31.03.2026
Մարտի 31-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Բելգիայի Թագավորության Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Էլս Վան Հոֆի ղեկավարությամբ: Պատվիրակությանն ուղեկցում էին Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Թանգարանի մուտքի մոտ պատվիրակությանը դիմավորել են ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, ինչպես նաև ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռոստամյանը:
Բելգիայի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հյուրերին մանրամասներ են ներկայացվել Հուշահամալիրի մասին, ինչպես նաև պարզաբանումներ տրվել Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ դրվագների վերաբերյալ։
Հուշահամալիրից հետո հյուրերը շրջել են թանգարանում՝ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ: Վերջում նրանք գրառումներ են կատարել թանգարանի հուշամատյանում: