23.05.2026
Մայիսի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Ուրուգվայի հայկական համայնքի ձևավորման և Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմող «Միասին աշխարհում» ֆիլմը։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիլմի հեղինակներից Սերգեյ Սանոյանը։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքահայ համայնքների՝ պատմական հիշողության պահպանման, ինքնության ձևավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած կարևոր դերակատարությանը։
Իր խոսքում Սերգեյ Սանոյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր ՀՑԹԻ-ում ֆիլմի ցուցադրումը, քանի որ կրկին հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր մագիստրոսական աշխատանքը մի հաստատությունում, որը կրում է հիշողություն, արժանապատվություն և հսկայական հուզական ուժ։
Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Նարե Հակոբյանին, ներկա ուսանողներին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմին՝ կարևոր պահը միասին կիսելու և ոգեշնչող մթնոլորտ ստեղծելու համար։