24.05.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ թուրքագետ, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանի “Humanismus und christliche Barmherzigkeit: Geschichte der deutschen Missionen für die Armenier im Osmanischen Reich 1896–1919” [Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն. Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը (1896–1919 թթ.)] գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է գերմանական ավետարանական վեց առաքելությունների, ինչպես նաև գերմանական կաթոլիկ շրջանակների՝ Օսմանյան կայսրության հայերի շրջանում 1896-1919 թթ․ ծավալած գործունեության մասին։
Գրքի ստեղծման մասին խոսելիս հեղինակը նշեց, որ Օսմանյան կայսրությունում գերմանական մարդասիրական առաքելությունների գործունեությունը սկսել է ուսումնասիրել հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատելու տարիներին, որն այնուհետև շարունակել է Գերմանիայում: Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված այս գրքում ուշագրավ մանրամասներ կան ինչպես համիդյան ջարդերի, այնպես էլ Հայոց ցեղասպանության տարիներին գերմանական առաքելությունների գործունեության, նրանց որբահավաք և որբախնամ աշխատանքների մասին: Լինելով Օսմանյան կայսրության դաշնակից պետության քաղաքացիներ՝ այնուամենայնիվ հայկական կոտորածների ժամանակ այս առաքելությունների գերմանացի անդամներն իրենց դրսևորում էին իսկական քրիստոնյաների պես՝ շատ հաճախ դեմ գնալով իրենց պետության պետական քաղաքականությանը: