22.04.2026
Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ՝ 2025 թ. աշնանը մեկնարկած «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը համակարգողական (կուրատորական) գործունեության մեջ» (COREM) կրթական ծրագրով նախատեսված ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրության խորագիրն էր՝ «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում», որը պատրաստել և իրենց ընկերներին ու ուսուցիչներին էին ներկայացնում ծրագրի մասնակից 27 աշակերտները՝ Երևանի 4 դպրոցներից: Նրանք, ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ, նախապես ուսումնասիրել, ընտրել և համադրել էին լուսանկարներ, թանգարանային նմուշներ: Այդ օրը երեխաները ցուցահանդես-վաճառքի էին հանել նաև ծրագրի աշխատարանների ընթացքում իրենց ստեղծած աշխատանքները՝ նուրի և ակլատիզ տիկնիկներ, ազգային նախշերով ձեռագործ գոտիներ ու ծաղկաթերթիկներից պատրաստված վերամշակված թղթեր:
Ցուցադրություն-վաճառքի ողջ հասույթը, ծրագրի նախագծին համապատասխան և մասնակից փոքրիկների հավանությամբ, ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքներին:
Հիշեցնենք մինչ այս ամսի 4-ին դպրոցականները ունկնդրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացել էին ցուցադրություններին: Իսկ ամսի 11-ին պատրաստել էին տիկնիկներ գոտիներ և ծաղկաթերթեր, որոնք էլ հենց հանվել էին վաճառքի: