23.05.2025
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ
Դպրոց՝ Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջ, 1-ին կուրս
Մայիսի 23-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջի սաները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ» վերնագրով դասախոսությունը:
Սուրեն Մանուկյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ շեշտը դնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը իրականացնողների հիերարխիան ներկայացնելուն: Աշակերտների հետ քննարկումների միջոցով ցույց տրվեց հիմնական որոշում կայացնողների՝ Օսմանյան պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի, տեղական կազմակերպիչների՝ վալիների, մութասարիֆների, տեղական ոստիկանապետերի, ժանդարմերիայի ղեկավարության, կրոնական առաջնորդների և «շարքային» մարդասպանների միջև եղած կապերն ու փոխազդեցությունները: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջի գրադարանին: Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: