24.07.2026
2026 թ. հուլիսի 22-23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ շուրջ 30 ուսուցիչների մասնակցությամբ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։
Ծրագրի նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի գիտական մոտեցումները և թեմայի դասավանդման արդյունավետ մեթոդները՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Երկօրյա դասընթացի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները և հրավիրված մասնագետները ներկայացրին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, ժողովրդագրական և հասարակագիտական տարբեր ասպեկտները։ Մասնակիցները մասնավորապես ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին հանրային գիտելիքի արդի մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային ճանաչմանն ու ժղտողականությանն առչվող խնդիրներին։
Ծրագրում ընդգրկված էին նաև դասախոսություններ՝ նվիրված այլ ժողովուրդների ցեղասպանություններին, ժամանակակից աշխարհում ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների դրսևորումներին ու կանխարգելման հիմնախնդիրներին, արհեստական բանականության դարաշրջանում ի հայտ եկող նոր մարտահրավերներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կրթական գործնական աշխատանքներին։
Ամառային դպրոցի առաջին օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։ Երկրորդ օրը նրանք շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։