27.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 29-ից 31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցելու է ավելի քան 50 հետազոտող՝ աշխարհի տարբեր երկրներից։
Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունները միտված են փաստագրելու և վերլուծելու 1915–1923 թթ. Օսմանյան կայսրության հայ բնակչության համակարգված ոչնչացումը: Այս գիտակարգի (Հայոց ցեղասպանագիտություն, եղեռնագիտություն) ակունքները հասնում են դեռևս զանգվածային կոտորածների ժամանակաշրջան, երբ հայ հետազոտողները, որոնցից շատերը վերապրողներ էին, սկսեցին վավերագրել Մեծ եղեռնը հուշագրությունների ու աղբյուրագիտական և փաստական արձանագրումների միջոցով:
Ինչպես երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո սփյուռքահայ հայրենակցական միությունները շարունակեցին այս աշխատանքը՝ ցեղասպանության մասին հիշողությունները վավերագրելով պատմագրքերում և հուշամատյաններում: 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան, 1960-ական թթ. Ազգային զարթոնքը, 1970–80-ականների բանավեճերը, Հոլոքոստի թեմայի ուսումնասիրությունների զարգացումը էլ ավելի նպաստեցին Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունների կայացմանը՝ որպես միջգիտակարգային հիմնարար ոլորտի:
Ներկայումս այս ոլորտի հետազոտողները ոչ միայն փաստում և վերլուծում են Հայոց ցեղասպանության՝ պատմական իրողություն լինելը, այլև ներգրավվում են առավել ընդգրկուն թեմաներում, որոնք առնչվում են հիշողությանը, արդարությանը, ժխտողականությանը, ազգային ու համաշխարհային նարատիվների վրա ցեղասպանության երկարաժամկետ ազդեցությանը և այլն:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին կազմակերպվող այս գիտաժողովը, հրավիրում է ոլորտի հետազոտողներին վեր հանելու Հայոց ցեղասպանագիտության ոլորտում առկա մարտահրավերները, ուղենշելու բացթողումներն ու ապագայում արվելիք ուսումնասիրությունների ուղղությունները: Գիտաժողովը միջգիտակարգային է և նպատակ ունի քննարկելու նաև Հայոց ցեղասպանության` պատմության, քաղաքականության, իրավունքի և այլ ուղղություններով արված հետազոտությունների ազդեցությունն ու ներդրումը ցեղասպանության և զանգվածային բռնությունների մասին ընկալումների ձևավորման վրա:
Գիտաժողովի ծրագիրը հայերեն
Գիտաժողովի ծրագիրը անգլերեն