25.06.2026
Վերսկսվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի իրականացման առաջին փուլում այս տարի ավարտվել են հուշակոթողի տասներկու մույթերից երեքի և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվել են նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են ջրամբար և պոմպակայան, ինչը հնարավորություն է տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։
Ծրագրի իրականացման երկրորդ փուլում՝ վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ Ըստ ծրագրի՝ այնուհետև փուլ առ փուլ վերանորոգվելու են մնացած բոլոր մույթերը։ Աշխատանքներ են կատարվելու նաև թանգարան-ինստիտուտի տանիքի մնացած մասի վերանորոգման ուղղությամբ։
Շինարարական աշխատանքները իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ը, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած բաց մրցույթում։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականանում է «Սեյսմշին» ՍՊԸ-ը, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարն է Սաշուր Քալաշյան, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը շարունակելու են գործել բնականոն ռեժիմով և բաց են լինելու այցելուների, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների համար։
Հիմնանորոգման ծրագրի իրականացումը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող այս նշանակալի հուշակոթողի պահպանման, արժևորման և ապագա սերունդներին փոխանցման գործում։