09.09.2026
Սեպտեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելել Գերմանիայից ժամանած երիտասարդներ, որոնք Հայաստանում են գտնվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած «Stronger Together: Civic Engagement, Media and the Power to Create Impact» երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում։
Այցի առաջին հատվածում ծրագրի մասնակիցները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող նյութերին, վկայություններին և արխիվային փաստաթղթերին։
Թանգարանային շրջայցից հետո մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ կրթական հանդիպում-բրիֆինգ։ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչ է ցեղասպանությունը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա հետևանքներին:
Բրիֆինգի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության տարիներին երեխաների ճակատագրին, մասնավորապես՝ երեխաների մի խմբից մյուսը տեղափոխելու, նրանց ինքնության և ընտանեկան կապերի խաթարման խնդիրներին։
Հանդիպման ավարտին ծավալվել է քննարկում, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել մասնագետին ուղղելու իրենց հարցերը, ներկայացնելու դիտարկումներ և մտքեր, ինչպես նաև քննարկելու ներկայացված թեմաների պատմական, հասարակական և արդի նշանակությունը։
Այցը ծրագրի մասնակիցների համար կարևոր կրթական և ճանաչողական փորձառություն էր՝ հնարավորություն տալով խորացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքները, գիտակցելու պատմական հիշողության պահպանման կարևորությունը և անդրադառնալու ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանը։