24.11.2026
2026 թ. նոյեմբերի 27-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության իրագործումը Սիրիայի և Միջագետքի անապատներում՝ որպես փուլային դրսևորում. բնաջնջման գործընթաց և եղանակներ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Այն նվիրված է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Սիրիայի և Միջագետքի անապատներ հարկադրաբար տեղահանված հայերի զանգվածային ու կանխամտածված բնաջնջման 110-րդ տարելիցին։
Միջոցառման նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել և գիտական շրջանառության մեջ դնել Օսմանյան կայսրության իշխանությունների կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանության՝ դեռևս ոչ բավարար չափով հետազոտված այս փուլը՝ անդրադառնալով տեղահանության և կոտորածների վերջնահանգրվանային շրջաններին, բնաջնջման կազմակերպման մեխանիզմներին և կիրառված եղանակներին։
Քննարկումների առանցքում կլինեն տեղահանության և բնաջնջման օրենսդրական հիմքերը, քաղաքական որոշումներն ու սպանության հրամանները, օսմանյան պետական կառույցների դերակատարությունն ու վարչարարությունը, տեղահանության երթուղիների քարտեզագրումը, բնաշխարհի գործոնը բնաջնջման գործընթացում, գետերն ու լեռնային կիրճերը՝ որպես զանգվածային սպանությունների վայրեր, ինչպես նաև բնաջնջման տարբեր եղանակները։ Առանձին ուշադրություն կդարձվի քաղցին, համաճարակներին և հյուծմանը՝ որպես կանխամտածված բնաջնջման մեթոդների։
Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Գիտաժողովի ծրագիրը