինակով)։ Հոդվածները հեղինակել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտնականները։
2025 թվականի երկրորդ համարը հատուկ համար է, որում ընդգրկված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի` 2024 թվականին կազմակերպած «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» միջազգային գիտաժողովի զեկույցներից ընտրված մի շարք հոդվածներ։ Այս հատուկ համարը միավորում է միջազգային փորձագիտական մոտեցումները և գիտական վերլուծությունները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի քաղաքական, իրավական և հասարակական ակտիվության վերաբերյալ: Հատուկ համարի խմբագիր` Էդիտա Գզոյան և հրավիրյալ խմբագիր` Ժուլիեն Զարիֆյան:
International Journal of Armenian Genocide Studies-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անգլալեզու գիտական հանդեսն է և նպատակ ունի զարգացնելու միջազգային գիտական երկխոսությունը Հայոց ցեղասպանագիտության ոլորտում՝ ապահովելով բարձրորակ ու միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հրապարակումներ։
Համարները հասանելի են առցանց՝
https://agmipublications.am/index.php/ijags/issue/view/16
https://agmipublications.am/index.php/ijags/issue/view/21/1