22.05.2024
Այսօր՝ մայիսի 22-ին, կլրանար նշանավոր շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակը:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականների՝ Միշա (Մամիկոն) Ազնավուրյանի և Քնար Բաղդասարյանի ընտանիքում: Շառլի ծնողները արտիստներ էին. մայրը՝ դերասանուհի, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը հայկական թերթի համար մշակութային հոդվածներ էր գրում։
Հայոց ցեղասպանության տարիներին Շառլ Ազնավուրի մոր՝ Քնար Բաղդասարյանի ամբողջ ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները սպանվել են: Ազնավուրի մայրը փրկվել է միայն նրա շնորհիվ, որ մեկնել էր տատիկի մոտ Կոստանդնուպոլիս ուսանելու։ Իսկ հայրն, ունենալով ռուսական անձնագիր, կարողացել էր ընտանիքի հետ նավով գաղթել Հունաստան, որտեղ 1923 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա և այնտեղ էլ ծնվել է Շառլ Ազնավուրը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին:
1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր, և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ 1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- ահա այս խոսքերն է ասել Շառլ դը Գոլն Ազնավուրի մասին:
Աշխարհահռչակ շանսոնիեն նկարահանվել է նաև կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962) և այլն։ 2002 թվականին նա հանդես է եկել գլխավոր դերում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը վտարանդի հայ ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է ժխտողականության ֆոնի վրա հավաքական հիշողությունը վերականգնելու դժվարություններին: Ֆիլմում հնչում են Շառլ Ազնավուրի հետևյալ խոսքերը.
«Ամբողջ կյանքում ես ուզում էի նկարահանել մեր պատմությունը, մեր տառապանքը: Այժմ մենք նկարահանում ենք այս ֆիլմը»:
Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։
Հայազգի շանսոնիեն նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, բարձր ամբիոններից և բեմերից խոսել է Հայոց ցեղասպանության մասին, պատմել ցեղասպանությունից մազապուրծ իր ծնողների պատմությունը: 1995 թվականին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան և մշտական պատվիրակ։
Շառլ ազնավուրը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում:
«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», - ասել է Էմանուել Մակրոնը Ազնավուրի հուղարկավորության ժամանակ: