Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Главная
Главная
Миссия
Обращение директора
Контакты
Армения накануне Геноцида
История Армении
Фотоматериалы
Интеллигенция
Геноцид армян
Что такое Геноцид
Геноцид армян
Хронология
Фотографии
100 фотоисторий
География
Этноцид
Помни
Документы
Американские
Британские
Немецкие
Российские
Французские
Австрийские
Турецкие

Изучение Геноцида
Библиография
Истории выживших
Свид. очевидцев
Пресса
Цитаты
Публичные лекции
Признание
Государства
Межд. организации
Региональные парламенты
Общественные петиции
События МИГА
Делегации
Электронная газета Музея
Статьи
Новости
Конференции
Ссылки
   Музей
О музее
Посещение
Постоянная экспозиция
Временная экспозиция
Он-лайн экспозиция  
Передвижная выставка  
Памятные открытки  
   Институт
Задачи и намерения
Публикации
Журнал  
Библиотека
Kоллекция МИГА
   Цицернакабердский Мемориал
Описание и история
Аллея памяти
День памяти
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՌԱՍԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ



Էդիտա Գզոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

jihad

Հայ տարագիրներ, 1915 թ.
Armin T. Wegner © Wallstein Verlag, Germany.
Հոդվածը վերաբերում է ցեղասպանության ժխտման իրավական կարգավորմանը: Ներպետական և միջազգային իրավունքում ցեղասպանության ժխտումը նույնացվում է ռասիզմի և «ատելության սերմանման (քարոզի)»(1) հետ, որոնք դասվում են ծանր հանցագործությունների շարքում: Աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ միջազգային հանրային իրավունքի մի շարք դրույթներ ևս արգելում են ցեղասպանության, այդ թվում` նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:

Հայերի դեմ 1915-23 թթ. իրականացված ցեղասպանության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից սկսվել է հանցագործությունից անմիջապես հետո: Չնայած Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ բազմաթիվ փաստերի առկայությանը` թուրքական իշխանությունների կողմից ժխտողականությունը շարունակվում է մինչև այսօր:(2)

Ժխտողական քաղաքականությունն իրականացվում է երկու հիմնական ուղղություններով` արտաքին քաղաքականության և ակադեմիական շրջանակների միջոցով, որոնք անմիջականորեն ֆինանսավորվում են կառավարության կողմից: Արտաքին քաղաքականության բնագավառում թուրքական իշխանություններն իրենց առջև հստակ նպատակ են դրել վերափոխել պատմությունը և վերահսկել Թուրքիայի ապագան(3): Իսկ ակադեմիական շրջանակները քաղաքագետների համար գիտական հարթակ են նախապատրաստում` Հայոց ցեղասպանության մերժման վերաբերյալ պնդումներն առաջ մղելու համար: (4)

Առանձնացնելով ցեղասպանության ժխտման 12 հնարավոր մարտավարություններ` հրեա հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին նշում է, որ դրանք բոլորն էլ շարունակաբար կիրառվում են թուրքական իշխանությունների կողմից(5): Արդյունքում, Հայոց ցեղասպանության ժխտումը վերածվել է հսկայական «արդյունաբերության»` հիմնված «գիտական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների ու սպառնալիքների վրա և ֆինանսավորվում է թուրքական իշխանությունների կողմից»(6):

Ցեղասպանության ժխտումը` որպես ցեղասպանության գործողության վերջին փուլ

Ըստ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գ. Ստենթոնի՝ ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց, որը բաղկացած է 8 փուլից` դասակարգում, սիմվոլացում (խորհրդանշում), դեհումանիզացիա (ապամարդկայնացում), կազմակերպում, բևեռացում, նախապատրաստում, բնաջնջում և ժխտում: Ժխտումը ցեղասպանության 8-րդ փուլն է, որը «մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության»(7): Գիտնականների մի ստվար զանգված կարծում է, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է և պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ(8):

Թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը հանգեցնում է հայ ազգաբնակչության հանդեպ նոր բռնությունների: Ժխտողականության յուրաքանչյուր դրսևորում նպաստում է հայատյացության` որպես ռասիզմի արմատացմանը Թուրքիայում:

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրականացվող հակահայկական բողոքի ցույցերը Թուրքիայում և աշխարհի մյուս վայրերում ակնհայտորեն մատնանշում են հայերի դեմ առկա թշնամությունը: Ադրբեջանի կողմից հնարված այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանության» տարելիցի կապակցությամբ Թուրքիայում 2012 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած ակցիաները հայատյացության հստակ դրսևորում էին: Պաստառներից շատերը հայերի դեմ բացահայտ բռնության կոչեր էին պարունակում. «Այսօր` Թաքսիմը, վաղը` Երևանը. մենք կհարձակվենք ձեր վրա հանկարծակի, գիշերով», «Արարատը կդառնա ձեր գերեզմանը», «Դուք բոլորդ հայեր եք, բոլորդ վիժվածքներ եք» և այլն(9):

2012թ. Ֆրանսիայի պառլամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո տարբեր երկրներում տեղի ունեցած բողոքի ակցիաները Թուրքիայի պատմության արյունալի էջերի հանդեպ հպարտության նոտաներ էին պարունակում, ինչը նույնպես ժխտողականության հերթական դրսևորում էր(10): Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ տրամադրություններն էլ ավելի են սրվում:

Ցեղասպանության ժխտումը` որպես ռասիզմի դրսևորում

Ռասիզմը սահմանվում է որպես «Համոզմունք կամ նախապաշարմունք տվյալ ռասայի գերակայության վերաբերյալ` հիմնված այլ ռասաների հանդեպ թշնամանքի վրա»(11): Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) բացատրական ակտը մատնանշում է, որ ռասիզմը ներառում է նաև այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` քսենոֆոբիան, հակասեմիթիզմը և անհանդուրժողականությունը: Միաժամանակ ակտը նշում է, որ ցուցակն ամբողջական ու վերջնական չէ(12):

Նշված սահմանումները մեկ միասնական գաղափար են պարունակում, այն է` ատելությունը որոշակի խմբի նկատմամբ: Ցեղասպանության հանցագործությունը ներառում է ռասիզմի տարր, քանի որ, ինչպես մատնանշված է սահմանման մեջ, այն ուղղված է որոշակի ազգային, ռասայական, էթնիկական, կրոնական խմբի դեմ(13): Ցեղասպանության ժխտումը կրկին հանգեցնում է նրան, որ զոհերի խումբն առանձնացվում է, և տվյալ խմբի հանդեպ նախկին ատելությունն ու անցյալի ժխտման անհրաժեշտությունը կրկնապատկում են նրանց հանդեպ թշնամանքը` որակվելով որպես ռասիզմ:

Այսօր մի շարք ազգային և միջազգային դատական որոշումներում Հոլոքոստի ժխտումը որակվում է որպես ռասիզմի դրսևորում(14): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ Հոլոքոստի ժխտումը «ռասայական խտրականության ամենալուրջ դրսևորումն» է(15): ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կոնվենցիային կից Մարդու իրավունքների հանձնաժողովի պնդմամբ Հոլոքոստի ժխտումը հակասեմիթիզմի տարածման կարևորագույն լծակ է(16):

Չնայած նրան, որ հակասեմիթիզմի մասին տեղեկացվածության մակարդակը բավական բարձր է, հայատյացության հանդեպ հանդուրժողականությունը տարածված երևույթ է և «քաղաքական առումով ընդունելի է համարվում Հայոց ցեղասպանության ժխտումը»(17): Մինչդեռ Թուրքիայում հայատյացությունը բավական երկար տարիների պատմություն ու տեսական հիմք ունի: Ինչպես ասում էր թուրքական ազգայնական շարժման գաղափարախոսներից մեկը`Դոկտոր Նազըմը. «անհրաժեշտ է ոչնչացնել հայ ազգը ամբողջությամբ, այնպես որ ոչ մի հայ երկրագնդի վրա չմնա, և Հայաստան կոչված գաղափարը վերանա»(18):

Չնայած Հոլոքոստի հետ առկա բազմաթիվ նմանությունների Հայոց ցեղասպանության ժխտումն ավելի վտանգավոր ու խտրական է, քանի որ, ի տարբերություն հրեաների ցեղասպանության, Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել այն իրականացրած պետության` Թուրքիայի կողմից: Ավելին, Թուրքիան շարունակում է եռանդուն կերպով ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը հիմք է ծառայում հայերի հանդեպ ատելության ու թշնամանքի ուժեղացմանը: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է Թուրքիայում բարձրացնել հայկական խնդիրը, հետապնդվում է քրեական օրենսգրքի 301 հոդվածով` մեղադրվելով «թուրք ժողովրդին վիրավորելու» մեջ(19): Թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ավելի է սրում թուրք հասարակության մեջ հակահայկական տրամադրությունները, ինչի վառ օրինակներից է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ինչին հետևեցին հետագա բռնությունների կոչեր պարունակող ակցիաներ. «Գորշ գայլերն այստեղ են, որտե՞ղ են Հրանտները»(20):

Ցեղասպանության ժխտումը ներպետական և միջազգային իրավունքում

Որոշ երկրների ներպետական օրենսդրություններ քրեորեն պատժելի են համարում ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ իրագործված և պատերազմական այլ հանցագործությունների ժխտումը: Մի շարք երկրներ ընդունել են օրենքներ, որոնք բացահայտորեն պատժում են Հոլոքոստի (21) և/կամ այլ ցեղասպանությունների ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը(22): Կան նաև երկրներ, որտեղ օրենսդրական ակտերը թեև ակնհայտորեն չեն քրեականացնում ցեղասպանության ժխտումը, սակայն այդ արարքը պատժվում է այլ ընդհանուր դրույթներով, որոնք վերաբերում են «ատելություն սերմանող»(23) կամ ռասիստական արտահայտություններին(24):

Ցեղասպանության ժխտումը պատժելի է նաև միջազգային իրավունքում: Թեև Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան բացահայտորեն չի անդրադառնում ցեղասպանության ժխտմանը, սակայն կոնվենցիայի նախնական տարբերակը դրույթներ էր պարունակում «ատելություն քարոզող» կամ «ռասիզմ սերմանող» հայտարարությունների վերաբերյալ: Ատելության սերմանումն արգելված է նաև մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիաներով: Մարդու իրավունքների վերաբերյալ համաշխարհային դեկլարացիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ «Իրավունքի առջև բոլորը հավասար են և առանց որևէ խտրականության օգտվում են իրավունքի հավասար պաշտպանությունից: Բոլորն ունեն կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանություն ընդդեմ խտրականության բոլոր դրսևորումների կամ խտրականության սադրանքների»(25): Միաժամանակ «խոսքի ազատության իրավունքը ենթակա է այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և նպատակ են հետապնդում ճանաչել և հարգել մյուսների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև` ժողովրդավարական հասարակության մեջ պահպանել ընդհանուր բարեկեցությունը, բարոյականությունն ու հասարակական կարգը»(26):

Դեկլարացիայի հոդված 29(3)-ը սահմանում է, որ ՚իրավունքներն ու ազատությունները ոչ մի կերպ չեն կարող կիրառվել ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների դեմ: Մարդու իրավունքների դեկլարացիայի 30-րդ հոդվածն ընդգծում է, որ «Դեկլարացիայում մատնանշված և ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես իրավունք` խախտելու փաստաթղթով ամրագրված մեկ այլ իրավունք կամ ազատություն»(27): Նշված բոլոր հոդվածները կարող են մեկնաբանվել որպես ցեղասպանության ժխտման արգելում, քանի որ տվյալ դեպքում, հիմնվելով խոսքի ազատության իրավունքի վրա, խախտվում են մյուսների արժանապատվության, համբավի, որոշ դեպքերում նաև կյանքի իրավունքները:

Ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելման մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը բավական լայն պարտավորություններ է սահմանում անդամ-պետությունների համար` ատելություն սերմանող պրոպագանդայի հետ կապված: Քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիան (հոդված 20 (2) պարտավորում է անդամ-պետություններին օրենքով արգելել «ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանելը, ինչը դրդում է խտրականության, թշնամանքի կամ բռնության»(28):

Չնայած խոսքի իրավունքի վերաբերյալ իր բավական լայն տեսլականին` Միջամերիկյան կոնվենցիան 15(5) -րդ հոդվածով նախատեսում է, որ «երբ պատերազմի պրոպագանդան կամ ռասայական ատելության սերմանումը դրդում են բռնությունների, դրանք օրենքով պատժելի հանցանքներ են»(29):

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը մատնանշում է, որ «կոնվենցիայի և ոչ մի դրույթ չի կարող դիտարկվել որպես իրավունք` ներգրավվելու որևէ գործողության մեջ կամ իրականացնելու որևէ գործողություն` միտված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված այլ իրավունքների ու ազատությունների խախտմանը»(30): Եվրոպայի խորհուրդը Կիբերհանցագործության կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրության մեջ, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի 7-րդ ընդհանուր խորհրդատվական բանաձևում բացահայտ անդրադառնում է ցեղասպանության ժխտմանը: Կիբերհանցագործության կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր անդամ-պետություն պարտավորվում է ընդունել օրենսդրական ակտեր` քրեականացնելու համակարգչի միջոցով հասարակության մեջ այնպիսի նյութերի տարածումը, որոնք «ժխտում, էականորեն փոքրացնում, արդարացնում կամ ընդունում են ցեղասպանություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ հանդիսացող գործողություններ, որոնք այդպիսին սահմանված են միջազգային իրավունքով կամ ճանաչվել են Միջազգային քրեական դատարանի կամ միջազգային այլ պարտադիր ուժ ունեցող որոշումներով և իրականացվում են միտումնավոր և անօրինական»(31):

Այսպիսով, ցեղասպանության ժխտումը ռասիզմի և ռասայական խտրականության ձև է, ինչը պատժելի է ինչպես ներպետական որոշ օրենսդրություններում, այնպես էլ միջազգային իրավունքի որոշակի դրույթներով ու նորմերով: Հետևաբար, Հայոց ցեղասպանության ժխտումը, որը նույնպես ներառում է ռասիզմի տարրեր, պատժելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:



Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.


_________________________________________________________________
1-Անգլերեն համարժեքը “Hate speech”:
2-Տե՛ս Theriault H., Genocide, Denial and Domination: Armenian-Turkish Relations from Conflict Resolution to just Transformation, Journal of African Conflicts and Peace Studies (April 2009) pp. 82-96.
3-Տե՛ս Richard Cohen, Killing Truth, The Washington Post, 31 May 1983, p. 81.
4-Տե՛ս David Holthouse, State of Denial Turkey Spends Millions to Cover Up Armenian Genocide, Southern Poverty Law Center Intelligence Report Summer 2008.
5-Տե՛ս Charny I, Templates for Gross Denial of a Known Genocide: A Manual, in The Encyclopedia of Genocide, volume 1, p. 168.
6-http://www.splcenter.org/get-informed/intelligence-report/browse-all-issues/2008/summer/state-of-denial
7-http://www.genocidewatch.org/genocide/8stagesofgenocide.html
8-Այդ մասնագետների թվում են` Ի. Չարնի, Կուլկա, Վիդալ-Նագետ, Ռ. Սմիթ, Է. Մարկուսեն, Ռ. Լիֆտոն և այլն:
9-http://www.hurriyetdailynews.com/ngo-files-complaint-against-minister.aspx?pageID=238&nid=14874
10-http://wn.com/anti-Armenian, http://www.youtube.com/watch?v=enFwWrXxMK4, Armnews, 16. 04. 2012.
11-Տե՛ս Racism and Human Rights, ed. Walden, Raphael , Leiden: Brill Academic Publishers, 2004, p. 8.
12-Տե՛ս ECRI general policy recommendation N°7 on national legislation to combat racism and racial discrimination, 13 December 2002, p.56.
13-Տե՛ս Cassese, Antonio, International Criminal Law, 2nd ed., New York: Oxford University Press, 2008, pp.138-140.
14-Հոլոքոստի թանգարան, ԱՄՆ. “The Holocaust” Holocaust Encyclopedia. http://www.ushmm.org/wlc/en/?ModuleId=10005143. Accessed on {18.04.2012}.
15-Տե՛ս ECmHR Udo Walendy v. Germany, No. 21128/92, decision of 11 January 1995.
16-Տե՛ս Robert Faurisson v. France, Communication No. 550/1993 , U.N. Doc. CCPR/C/58/D/550/1993(1996), para 9.7.
17-Տե՛ս Stephen Zunes,Obama and the Denial of Genocide, March 11, 2010, http://www.fpif.org/articles/obama_and_the_denial_of_genocide
18-Տե՛ս G.S. Graber, Caravans to Oblivion: The Armenian Genocide, 1915, New York: John Wiley, 1996, pp. 87-88.
19-Համաձայն այդ հոդվածի ՝այն անձը, որը հասարակայնորեն զրպարտում է թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, պետք է պատժվի բանտարկությամբ` 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով:
20-Տե՛ս Pinar Öğünç, Evening out One Misery with Another, http://www.hurriyetdailynews.com/evening-out-one-misery-with-another--.aspx?pageID=238&nID=14788&NewsCatID=396
21-Նույն տեղում, էջ 8-9: Նաև` Michael J. Bazyler, Holocaust Denial Laws and Other Legislation Criminalizing Promotion of Nazism, von Oppenheim Research Fellow, International Institute for Holocaust Studies, Yad Vashem Professor of Law, Whittier Law School, California, USA.
22-Տե՛ս R. Smith, Legislating against Genocide Denial: Criminalizing Denial or Preventing Hate Speech, http://beta.genocidepreventionnow.org/Portals/0/docs/smith.pdf Rwanda journalists jailed for genocide denial launch supreme court appeal http://www.guardian.co.uk/world/2012/jan/29/rwanda-journalists-genocide-denial-appeal
23-Ատելության քարոզը հաղորդակցության ձև է, որի միակ նպատակը որոշակի խմբի հանդեպ ատելության ցուցադրումն է, հատկապես այնպիսի հանգամանքներում, երբ հաղորդակցությունը հավանաբար կհանգեցնի բռնության: Այն ատելության սադրանք է որոշակի ռասայական, էթնիկական, ազգային, կրոնական և այլ խմբերի նկատմամբ: http://definitions.uslegal.com/h/hate-speech/
24-Ֆինլանդիան, Հունգարիան, Իտալիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Մալթան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան այն երկրների շարքում են, որտեղ «ժխտողական գաղափարները» կարող են պատժվել հասարակական անդորրի պահպանման կամ ռասիստական նպատակներով պայմանավորված հայտարարությունների կամ վարքի վերաբերյալ ընդհանուր քրեական դրույթներով:
25-Տե՛ս The Universal Declaration on Human Rights, Article 7.
26-Տե՛ս The Universal Declaration on Human Rights, Article 29 (2).
27-Նույն տեղում, հոդված 29 (3):
28-Տե՛ս International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, Article 4.
29-Տե՛ս Inter-American Convention on Human Rights, Article 15 (5).
30-Տե՛ս European Convention on Human Rights, Article 17.
31-Տե՛ս Additional Protocol on Cybercrime, Article 6.





© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Follow us



DONATE

DonateforAGMI
Для сохранения памяти о Геноциде армян

Специальные проекты, осуществляемые фондом "Музей-институт Геноцида армян"

КНИЖНЫЙ МАГАЗИН МИГА

1915
«Книжный мир» Музея-института Геноцида армян

СТИПЕНДИЯ ЛЕМКИНА

Lemkin
МИГА ОБЪВЛЯЕТ СТИПЕНДИЮ ИМЕНИ РАФАЭЛЯ ЛЕМКИНА НА 2022 ГОД
“AGMI” foundation
8/8 Tsitsernakaberd highway
0028, Yerevan, RA
Tel.: +374 39 09 81
    2007-2020 © Музей-институт геноцида армян     Эл.почта: info@genocide-museum.am