Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Главная
Главная
Миссия
Обращение директора
Контакты
Армения накануне Геноцида
История Армении
Фотоматериалы
Интеллигенция
Геноцид армян
Что такое Геноцид
Геноцид армян
Хронология
Фотографии
100 фотоисторий
География
Этноцид
Помни
Документы
Американские
Британские
Немецкие
Российские
Французские
Австрийские
Турецкие

Изучение Геноцида
Библиография
Истории выживших
Свид. очевидцев
Пресса
Цитаты
Публичные лекции
Признание
Государства
Межд. организации
Региональные парламенты
Общественные петиции
События МИГА
Делегации
Электронная газета Музея
Статьи
Новости
Конференции
Ссылки
   Музей
О музее
Посещение
Постоянная экспозиция
Временная экспозиция
Он-лайн экспозиция  
Передвижная выставка  
Памятные открытки  
   Институт
Задачи и намерения
Публикации
Журнал  
Библиотека
Kоллекция МИГА
   Цицернакабердский Мемориал
Описание и история
Аллея памяти
День памяти
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՈՐԲԵՐԻՆ 1915-30 ԹԹ.



Լուսինե Աբրահամյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

relief

Մելբուռնի «Prince’s» նավահանգստում քաղաքի անգլիկան
եկեղեցու արքեպիսկոպոս Հերինգթոն Լիիսն օրհնում է
ցեղասպանությունը վերապրածների համար
Կոստանդնուպոլիս ուղարկվող մարդասիրական օգնությունը:
The Church of England Messenger, սեպտեմբերի 12, 1922 թ.
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մեծ արձագանք գտան ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում, ինչպես նաև հեռավոր Ավստրալիայում: Հայերի կոտորածների մասին լուրերն Ավստրալիա էին հասնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՆԶԱԿ-ի(1) զինվորների, պատերազմական թղթակիցների հեռագրերի, ինչպես նաև մամուլի միջոցով: Մերձավոր Արևելքի միլիոնավոր կարիքավորներին օգնելու նպատակով Ավստրալիայում սկիզբ առավ աննախադեպ մարդասիրական շարժում, որը տարածվեց գրեթե բոլոր նահանգներում` ընդունելով համազգային բնույթ:

1915թ. դեկտեմբերին Մելբուռնում կազմավորվեց Հայկական նպաստամատույց հիմնադրամը (Armenian Relief Fund), որի գործունեությանը մեծապես աջակցեցին Վիկտորիա նահանգի կառավարությունը, եկեղեցական առաջնորդները, մի շարք առաջադեմ գործիչներ և գործարարներ: Հիմնադրամի քարտուղարն էր օրիորդ Մ. Ե. Սըրլը: 1915թ. դեկտեմբերի 9-ին «The Argus» թերթի միջոցով վերջինս կոչ արեց Ավստրալիայի ժողովրդին հետևել Ամերիկայի օրինակին և անել հնարավոր ամեն բան հայերին օգնելու համար: Իր կոչում օրիորդ Սըրլր նշում էր, որ «…թուրքական կառավարությունն աներևակայելի դաժանությամբ ոչնչացնում է մի ամբողջ ժողովուրդ» և «ահագնացող առաջընթաց է գրանցել այդ ուղղությամբ»(2): Օրիորդ Սըրլի կոչն արձագանք գտավ Մելբուռնում գործող մի շարք բարեգործական կազմակերպությունների կողմից (Ավստրալական կարմիր խաչը, Ավստրալիայի հայրենասիրական հիմնադրամը, Սերբիական նպաստամատույց հիմնադրամը և այլն), որի արդյունքում ‎հավաքվեց ‎‎‎‎շուրջ‎‎ 300 ‎‎‎‎‎‎‎‎ֆունտ սթեռլինգ(3) և ուղարկվեց Լոնդոն`«Հայ փախստականների հիմնադրամ»(4): Հայկական նպաստամատույց հիմնադրամի մարդասիրական գործունեությանը մեծապես նպաստեց 1917թ. սկզբին Մելբուռնում ձևավորված «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը (Friends of Armenia), որի հիմնադիրներն էին Ալեքսանդր Լիիփերը (Մելբուռնի համալսարանի Թրինիթի քոլեջի ղեկավարը), Ուիլյամ Հ. Էդգարը (Օրենսդիր խորհրդի անդամ) և Պատվելի Ջեյմս Ե. Թոմասը (Վիկտորիա նահանգի եկեղեցական խորհրդի նախագահ): Մարդասիրական օգնության գործում Ավստրալիայի քաղաքացիների մասնակցությունը կազմակերպելու նպատակով Հայկական նպաստամատույց հիմնադրամի և «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության անդամները քարոզչական լայն գործունեություն ծավալեցին Ավստրալիայի ողջ տարածքում: Հանգանակություններ կազմակերպելու նպատակով տեղեկատվություն էր տարածվում հասարակության բոլոր շերտերի շրջանում: Դա արվում էր հիմնականում հանրությանն ուղղված առանձին անհատների ելույթների և կոչերի, թերթերի, քարոզչական բրոշյուրների, կրծքանշանների ու շարժանկարների միջոցով:

Հանգանակությունների կազմակերպմանն իրենց աջակցությունը ցուցաբերեցին նաև որոշ պաշտոնյաներ, ովքեր հատուկ կոչերով խրախուսում էին հանգանակություններ կազմակերպելու նպատակով տարբեր միջոցառումների իրականացումը: Նման մի քայլ էր Մելբուռնի քաղաքապետ Դևիդ Հենեսիի, Վիկտորիա նահանգի եկեղեցական խորհրդի և «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությունը(5): 1917թ. ապրիլի 20-ին Մելբուռնի քաղաքապետարանում իր ելույթում քաղաքապետն առաջարկեց ապրիլի 22-ը հայտարարել «Հայերի կիրակի»` հատուկ օր հայ գաղթականների և որբերի օգտին դրամահավաք իրականացնելու համար: Այս նախաձեռնությունը մեծ հաջողություն ունեցավ, և նման միջոցառումներ կազմակերպվեցին նաև հաջորդ տարիներին (6): Հանգանակություններին մասնակցեցին տեղական և քաղաքային խորհուրդները, եկեղեցիները, կիրակնօրյա դպրոցները, ինչպես նաև գործարարներն ու հասարակ մարդիկ: Հանգանակություններից և նվիրատվությունից ստացված գումարն ուղարկվում էր Լոնդոն` «Հայ փախստականների հիմնադրամ», իսկ հանգանակված իրերի համար Ավստրալական կարմիր խաչի տարբեր մասնաճյուղեր տրամադրում էին իրենց պահեստները(7):

Հայկական նպաստամատույց հիմնադրամն ակտիվորեն համագործակցում էր թերթերի և պարբերականների հետ: Ավստրալական բոլոր հայտնի թերթերը մանրամասն կերպով լուսաբանում էին Մեձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մելբուռնում լույս տեսնող «The Age» թերթում միայն 1915թ. տպագրվեց հայերի կոտորածները լուսաբանող ավելի քան 40 հոդված (8): «The Argus», «The Herald», «The Register», «Adelaide», «The Sydney morning Herald», «Sunday Times» և այլ հայտնի թերթերում հաճախ էին հոդվածներ լույս տեսնում այնպիսի խորագրերով, ինչպիսիք էին «Միլիոնավոր հայեր աքսորվել են», «Հազարավոր հայեր մորթվել են», «Հայերի կոտորածները շարունակվում են. Թուրքիայում կանայք բացահայտորեն վաճառվում են» և այլն: Բոլոր հոդվածներում շեշտվում էին ողբերգության հսկայածավալ մասշտաբները և անհապաղ մարդասիրական օգնության անհրաժեշտությունը: Պատերազմի առաջին տարիներին թերթերի համար որպես տեղեկատվության հիմնական աղբյուր ծառայում էր բրիտանական մամուլը: Հետագայում հոդվածներում հաճախ ներառվում էին նաև տարածաշրջանից վերադարձած նպաստամատույցի աշխատակիցների հեռագրերն ու զեկույցները, ինչպես նաև ռազմագերիների վկայությունները:

Հայերի օգտին հանգանակություններ կազմակերպելու մի եղանակ էր նաև կրծքանշանների թողարկումը: Առաջին աշխարհամարտի տարիներին նման կրծքանշաններ վաճառվում էին գնացքներում, երկաթուղային կայարաններում, հավաքույթների ժամանակ, և վաճառքից ստացված հասույթը փոխանցվում էր ի նպաստ հայ գաղթականների: 1917թ. կրծքանշաններ արտադրող «Commonwealth Button Fund» ընկերության թողարկած կրծքանշաններից մեկի վրա պատկերված էր Մերձավոր Արևելքի մի տեսարան, սպիտակ աշտարակներով քաղաք և երեք արաբ` ուղտերի վրա նստած: Կրծքանշանի վրա գրված էր «Սերբիա-Սիրիա-Հայաստան»: Այն թողարկվել էր հայ գաղթականներին և Բալկանյան պատերազմից տուժած սերբերին օգնելու նպատակով հանգանակություն իրականացնելու համար (9): Մեկ այլ կրծքանշան թողարկեց «Atkinson&CO» ընկերությունը Ադելաիդում 1922-23թթ. Ավստրալիայի Հայկական նպաստամատույց հիմնադրամի նախաձեռնությամբ: Կապույտ կրծքանշանի վրա պատկերված էր սպիտակ Դաշնային աստղը(10):

Իր կազմակերպած քարոզարշավի ընթացքում Հայկական նպաստամատույց հիմնադրամը թողարկում էր նաև գրքույկներ: Դրանցից մեկը վերնագրված էր «Ս.Օ.Ս. Գալիփոլիից այն կողմ»: Դրանում լուսանկարների միջոցով ներկայացված էր հայերի ծանր վիճակը և մեջբերված էր 1915թ. Թալեաթ փաշայի` նահանգային կառավարիչներին հղված հեռագրից մի հատված, որում հրամայում էր սպանել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող բոլոր հայերին` առանց խնայելու անգամ կանանց, երեխաներին և ծերերին(11):

Մեկ այլ գրքույկ կրում էր «Վիրավոր հայերն օգնության խնդրանքով դիմում են ավստրալացիներին» խորագիրը: Գրքույկում, մասնավորապես, ասվում էր. «Ինչպե՞ս կարող եք օգնել հալածված հայերին. տարեկան 10 ֆունտ սթեռլինգը կկերակրի, կհագցնի և կկրթի մեկ երեխայի», իսկ ներքևի հատվածում նշված էին այն հասցեները, որտեղ քաղաքացիները կարող էին հանգանակություններ կատարել(12):

Ուշագրավ է նաև 1919թ. Հայկական նպաստամատույց հիմնադրամի կողմից թողարկված «Հայաստանի բարեկամներ» վերնագրով գրքույկը (13): Նպատակն էր կազմակերպել դրամահավաք` ավստրալացիներին ներկայացնելով Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ անցյալը և ներկայիս ողբերգությունը: Նրանում ներկայացվում էր հայերի ծագումը, քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, պայքարը քրիստոնեական հավատի պահպանման համար, դարեր շարունակ կրկնվող կրոնական հալածանքներն ու կոտորածները, Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների, ինչպես նաև Ադանայի ջարդերը պատկերող լուսանկարներ: Վերջին էջում նշված էր այն հասցեն, որտեղ պետք է ուղարկվեին հանգանակությունները:

1922թ. մայիսին, տեղում հայանպաստ աշխատանքները համակարգելու, հայկական նպաստամատույց հիմնադրամի նոր մասնաճյուղեր հիմնելու և դրանք Մերձավոր Արևելքի նպաստամատույցին միացնելու նպատակով Ավստրալիա ժամանեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության միջազգային հանձնակատար Լինքոլն Լ. Ուիրթը(14): Մինչ Ավստրալիա ժամանելը` նա Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կոմիտեներ էր հիմնել Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և Ֆիլիպիններում: 1922թ. հուլիսի 8-ին և օգոստոսի 9-ին Մելբուռնի և Սիդնեյի քաղաքապետարաններում նա հանդիպում ունեցավ Վիկտորիա նահանգի քաղաքային և հոգևոր առաջնորդների հետ, ներկայացրեց հայերի ծանր վիճակը, ծայրահեղ կարիքները` ընդգծելով, որ «մի ամբողջ ազգի կեսից ավելին ոչնչացվել է»(15): Ուիրթն առաջարկեց Ավստրալիայի ժողովրդի կողմից հանգանակություններով լի մի նավ ուղարկել Մերձավոր Արևելք: Այդ առաջարկը հավանության արժանացավ, և 1922 թ. սեպտեմբերիի 5-ին Դաշնային կառավարության շոգենավերի (Commonwealth Government streamers) միջոցով Մերձավոր Արևելք ուղարկվեց առաջին օգնությունը, որն իր մեջ ներառում էր 100 տոննա ալյուր, խտացրած կաթ, հագուստ, կաշվե և բամբակյա իրեր: Մելբուռնի արքեպիսկոպոս Հերինգթոն Լիիսն այլ հոգևորականների հետ Մելբուռնի նավահանգստում օրհնեց փոխադրվող բեռը: Նավի վրա փակցված էր մեծ դրոշ, որի վրա գրված էր՝ «Ավստրալական ալյուր սովյալ հայ երեխաների համար»: Ավստրալիայի վարչապետ Ուիլյամ Հյուիզի խոստման համաձայն՝ բեռնափոխադրումն իրականացվեց անվճար(16):

Առաջին աշխարհամարտի ավարտը պայմաններ ստեղծեց առավել արդյունավետ դրամահավաքի համար: Այն հնարավորություն ընձեռեց Ավստրալիայի հասարակության լայն շերտերին լուսանկարների և շարժական պատկերների միջոցով առավել հստակ ընկալելու Մերձավոր Արևելքի ողբերգության ծավալները: Օգտագործելով պատկերի զգայական ներգործությունը և գիտակցելով հայ գաղթականների ու որբերի ծանր վիճակը ներկայացնող լուսանկարների ազդեցությունը հասարակության վրա`Ավստրալիայի տարբեր քաղաքներում կազմակերպվեցին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ: Որպես «տեղեկատվական գովազդ»՝ կինոթատրոններում հաճախ կազմակերպվում էին նաև ֆիլմերի ու լուսանկարների ցուցադրություններ, ինչի շնորհիվ թեման հասանելի էր դառնում հասարակության լայն շերտերին: 1920թ. փետրվարի 28-ին «The Princess Theatre» թատրոնում` Սիդնեյի և Մելբուռնի հայկական նպաստամատույց կոմիտեների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրումը բարեգործական նպատակներով (17), իսկ 1919թ. դեկտեմբերի 28-ից սկսած ավստրալական «Sunday Times» շաբաթաթերթն իր յուրաքանչյուր համարում ֆիլմի ցուցադրության գովազդի հետ մեկտեղ մեկ էջի սահմաններում ներկայացնում էր ցեղասպանությունը վերապրած 15 տարեկան Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գրքից հատվածներ(18):

orphans

Հայ որբերը և պատվելի Ջեյմս Քրեսուելն Անթիլիասում ճաշի ժամին
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության նախաձեռնությամբ և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի Հայկական նպաստամատույց հանձնախմբերի ջանքերով 1922թ. նոյեմբերին Անթիլիասում` ներկայիս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վայրում, հիմնվեց Ավստրալասիական որբանոցը (19), որն իր հարկի տակ առավ շուրջ 1200 որբերի և գործեց մինչև 1929թ.: Որբանոցը, որն ուներ շուրջ 40 ուսուցիչ և նույնքան էլ դաստիարակ, զբաղվում էր որբերի խնամքով և մասնագիտական կրթությամբ: Այստեղ որբերին սովորեցնում էին թվով 14 արհեստներ: Որբանոցից դուրս գալուց հետո նրանք պետք է պատրաստ լինեին իրենց օթևանած երկրի լիիրավ անդամը դառնալու: Տնօրեններ նշանակվեցին ԱՆԶԱԿ-ի վետերան Ջոն Նուդսենը և նրա կինը:

Որբանոցի ստեղծման, գործունեության, ինչպես նաև նպաստամատույց աշխատանքների կազմակերպման գործում նշանակալի դեր ուներ հատկապես Պատվելի Ջեյմս Քրեսուելը: Իբրև Հայկական նպաստամատույց հիմնադրամի գործադիր քարտուղար, նա 1923թ. այցելեց Ավստրալասիական որբանոց: Վերադառնալով Ավստրալիա` Քրեսուելը մանրամասն զեկույց կազմեց և լուսանկարների միջոցով ներկայացրեց հայ գաղթականների և որբերի դրությունը, թե ինչպես էին Ավստրալասիական որբանոցում հայ տղաները Ավստրալիայից ուղարկված կաշվից կոշիկ կարում և ինչպես էին հաց թխում ավստրալական ալյուրով(20):

Լ. Ուիրթի ժամանումն Ավստրալիա նոր թափ հաղորդեց նպաստամատույց աշխատանքների իրականացմանը: Որոշակիորեն փոխվեցին և ավելացան հանգանակություններ կազմակերպելու միջոցները: Եթե 1917-20թթ. դրամահավաքներ կազմակերպվում էին հիմնականում եկեղեցիներում, իսկ նվիրատվություններն ու դրամահավաքներից ստացված գումարն ուղարկվում էր Լոնդոն` «Հայ փախստականների հիմնադրամ», ապա Լ. Ուիրթի ժամանումից հետո հանգանակված միջոցներն օգտագործվում էին Հայկական նպաստամատույց կոմիտեների կողմից` ալյուր, կաթ և այլ սննդամթերք գնելու համար, որն ուղարկվում էր Ավստրալասիական որբանոց: Միայն 1927թ. Նոր Հարավային Ուելսի Հայկական նպաստամատույց կոմիտեն որբանոց ուղարկեց հին հագուստների, խտացրած կաթի, պահածոյացված մրգերի և բրդի չորս մեծ կապոց(21):

Բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում էին Հայկական նպաստամատույց հիմնադրամի կոմիտեները, հանգանակություններ կազմակերպվում էին ոչ միայն դրամահավաքի, այլ նաև հին հագուստների հավաքման միջոցով, որը կազմակերպվում էր հիմնականում դպրոցների ու գրադարանների շրջակայքում, ապա` տեղափոխվում նպաստամատույցի գրասենյակներ: Հին հագուստների հավաքման և հայ գաղթականներին փոխանցելու նպատակով հայտարարություններ էին տարածվում թերթերում: Նման հայտարարություններում ներկայացվում էր հայ լքյալների գոյության ծանր պայմանները և նշվում էին այն հասցեները, որտեղ պետք է ուղարկվեին հանգանակությունները հագուստի և գումարի տեսքով(22):

Դրամահավաք կազմակերպելու նպատակով Ավստրալիայի տարբեր քաղաքներում կազմակերպվում էին նաև արևելյան տոնավաճառներ: Սիդնեյում նման միջոցառումներից մեկի ժամանակ վաճառասեղաններն ու տաղավարները կրում էին Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները, իսկ վաճառողները հայկական ավանդական տարազներով էին (23):

Ավստրալիայում քարոզարշավի իրականացմանն իրենց աջակցությունը ցուցաբերեցին նաև ժամանակի հայտնի հասարակական գործիչները, դերասաններն ու երգիչները: 1919թ. հունիսի 28-ին Հայկական նպաստամատույց հիմնադրամը կազմակերպեց «Ivanhoe Strollers» արական երգչախմբի համերգը, որից ստացված ողջ հասույթն ուղարկվեց Լոնդոն՝ «Հայ փախստականների հիմնադրամ»(24):

1919թ. Վերջին ավստրալացի երգչուհի Սեսիլիա Ջոնը Մելբուռնում հիմնեց «Երեխաների փրկության հիմնադրամ» կազմակերպությունը, որն ակտիվորեն համագործակցեց Հայկական նպաստամատույց հիմնադրամի հետ: Հետագայում Հայկական նպաստամատույց հիմնադրամի բոլոր կոմիտեները միացան «Երեխաների փրկության հիմնադրամ»-ին(25):

Ավստրալիայում մարդասիրական շարժման կազմակերպմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև մի շարք առաջադեմ կանայք: Նրանցից շատերն անգամ մասնակցեցին Մերձավոր Արևելքում նպաստամատույց աշխատանքների իրականացմանը: Նրանց թվում էին նաև Հիլդա Քինգը, ով 1923թ. Ջեյմս Քրեսուելի հետ այցելեց Ավստրալասիական որբանոց և մասնակցեց որբախնամ աշխատանքներին, Մելբուռնի համալսարանի գիտնական, 1923թ. Ազգերի լիգայի Ասամբլեայում Ավստրալիայի պատվիրակ Ջեսի Ուեբը, 1922-26 թվականների ընթացքում Հայկական նպաստամատույց հիմնադրամի քարտուղար Էդիթ Գլանվիլը(26):

Այսպիսով, 1915թ. Վիկտորիա նահանգում սկիզբ առած նպաստամատույց շարժումը կարճ ժամանակում տարածվեց և ընդգրկեց Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգները: Շարժմանն իրենց մասնակցությունը բերեցին մի շարք քաղաքական, հասարակական և հոգևոր առաջնորդներ, իսկ որոշ ավստրալացի կամավորներ էլ ներգրավվեցին Մերձավոր Արևելքում ցեղասպանությունը վերապրածների շրջանումնպաստամատույց աշխատանքների իրականացմանը:

Ավստրալական նպաստամատույց կոմիտեները իրենց գործունեությունը շարունակեցին մինչև 1930-ականներ: Նրանց գործունեության արդյունքում անխուսափելի ոչնչացումից, սովից ու հիվանդություններից փրկվեցին հազարավոր հայեր և Օսմանյան կայսրությունում բնակվող այլ քրիստոնյաներ:

Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.


_________________________________________________________________
1-ANZAC – Australian and New Zealand Army Corps Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորում): 1915թ. ապրիլի 25-ին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորումները Ուինսթոն Չերչիլի ծրագրի համաձայն` բրիտանական հրամանատարության ներքո ափ իջան Գալիպոլի թերակղզում դեպի Սև ծով ճանապարհ բացելու և Կ.Պոլիսը գրավելու նպատակով: Գալիպոլիի մարտերը սկսվեցին 1915թ. ապրիլի 25-ին` հայ մտավորականների ձերբակալությունից մեկ օր անց, և ավարտվեցին 1916թ. հունվարի 9-ին: Այդ ժամանակահատվածում Գալիպոլում զոհվեց 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի: Ապրիլի 25-ը`«ԱՆԶԱԿ-ի օրը», Ավստրալիայում հիշատակի ազգային օր է: Այդ օրն Ավստրալիան նշում է իր մարտական մկրտության օրը: Այդ մասին ավելի մանրամասն տե´ս
http://web.archive.org/web/20130313050857/http://www.dva.gov.au/news_archive/Documents/The%20Gallipoli%20Campaign.pdf.
2-«The Argus», 1915, դեկտեմբերի 9,էջ 5
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1584485):
3-Նույն տեղում, էջ 6:
4-1915 թ. Լոնդոնի քաղաքագլխի նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայ փախստականների հիմնադրամը», որը դրամահավաք սկսեց օգնության կարիք ունեցող հայերի համար:
5-«The Argus», 1917, 21 ապրիլի, էջ 16
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1612483):
6-«The Argus», 1919, 29 ապրիլի, էջ 7
(http://trove.nla.gov.au/ndp/del/page/404630?zoomLevel=1):
7-Babkenian V.,“A Humanitarian Journey: the Reverend James Edwin Cresswell and the Armenian Relief Fund”, Journal of the Historical Society of South Australia, number 37, 2009, p. 71.
8-Babkenian V. “An S.O.S. from beyond Gallipoli”,Victoria and the Armenian Relief movement, Victorian Historican Journal, Vol 81, No. 2, November 2010, p.253.
9-Australian War Memorial, Heraldry Collection, Small fundraising badge “Servia Syria Armenia”, ID number REL 39129
(http://www.awm.gov.au/collection/REL39129/).
10-ՀՑԹԻ գիտական ֆոնդեր, բաժին 5, ֆ.հ. 69:
11-Babkenian V., “An S.O.S. from beyond Gallipoli..., pp.254-255.
12- Նույն տեղում, էջ 263:
13-National Library of Australia, Digital Collections, Books and Serials, Call number FERG 2566, System number 2346165
(http://nla.gov.au/nla.aus-vn1967551).
14-«The Argus», 1922, 6 հուլիսի, էջ 10
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1832557):
15-«The Argus», 1922, 8 հուլիսի, էջ 20
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1832858):
16-«The Argus», 1922, 6 սեպտեմբեր, էջ 19
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1842638):
17-Babkenian V., “An S.O.S. from beyond Gallipoli”... p. 260.
18-«Sunday Times», 1919, 28 դեկտեմբեր, էջ 13
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/123220539?searchTerm=Ravished%20Armenia&searchLimits=fromdd=01|||frommm=01|||fromyyyy=1915|||todd=30|||tomm=12|||toyyyy=1930):Babkenian V., “An S.O.S. from beyond Gallipoli”... p. 260.
19-«Sunday Times», 1923, 4 մարտի, էջ 14
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/120549523?searchTerm=Australasian%20orphanage%20established%20in%20Beirut&searchLimits=):
20-«The Argus», 1923, 21 ապրիլի, էջ 6
(http://trove.nla.gov.au/ndp/del/article/1891975), «The Argus», 1923, 7 օգոստոսի, էջ 13 (http://trove.nla.gov.au/ndp/del/article/2013340):
21-Babkenian V., “Edith May Glanville: Champion of the Armenian Relief Fund”,Journal of the Ashfield & District Historical Society Inc., No. 17, 2008, p. 13.
22- National Library of Australia, Digistednewspapers and more
(http://trove.nla.gov.au/newspaper/result?q=Bundle+day+&fromdd=01&frommm=01&fromyyyy=1915&todd=30&tomm=12&toyyyy=1930).
23-Babkenian V., “Edith May Glanville ..., p. 11.
24-Babkenian V., “An S.O.S. from beyond Gallipoli”..., p. 260.
25-Նույնտեղում, էջ 268:
26-Babkenian V., “Edith May Glanville…, p. 9.




© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Follow us



DONATE

DonateforAGMI
Для сохранения памяти о Геноциде армян

Специальные проекты, осуществляемые фондом "Музей-институт Геноцида армян"

КНИЖНЫЙ МАГАЗИН МИГА

1915
«Книжный мир» Музея-института Геноцида армян

СТИПЕНДИЯ ЛЕМКИНА

Lemkin
МИГА ОБЪВЛЯЕТ СТИПЕНДИЮ ИМЕНИ РАФАЭЛЯ ЛЕМКИНА НА 2022 ГОД
“AGMI” foundation
8/8 Tsitsernakaberd highway
0028, Yerevan, RA
Tel.: +374 39 09 81
    2007-2020 © Музей-институт геноцида армян     Эл.почта: info@genocide-museum.am