23.07.2025
Հուլիսի 22-ից 23-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոցը, որին այս տարի մասնակցեցին շուրջ երեք տասնյակ ուսուցիչներ Երևանից և տարբեր մարզերից: Այս օրերի ընթացքում ՀՑԹԻ-ից և այլ ուսումնական հաստատություններից ցեղասպանագիտության և հարակից ոլորտների մասնագետները ուսուցիչներին ներկայացրեցին Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների վերաբերյալ շուրջ տասնհինգ դասախոսություն:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ակտիվ մասնակցության համար, հույս հայտնեց, որ նրանք իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն ոչ միայն «Հայոց պատմություն» կամ «Հասարակագիտություն» առարկաների շրջանակներում, այլ նաև նախաձեռնողականություն կդրսևորեն՝ իրենց դպրոցներում դասավանդելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմած և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացը: Ապա ավելացրեց, որ այս ուղղությամբ ՀՑԹԻ հաջորդ քայլը կլինի այդ դասընթացի ձեռնարկի ստեղծումը: Ինեսա Ստեփանյանը ևս շնորհավորեց ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց ծրագրին դիմելու ու մասնակցելու համար, ապա վստահություն հայտնեց, որ կապը ուսուցիչների և ՀՑԹԻ միջև շարունակական կլինի: