27.05.2025
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին պարոն Ռոբերտ Ֆիցոն շրջեց Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկեց արծաթափայլ եղևնի: