27.05.2026
Մայիսի 19-ին, որը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք մատուցվեց այդ մեծագույն ողբերգության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյան:
Մի քանի օր անց՝ մայիսի 23-ին ՀՑԹԻ-ում ցուցադրվեց թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում ապրող ծպտյալ հույների ճակատագրի մասին՝ անդրադառնալով ինքնության, հիշողության և լռության ծանր թեմաներին։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանի հունական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա բարձր գնահատեց մեր երկրի կյանքում հույն համայնքի դերակատարումը, անդրադարձավ Պոնտոսի տարածաշրջանում ապրող հույն ժողովրդի ճակատագրի ողբերգական էջերին, հիշատակեց մշակութային և կրոնական այն վայրերն ու կոթողները, որոնք այսօր այլևս չեն պատկանում իրենց երբեմնի տերերին, կարևորեց հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր խոսքում շնորհակալություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած միջոցառման համար, նշեց, որ պատմության դասերը պետք է միտված լինեն ավելի ապահով ու խաղաղ ապագային և նման ողբերգությունների բացառմանը: Մինչ ֆիլմի մեկնարկը ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ հայ և հույն ժողովուրդները, իրենց պատմության մեջ կրելով ցեղասպանության ծանր փորձառությունը, մշտապես եղել են միմյանց կողքին։