23.01.2026
Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանի և Մեքսիկայում ՀՀ գործերի հավատարմատար Հայկ Հակոբյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մեքսիկայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: