24.12.2025
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի իտալախոս այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայոց ցեղասպանության պատմությանը իրենց մայրենի լեզվով. լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագրքի իտալերեն տարբերակը: Այն ներառում է արժեքավոր փաստեր, պատմական վավերագրեր, միջազգային մամուլի արձագանքներ և եզակի լուսանկարներ, որոնք համապարփակ ներկայացնում են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հանցագործությունը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանում Իտալիայի դեսպանատանը՝ ծրագրին աջակցելու համար, ինչպես նաև Կարլո Կոպպոլային, Սիրանուշ Կուարանտային և Շուշան Խաչատրյանին՝ պատկերագրքի թարգմանության և խմբագրական բծախնդիր աշխատանքի համար։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքն արդեն հասանելի է 6 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն և իտալերեն: