Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |   Рус  |  Fr  

Home
Main
About AGMI
Mission statement
Director's message
Contacts
Pre-Genocide Armenia
History of Armenia
Pre-Genocide photos
Intellectuals
Armenian Genocide
What is Genocide
Armenian Genocide
Chronology
Photos of Armenian Genocide
100 photographic stories
Mapping Armenian Genocide
Cultural Genocide
Remember
Documents
American
British
German
Russian
French
Austrian
Turkish

Research
Bibliography
Survivors Stories
Eye-Witnesses
Media
Quotations
Public Lectures
Recognition
States
International organizations
Provincial governments
Public petitions
AGMI Events
Delegations
Museum G-Brief
News
Conferences
Links
   Museum
Museum Info
Plan a visit
Permanent exhibition
Temporary exhibition
Online exhibition  
Traveling exhibitions  
Memorial postcards  
   Institute
Goals & Endeavors
Publications
AGMI Journals  
Library
AGMI collection
   Tsitsernakaberd Complex
Description and History
Memory alley
Remembrance day
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՅՈԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՐԻՏԹՈԻՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅՈԻՆԸ (1915-1918 ԹԹ.)



picture
Հոդվածում ներկայացվում է 1915-1918 թվականներին հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման երիտթուրքական քաղաքականությունը՝ որպես ցեղասպանական ծրագրի բաղկացուցիչ մաս՝ հետևյալ դիտարկումներով.

ա) Ցույց է տրվում մինչև ցեղասպանությունը հայկական ազգապատկան կալվածքների հետագա յուրացմանն ուղղված մեխանիզմների մշակումը կառավարության կողմից: Նման կանխամտածված քայլ ենք դիտարկել օրինակ հայկական եկեղեցական կալվածքներն անժառանգ ճանաչելուն ուղղված երիտթուրքական հետևողական քաղաքականությունը:

բ) Ներկայացված են ցեղասպանության ընթացքում հայերի մասնավոր և ազգային ունեցվածքի յուրացմանը միտված կառավարության որոշումները, ապա և դրանց հետևողական գործադրումը:

գ) Ուսումնասիրված է հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման գործում հասարակության լայն զանգվածների ներգրավվածության ու գործառույթների հարցը:

Բանալի բառեր. մշակութային արժեք, ազգային հարստություն, երիտթուրքական կառավարություն, կառավարական որոշումներ, ոչնչացում, բռնագրավում, յուրացում, պետական քաղաքականություն, ցեղասպանություն, դիտավորություն:

***

1890-ականներից Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման համատարած քաղաքականությունն առավել համակարգված և հետևողական բնույթ կրեց երիտթուրքերի կառավարման տարիներին: Եթե նախկինում կոտորածներն ու դրանց ընթացքում իրագործված ոչնչացումներն ու ավերածությունները «պատժիչ» գործողությունների նպատակ ունեին՝ միաժամանակ ձգտելով շեղել հայ ժողովրդին ազգային զարթոնքի ուղուց, ապա այժմ նպատակը հայերի բնաջնջումն ու նրանց հետ կապված յուրաքանչյուր հետքի ոչնչացումն էր: Երիտթուրքական վարչակարգը հարձակում գործեց սոցիալական այն բնութագրիչների վրա, այն է՝ ազգ, մշակուլթ, լեզու, որոնք, իրենց խորին համոզմամբ, լուրջ վտանգ էին ներկայացնում օսմանյան ինքնիշխանությանը, միասնությանն ու առավելապես միատարրությանը:

Երիտթուրքական իշխանությունների կողմից հայերի բնաջնջմանը վերաբերող՝ առ այսօր հայտնի փաստաթղթերի կամ որոշումների ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ հայերի մշակութային ցեղասպանությունը կամ հայկական հետքի ոչնչացումը, թեև ոչ այնքան առաջնային խնդիր, ինչպես ֆիզիկական բնաջնջումը, եղել է երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի բաղկացուցիչ մաս: Ստորև բերված փաստարկներն ուղղակի և անուղղակի վկայում են երիտթուրքական կառավարության կողմից հայկական մշակութային արժեքների կամ հայկականություն հիշեցնող բոլոր հետքերի ոչնչացման կանխամտածվածությունն ու դիտավորությունը:

Մեր կարծիքով, երիտթուրքական կառավարությունը կայսրության հայերի բնաջնջումը ծրագրել էր դեռ մինչև Աոաջին աշխարհամարտը : Կայսրության Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ 1912-1913 թթ. Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից կազմվել և Թուրքիայի արդարադատության ու դավանանքների նախարարությանն է ներկայացվել պաշտոնական ցուցակագրություն՝ կայսրության տարածքում գործող հայկական եկեղեցիների և վանքերի թվաքանակի, գտնվելու վայրի վերաբերյալ և այլ մանրամասներ : Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդելու, որ հայկական վանքերի ու եկեղեցիների նկատմամբ ո՛չ օսմանյան սուլթանների և ո՛չ էլ երիտթուրքական իշխանությունների կողմից նախկինում երբեք նման հետաքրքրություն չի ցուցաբերվել, և ո՛չ Հայոց պատրիարքարանի և ո՛չ էլ առաջնորդարանների կողմից նախկինում նման ցուցակներ չեն ուղարկվել կառավարական մարմիններին: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ երիտթուրքական կառավարության ցուցաբերած նման հետաքրքրությունն Առաջին աշխարհամարտի նախօրեին որոշակի նպատակ է հետապնդել:

Որպեսզի ապացուցենք վերոնշյալը, փորձենք հերքել երիտթուրքական կառավարության ցուցաբերած նման հետաքրքրության հնարավոր բացատրությունը՝ դիտարկելով լոկ վերջինիս կողմից իրականացվող ժողովրդագրական քաղաքականության համատեքստում: 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Թուրքիայի կրած ծանր կորուստներից հետո Միություն և առաջադիմություն կոմիտեի համար ազգային անվտանգության խնդիր դարձավ Անատոլիայի ազգային-կրոնական միատարրացումը, որը դրվեց բնակեցման ու վերաբնակեցման քաղաքականության հիմքում: Այս քաղաքականությունն իրագործելու համար ամենից առաջ հարկավոր էր վերաձևել օսմանյան բյուրոկրատիան, ստույգ տվյալներ ձեռք բերել Անատոլիայի ազգային-կրոնական համայնքների՝ ինչպես բնակչության, այնպես էլ գույքի վերաբերյալ: Առանձնահատուկ տեղ է հատկացվել շարժական ու անշարժ գույքին: Նահանգներ ուղարկված հույժ գաղտնի հեռագրերում Ներքին գործերի նախարարությունը տեղական պաշտոնյաներին հրահանգում էր «խիստ գաղտնի կերպով» ցուցակներ լրացնել քրիստոնյաների հարստության, կրթության, հասարակական կարգավիճակի և իրենց համայնքների նշանավոր ու ազդեցիկ անդամների մասին և ուղարկել նախարարություն : Հրահանգների հույժ գաղտնիությունն ինքնին ենթադրում է որոշակի կանխամտածվածություն՝ քրիստոնյաների ունեցվածքի հետագա յուրացման հարցում:

Պատմաբան Թաներ Աքչամի համոզմամբ՝ հավաքված տեղեկությունները դրվեցին կայսրության քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և նրանց փոխարեն մահմեդականներ բնակեցնելու՝ ինչպես նախապատերազմյան, այնպես էլ պատերազմական շրջանի քաղաքականության հիմքում : Այլ ձևակերպմամբ՝ ժողովրդագրական այս քաղաքականությունը հնարավոր դարձրեց Հայոց ցեղասպանությունը:

Դեռ մինչև Առաջին աշխարհամարտը երիտթուրքական կառավարության կողմից հայերի գույքերի հետագա յուրացման համար մեխանիզմների մշակման կանխամտածվածության թեզն ապացուցելու հարցում կարևոր ուղենիշ է նաև հայապատկան ազգային կալվածքներն անժառանգ ճանաչելուն միտված թուրքական քաղաքականությունը: Այն ժամանակին անհանգստություն է առաջացրել հայ մտավորական-քաղաքական շրջանակներում: Դրա լավագույն վկայությունը 1911 թ. նոյեմբերի 28-ին Գրիգոր Զոհրապի մեծ վեզիր Քյուչուկ Մեհմեդ Սաիդին ուղղված խնդրագիրն է : Ընդարձակ խնդրագրում Գ. Զոհրապը, ելնելով պատգամավորական իրավունքից և փաստերի վրա հիմնվելով, մանրամասն ներկայացնում է արևմտահայության ծանր կացությունը, տեղական իշխանությունների, դատարանների կամայականություններն ու զեղծումները, այդ թվում՝ ազգապատկան գույքի ու կալվածքների հափշտակները : Հայկական վանքերի, եկեղեցիների ու դպրոցների եկամուտը հանդիսացող կալվածքներն անժառանգ ճանաչելու գործում կարևոր դերակատարություն ուներ Վաքըֆային տեսչությունը ՝ արտոնված կառավարության կողմից: Վերջինս ինչ-nր երևակայական արձանագրություններ կազմելու միջոցով պարբերաբար դատական գործեր է հարուցել հիշյալ կալվածքների անժառանգականաթյան խնդրով՝ միևնույն ժամանակ խափանելով այդ հաստատությունների գործունեությունը : Հայկական ազգապատկան կալվածքներն անժառանգ են ճանաչվել ու յուրացվել հիմնակնում շարիաթակաև դատարանների կայացրած վճիռներով՝ մեկ-երկու սուտ վկայությունների հիման վրա: Արևմտյան Հայաստանի տարածքում մեծ չափերի հասնող այդօրինակ յուրացումները, անկասկած, Վաքըֆային տեսչության կամ դատարանների ինքնագործունեության հետևանք չէին, այլ իրականացվում էին կառավարության անմիջական թողտվությամբ և ցուցումներով: Այս առումով հատկանշական է վերոնշյալ խնդրագրում Գ. Զոհրապի՝ որպես իրավաբանի հիշեցումը մեծ վեզիրին՝ առ այն, որ շարիաթական դատարանը միայն կառավարության ցուցումով կարող է հողային դատեր լսել : Վերոնշյալ խնդրի վերաբերյալ Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը նույնպես դիմումներ է հղել կառավարությանը, որոնց ի պատասխան ստացվել է հետևյալ անհիմն պատճառաբանությունը՝ «օրենքի դրվածքը այդպես է» : Խնդրագրի «Խաղաղության և կարգ ու կանոնի հաստատումը» խորագրի ներքո Զոհրապը կետ առ կետ արևմտահայությանը վերաբերող խնդիրների լուծման հավանական տարբերակներ է առաջարկում: Մասնավորապես ազգային կալվածքների հարցում նա պնդում է, որ հայկական դպրոցներին, եկեղեցիներին ու վանքերին կից հողերի և կալվածքների անժառանգության վերաբերյալ հարցապնդումներն արգելվեն, իսկ նիզամիե դատարաններին հանձնված դատերի առնչությամբ կառավարական խորհուրդը որոշում կայացնի շարիաթական դատարանների կայացրած վճիռները չեղյալ համարելու մասին : Բանն այն է, որ շարիաթական դատարանների միջոցով հողերի յուրացումներն այնպիսի մեծ չափերի էին հասել, որ կառավարությունը որոշում ընդունեց հողային բողոքները վճռել նիզամիե դատարաններում: Սակայն կառավարության այդ «զիջումը» ևս որևէ արդյունք չտվեց, քանի որ «օրինական» դարձած այդ յուրացումները պետական քաղաքականության մաս էին կազմում և այս կամ այն դատական մարմնի կամայական որոշումները չէին: Ազգապատկան կալվածքների յուրացման այս քաղաքականությունը հետագայում դրվեց տեղահանված հայության ունեցվածքը յուրացնելու քաղաքականության հիմքում և արտացոլվեց դրան ուղղված որոշումներում:

Պատկերն առավել պարզ է դառնում, երբ դիտարկում ենք երիտթուրքական կառավարության հետագա որոշումներն ու գործողությունները՝ ուղղված հայկական ազգային-մշակութային հաստատությունների դեմ:

Հայոց ցեղասպանության տարիներին հայկական պատմամշակութայիև հուշարձանների հետ մեկտեղ կողոպտվել ու ավերվել են նաև Հայոց առաջնորդարանները, այդ թվում և Կիլիկայի կաթողիկոսարանը : 1916 թ. հոկտեմբերի 7-ին Ահմեդ Զեմալին հղած իր հեռագրերից մեկում Թալեաթը բացատրելով, թե ինչու է Սսի հայկական կաթողիկոսարանի գույքը բռնագրավվել, և ինչ պատճառով է կաթողիկոսն աքսորվել Սսից, հետևյալն է գրում, «...նպատակն ուղղված է այդ վայրի գոյությունը լիովին վերացնելուն, վայր, որտեղ հայերը ենթադրում են, թե Կիլիկիայում շատ մեծ պատմական և ազգային հարստություններ կան, և որը իբրև թե եղել է հայկական կառավարության ամենավերջին արքայանիստ կենտրոնը» : Թալեաթն այնուհետև խոսում է այս շրջանի բոլոր հայերին աքսորելուց հետո Սսում մնացած հայկական գոյությունը մեջտեղից վերացնելու անհրաժեշտության մասին : Իր տեսակի մեջ բացառիկ այս վավերագիրը լիովին հաստատում է մեր կողմից առաջ քաշված այն թեզը, որ հայկական հետքերի վերացումն անկասկած երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմել:

Թալեաթի հրահանգն անմիջապես գործի է դրվել Զեմալ փաշայի զինակից և փոխանորդ Օմեր Ֆահրեդդինի կողմից : Վերջինս Կիլիկիայի հայկական հուշարձաններն ավերակների վերածելուց հետո հայտարարել է. «Աւետարանը ձեր ձեռքէն պիտի առնենք» : Սսի մայրավանքը հայերի տեղահանությունից հետո վերածվել է մզկիթի :

ա) Որոշումներ` միտված հայերի մասնավոր և ազգային ունեցվածքի յուրացմանը

Չնայած այն հանգամանքին, որ հայերի տեղահանության մասին որոշումն օսմանյան կառավարության կողմից ընդունվել է 1915 թ. մայիսի 27-ին և գործադրության մեջ մտել 1915 թ. հունիսի 1-ին, երբ «Թաքվիմ-ի վեքայի» (Takvîm-i Vekâyi) պաշտոնաթերթում հրապարակվեց «Տեղահանության մասին ժամանակավոր օրենք»-ի տեքստը , առաջին զանգվածային տեղահանությունները, թալանն ու բռնագրավումները սկսվել էին դեռ ավելի վաղ : Մասնավորապես, հայերին պարբերաբար թալանելու գործընթացը սկսվել էր դեռ 1914 թ. աշնան ընդհանուր զորակոչի հետ միաժամանակ, իսկ նոյեմբերին սրբազան պատերազմի հայտարարումը, նոր թափ հաղորդեց դրան : Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հավաստմամբ թուրքական բանակի մոբիլիզացիային ուղեկցող բռնագրավումներն իրականում վերածվեցին քաղաքային բնակչության լայնածավալ կողոպուտի :

Այսպիսով, ամենաթողության պայմաններում մուսուլման լայն զանգվածների կողմից հայերի ունեցվածքի հետ մեկտեղ բռնագրավվել, կողոպտվել ու յուրացվել են նաև հայկական ազգային-մշակութային հաստատությունները: Պետության համար առավել քան հրատապ էր դառնում զանգվածային թալանը զսպելու և պետական գանձարանը հարստացնելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Երիտթուրքական կառավարությունն այս խնդիրը լուծեց ստորև ներկայացված իրավական երեք հիմնական ակտերի գործադրմամբ՝ այդպիսով փորձելով «օրինականացնել» հայերի ունեցվածքի թալանը:

Երիտթուրքական կառավարության կողմից ընդունվել և 1915 թ. մայիսի 28/հունիսի 10-ին հրապարակվել է 34 հոդվածներից բաղկացած հրահանգ (talimat- name, այսուհետև հունիսի 10-ի հրահանգ), որը ցուցումներ է պարունակել տեղահանվածների ունեցվածքի, ազգային կալվածքների գրանցման կարգի, տնօրինման և պատերազմի ավարտից հետո դրանք իրենց տերերին վերադարձնելու մասին : Այս հրահանգի` հայտնի նաև որպես «լքյալ գույքերի օրենք» անվամբ, 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածներն անմիջականորեն առնչվում են ազգային-մշակութային հաստատություններին: Համաձայն 2-րդ հոդվածի` գյուղերի և ավանների բնակչության տարագրումից հետո վերջիններիս պատկանող տները և բոլոր շենքերը (խոսքը վերաբերում է նաև ազգային-մշակութային հաստատություններին)` ներսում գտնվող ապրանքներով, արտոնված հատուկ հանձնախմբերի կողմից պետք է փակվեին, դոները կնքվեին և պահպանության տակ առնվեին : Համաձայն 3-րդ հոդվածի` եկեղեցիներն ու դպրոցները վերածվելու էին պահեստավայրերի, որտեղ պետք է փոխադրվեին տեղահանվածների` «պահպանության» տակ առնված գույքերը` արձանագրվելուց հետո միայն : Ինչ վերաբերում է եկեղեցապատկան ունեցվածքին, ապա 6-րդ հոդվածով սահմանված է, որ եկեղեցիներում առկա գույքը, պատկերները, սուրբ գրքերը «տոմարի» (գրանցամատյան) մեջ պետք է արձանագրվեն և կից տեղեկագրով պահվեն տեղերում: Ապա տարագրված բնակչության՝ որոշակի վայրում հաստատվելուց հետո յուրաքանչյուր գյուղին պատկանող եկեղեցական գույքը նրանց պետք է ուղարկվի :

1915 թ. սեպտեմբերի 13/26-իև հրապարակվել է 11 հոդվածներից բաղկացած ժամանակավոր օրենք՝ հայտնի նաև որպես լուծարման օրենք (Tasfiye Kanunu), որի գլխավոր նպատակը հայերի ունեցվածքի լուծարումն էր : Այն կոչված էր նաև լրացնելու նախորդի բացթողումները, մասնավորապես հստակեցնելու սեփականատերերի իրավունքները, հանձնաժողովների և ենթահանձնախմբերի կազմության ձևն ու գործելակերպը : Այս օրենքի 2-րդ հոդվածով հստակեցվել է մինչև անգամ «խնդրո առարկա անձերու [հայերի] շենքերի և եկեղեցապատկան հողերի» արձանագրության վայրը, այն է՝ Բարեսիրական հաստատությունների նախարարության (Evkaf) անունով, իսկ 9-րդ հոդվածով՝ վարձակալության ենթակա (icari tayinli) շենքերը, եկեղեցապատկան հողերը և էվքաֆի ու տնտեսական նախարարությունների մոտ արձանագրված այլ հողեր ներգաղթի օրենքի համաձայն թույլատրվում էր հատկացնել մուսուլման ներգաղթողներին՝ «մուհաջիրներին» :

Սեպտեմբերի 26-ի օրենքն ուժի մեջ մնաց մինչև 1918 թ. նոյեմբերի 4-ը : Այն ևս բավարար չեղավ հայերի ունեցվածքի և ազգային կալվածքների բռնագրավումն ու թալանն «օրինականացնելու» համար: Վերջինիս 8-րդ հոդվածի համաձայն՝ մշակվել և 1915 թ. հոկտեմբերի 26-ին «Թաքվիմ-ի վաքայի»-ում հրապարակվել է 25 հոդվածներից կազմված մեկ այլ կանոնադրություն՝ «13 սեպտեմբեր 1331 [1915]- ին տրված ժամանակավոր օրենքի գործադրումը հստակեցնող կանոնագիր» խորագրով : Վերջինիս 16-րդ հոդվածի համաձայն՝ եկեղեցիներում գտնվող գույքերը, պատկերները, սուրբ գրքերը պետք է արձանագրվեին տոմարի մեջ և վերցվեին պահպանության ներքո, իսկ դպրոցների, վանքերի և ընդհանրապես դպրոցական պիտույքների ու կահկարասու օգտագործման իրավունքը պետք է փոխանցվեր կրթական տեսչություններին :

Հատկանշական է, որ ինչպես տեղահանության, այնպես էլ տեղահանվածների ունեցվածքին վերաբերող վերոնշյալ իրավական ակտերում ձևակերպումները, որպես կանոն, ընդհանուր են եղել՝ չնշելով ո՛չ հայերի և ո՛չ էլ որևէ այլ ազգի անվանում: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դա արվել է օրենքի իրական նպատակները հայերից թաքցնելու համար :

Այսպիսով, համաձայն վերոնշյալ հիմնական ակտերի, հայերի հոգևոր և ազգային-մշակութայիև հաստատությունները, մասնավորապես վանքերը, եկեղեցիները, դպրոցները՝ կից շինություններով ու կալվածքներով, արտոնված հանձնաժողովների կողմից գույքագրվելուց հետո պետք է փակվեին, դռները կնքվեին և հանձնվեին մուսուլման ներգաղթողներին: Վերջիններս իբրև պետք է «պահպանեին» և «պատասխանատվություն կրեին» այդ շինությունների համար և հնարավոր ավերածությունների դեպքում «փոխհատուցեին վնասը»: Ինչ վերաբերում է վանքերում ու եկեղեցիներում պահվող մշակութային և կրոնական արժեք ներկայացնող առարկաներին՝ ձեռագրերին, պաշտամունքային գրքերին, սրբապատկերներին և այլ արժեքների, ապա դրանք նույնպես պետք է մանրամասն արձանագրվեին և պահպանության տակ առնվեին՝ ավելի ուշ իրենց օրինական տերերին վերադարձնելու պայմանով: Չնայած գույքագրման և պահպանության մասին մանրամասն ձևակերպումնե¬րին՝ ակնհայտ էր, որ այդ փաստաթղթերը ձևական բնույթ էին կրում, քանի որ դրանց հեղինակները լավ գիտեին, թե իրականում ինչ ճակատագիր էր սպասվում այդ ունեցվածքի իրական տերերին՝ կայսրության հայ բնակչությանը: Հետևաբար, այդ ակտերը կոչված էին միայն «իրավական» ուղի հարթելու հայերի ինչպես մասնավոր, այնպես էլ ազգապատկան ժառանգության հետագա բռնագրավման ու թալանի համար:

Վերոնշյալ երեք հիմնական ակտերից բացի, երիտթուրքական կառավարությունը տեղական իշխանություններին է ուղարկել նաև միջանկյալ այլ հրահանգներ ու շրջաբերականներ՝ մասնավորապես տեղահանվածների ունեցվածքի վաճառքին, անշարժ գույքի տնօրինմանը, այդ թվում՝ ազգային հաստատություններին և դրանցում առկա գույքի տնօրինման, յուրացման եղանակներին վերաբերող, որոնց մասին կխոսենք ստորև:

բ) Եկեղեցական գույքի լուծարում և յուրացում

Ընդհանուր առմամբ ձևավորվել և մայրաքաղաքից գավառներ են գործուղվել թվով 33 «Լքյալ գույքերը լուծարող հանձնաժողովներ» (Emvâl-i Metruke Tesviye Komisyonu) : Վերջիններս, իրենց ենթակայության տակ ունենալով հատուկ արտոնված ենթահանձնախմբեր, գտնվել են Ներքին գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր 15 օրվա ընթացքում զեկուցագրերի միջոցով տեղեկացրել են իրենց գործունեության ընթացքի մասին : Այս հանձնաժողովները պետք է գույքագրեին, ապա համաձայն հունիսի 10-ի հրահանգի 5-րդ հոդվածի արտոնված ենթահանձնախմբերի միջոցով հրապարակային աճուրդով վաճառեին հայերի մասնավոր շարժական ունեցվածքը՝ այդպիսով լուծարելով այն : Խոսքը, սակայն, հայերի մասնավոր շարժական ունեցվածքի, այլ ոչ ազգապատկան կալվածքների ու մշակութային արժեքների մասին է: Մինչդեռ իրականում տեղի ունեցավ հետևյալը. հայկական եկեղեցիները վերածվեցին պահեստավայրի, ապա նաև վաճառատեղերի, որտեղ կենտրոնացվեց տեղահանված հայերին պատկանող շարժական ողջ ունեցվածքը՝ չնչին գներով աճուրդի միջոցով վաճառքի հանելու կամ հետագա թալանի համար :

Ազգությամբ արաբ փաստաբան Ֆայեզ ալ-Ղուսեյնը, Դիարբեքիրում ականատես լինելով թուրքերի գործողություններին, իր հուշերում գրում է. «Ես հետևում էի, թե ինչպես խաչերը հանվում էին եկեղեցիների գմբեթներից, իսկ եկեղեցիներն օգտագործվում որպես պահեստ և շուկա՝ սպանվածների ունեցվածքը ամբարելու և վաճառելու համար» :

Հայերի տեղահանությունից հետո այդպիսի պահեստավայրեր դարձան Սերտստիա քաղաքի Ս. Աստվածածին Մայր տաճարը, Մուշի Ս. Մարինե, Ս. Գևորգ, Շեկ-Ավետարան , էրզրումի առաքելական և կաթոլիկ եկեղեցիները, Սամսոնի հայ կաթոլիկ Առաջնորդարանն ու եկեղեցին, Տրապիզոնի Ս. Ստեփանոս և բազմաթիվ այլ եկեղեցիներ: Սեբաստիայի նշված եկեղեցու մասին ականատեսներից մեկը գրում է. «Մայր եկեղեցին մթերանոցի վերածելով տեղահան եղողներու թողած ինչք ու ստացուածք, գոյքեր, կահկարասի և այլ հարստութիւն կառքերով կը փոխադրեն, կը մթերեն հոն. տարի մը և ավելի եկեղեցիին բակը, շրջակայքը մեծ պազար կը լարուի»:

Չբավարարվելով հայերի մասնավոր ունեցվածքի վաճառքից ստացված հասույթով՝ չնչին գներով վաճառքի է հանվել նաև վանական ու եկեղեցական թանկարժեք գույքը: Հայոց ցեղասպանության ականատես հայ կաթոլիկ արքեպիսկոպոս գերապայծառ Հ. Յովհանևես Շինիարան, 1916 թ. սեպտեմբերից երկու տարի աքսորի մեջ գտնվելով Թոքատում, իր տեսածի մասին հետևյալն է գրում. «Օր մըն ալ լսեցի մունետիկ մը, որ կը ծանուցանէր՝ թէ հրապարակային աճուրդ տեղի պիտի ունենար հայ-կաթողիկէ եկեղեցւոյ շէնքերէն մէկուն մէջ... Հոն կ’ երթամ... կը տեսնեմ ջարդ ու փշուր եղած արձաններու դէզ մը. կոտրտած խաչեր՝ ծռմրտկած ու ճզմուած աշտանակներու հետ խառն ի խուռն, կանթեղներ՝ կտոր-կտոր, և բզքտուած եկեղեցական գրքեր...: Աճուրդի ատեն՝ կը տեսնեմ քահանայական զգեստներ՝ դեռ բոլորովին խունկ կը բուրեն»:

Կողոպտվել ու յուրացվել են անգամ սպանված հոգևորականների կրած եկեղեցական թանկարժեք զարդերը: 1915 թ. օգոստոսի 6-ին Յոզղաթի հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոս Դանիելյանին աքսորելուց, այնուհետև Գարտաշլարի ձորում սպանելուց հետո ոճրագործները կողոպտել էին նրա վրայի զարդերը, այդ թվում՝ եպիսկոպոսական մատանին: Կ. Պոլսի Պատերազմական արտակարգ ատյանի նախագահը, խիստ հետաքրքրված լինելով արժեքավոր այդ մատանու ճակատագրով, 1919 թ. փետրվար-մարտ ամիսներին հետևողականորեն հանձնարարել է Յոզղաթի կառավարչին հետաքննություն անցկացնել և պատասխանել, թե ով է հանել եպիսկոպոսի մատանին, արդյո՞ք հանձնվել է լուծարքի հանձնախմբերին ու վաճառվել: Հարցմանն ի պատասխան՝ 1919 թ. մարտի 3-ին Յոզղաթի կառավարիչը հաղորդել է, որ լուծարքի հանձնախմբի կազմակերպած աճուրդի ժամանակ Ֆեյազ թեյի պատասխանատվությամբ եպիսկոպոսական մատանին վաճառվել է 2350 դահեկանով: Ավելի ուշ, սակայն, պարզ է դարձել, որ, չնայած լուծարքի հանձ¬նախմբերի ղեկավարներին տրված՝ աճուրդին չմասնակցելու հրահանգին, Ֆեյազ բեյն անձամբ է գնել մատանին:

Չնայած նրան, որ հոկտեմբերի 26-ի կանոնադրության 18-րդ հոդվածով նախատեսվում էր «լքյալ գույքերի» վաճառքն իրականացնել հնարավորինս գույքի համապատասխան արժեքով, հարկ է ընդգծել հանձնախմբերի գործելակերպի կամայականությունն ու շտապողականությունը: Մասնավորապես բացահայտ անտեսվել կամ չնչին են արժևորվել եկեղեցական թանկարժեք իրերը, սուրբ գրքերը, մագաղաթ-ձեռագրերը և այլ առարկաներ: 1915 թ. նման սկզբունքով են արժևորվել և վաճառվել Այնթափի Մայր տաճարում պահվող երեք միավոր արծաթապատ կազմով սուրբ գրքերը, արծաթե խաչերը, քշոցները, սրբապատկերները և այլ արժեքավոր իրեր:

2012 թ. քրդական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընթացքում հայկական գույքի բռնագրավման խնդրին և հղում կատարելով նշված ժամանակաշրջանի պարբերականներում հրապարակված նահանգային ֆինանսական վարչության (defterdarlik) և դատարանների հայտարարություններին, գրում է, որ եկեղեցական գույքն անգամ դատական որոշմամբ վաճառքի է հանվել թերթում հրապարակված հայտարարության միջոցով:

Հայկական վանական ու եկեղեցական գույքի մյուս մասը՝ հիմնականում մետաղե անօթներ ու զանգեր, «Լքյալ գույքերը լուծարող հանձնաժողովներն» ուղարկել են Կ.Պոլիս, երբեմն նաև Գերմանիա՝ տեղի ձուլարաններում ձուլելու և պատերազմական նկատառումներով կիրառելու նպատակով: Այս առումով եզակի է Յոզղաթի ժանդարմերիայի հարյուրապետ, Հայոց ցեղասպանության ոճրագործներից Շյուքրի բեյի խոստովանությունը, որում մասնավորապես ասվում է. «...Ասկէ զատ լքուած և կողոպտուած հարիւրաւոր եկեղեցիներու ու վանքերու բոլոր մեծ ու փոքր զանգակները Գերմանիա ղրկեցինք՝ Քռուփի (Krupp) գործարանին մէջ թնդանօթ ձուլելու համար...» : Բեռլին են ուղարկվել նաև Անկարայի (էնկյուրիո) հայկական եկեղեցիներից ու վանքերից կողոպտված գույքը : 1916 թ. մայիսի 9-ին 7 սնդուկների մեջ ամփոփված՝ Կ.Պոլիս են ուղարկվել Բուրսայի Ս. Աստվածածին մայր տաճարի եկեղեցակաև սպասքն ու այլ թանկարժեք իրեր (ընդհանուր արժեքը կազմել է 650.000 օսմանյան ոսկեդրամ), որոնց ոսկյա և արծաթյա մասը ձուլվել և մեջիդիե կոչվող ոսկեդրամի է վերածվել : Եկեղեցական գույքը հաճախ եկամտի աղբյուր է դարձել գերմանացի զինվորականների համար. լավագույն օրինակը Դերջանի Հողիկ գյուղի հայկական եկեղեցու՝ 20-30 օխա կշռող զանգն է, որը գերմանացի զինվորներից գնել և Կ.Պոլսի «Գալֆայան» որբանոցին է նվիրել Հակոր Անդրեասյան անունով մի հայ՝ որբանոցի Ս. Աստվածածին նորակառույց մատուռի զանգակատանը կախելու նպատակով :

Ակնհայտ է, որ «Լքյալ գույքերը լուծարող հանձնաժողովներ»-ի և ենթահանձնախմբերի անդամները, որոնք աշխատում էին գործողությունների բացարձակ ազատության ու անպատժելիության պայմաններում, միայն պետական գանձարանը լցնելու օգտին չէ, որ ծառայելու էին: Նրանցից շատերը գրպանել ու հարստացել են հայերի ինչպես մասնավոր, այնպես էլ ազգապատկան կարողության վաճառքից ստացված հասույթի թալանից: Յոզղաթի թուրքական որբանոցների նախկին տնօրեն Շէվգիի վկայությամբ տեղի «Լքյալ գույքերի լուծարող հանձնաժողովի» անդամ Նազըֆ բեյը, որ մեծ հարստություն էր կուտակել հայերին պատկանող ունեցվածքի հափշտակումից, Յոզղաթի փոստատան միջոցով 36.000 օսմանյան ոսկի է ուղարկել մայրաքաղաքում ապրող իր ընտանիքին ու Միություն և առաջադիմություն կուսակցության ընդհանուր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյի անունով, իսկ Կ.Պոլիս ուղևորվելով՝ իր հետ տարել է 50.000-60.000 օսմանյան ոսկու արժողությամբ գոհարեղեն, ադամանդակուռ խաչեր, եկեղեցական թանկարժեք անոթներ և իբր իր հետ ամուսնացած տասնչորս տարեկան մի հայ աղջկա : Հատկանշական է, որ Յոզղաթի «Լքյալ գույքերի լուծարող հանձնաժողովի» անդամ Նազըֆ բեյի անունը հիշատակվում է նաև Առաքել Չաքրյանի ՝ Զավեն պատրիարքին ուղղված անտիպ նամակում (Բերա, 16 մարտ, 1919 թ.): Իր որբահավաք գործունեության ընթացքում Ա. Չաքրյանը բրիտանական դեսպանատան աջակցությամբ թուրքերի տներից հավաքագրել և Կ.Պոլսի պատրիարքարանին է հանձնել զգալի թվով կողոպտված եկեղեցական իրեր: Այս կերպ Չաքրյանը նշում է, որ չնայած վերոնշյալ անձը՝ Նազըֆը, նախկինում հերքել է իր մոտ հայերի իրեր պահելու մեղադրանքը, Կ.Պոլսի Այա-Սոֆիա թաղամասի նրա տան խոհանոցի գետնափոր գաղտնի պահեստից, ինչպես նաև Բանգալթը թաղամասի Զաբեր փաշայի հարեմից, բրիտանացի և թուրք ոստիկանների ներկայությամբ խուզարկության միջոցով հայտնաբերվել են եկեղեցական մեծարժեք իրեր :

Լայնածավալ կողոպուտի գործընթաց ներգրավված են եղել նաև պետական այլ պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ ու զինվորներ, որոնք հատուկ հանձնախմբերի գործունեությանն օժանդակելուց զատ, կուտակել են մեծ հարստություն: Այսպես, 1915 թ. օգոստոսին Արմաշի հոգևորականությանը մեկուսացնելուց հետո Կ.Պոլսի Կենտրոնական բանտի տնօրեն Իբրահիմ Խայրին, տեղի մյուդիր Ֆահրեդդին Ահմեդը և վերջինիս եղբայր Օսման Սուդին ամբողջովին թալանել են դպրեվանքի մոտ. 80.000 օսմանյան ոսկուն համարժեք ունեցվածքը (քրիստոնեական հնություններ, մասունքներ, եկեղեցական թանկարժեք անոթներ, կահույք, յուղաներկ սրբապատկերներ, ձեռագիր մագաղաթներ և այլն), որի մի մասը փոխադրվել է Ադաբազարում գործող «Լքյալ գույքերը լուծարող հանձնաժողովի» անդամներին, իսկ պղնձե անոթները, աշտանակներն ու այլ իրեր՝ Կ.Պոլիս՝ բրիտանական «Բոն» ընկերության գրավված գործարանում ձուլելու համար:

1916 թ. օգոստոսին Ջեմալ փաշայի կողմից «Հայ տեղահանվածների տեսուչ» նշանակված Հասան Ամջայի (Հասան Վասֆի) վկայությունների համաձայն՝ Սվազի նախկին վալի Մուամմեր բեյի գործընկեր և օգնական Մերզիֆոնի նախկին քայմաքամ Ֆայիքը և նրա հանցավոր գործընկեր, ժանդարմերիայի կապիտան Մահիր բեյը, հայերի տեղահանության ընթացքում բազմաթիվ օջախներ և հոգևոր շենքեր թալանելով, 30-40 հազար լիրայի հարստություն են կուտակել և այժմ հաճելի ժամանակ են անցկացնում Ստամբուլում : Կեսարիայի Ս. Կարապետ վանքի թանկարժեք իրերի մի մասը յուրացրել է էսքիշեհիրի կառավարիչ Զեքայի բեյը:

Որոշ վայրերում առավել արժեքավոր իրերն ապահով պահելու պատրվակով տարվել են տեղական ոստիկանատներ, ապա բաժանվել ոստիկանների միջև: Կեսարիայի 15-րդ զորագնդի հրամանատարի փոխանորդ Շեհաբէդդինի՝ Անկարայի զորաբանակի հրամանատարությանն ուղղված 14 հուլիս 1915 թվակիր ծածկագիր-տեղեկագրում մասնավորապես ասվում է. «... այս գաւառակի [Պողազլյանի] հայաբնակ գիւղերը կարելի է ըսել թէ բոլորովին մաքրագործուած են... ցաւալի երևոյթներեն մին սաստիկ թալանն է զոր կը գործեն հայ գիւղերու մէջ ոստիկանութեան լրացուցիչ մարդերը, չէրքեզ ձիաւորները... » :

1915 թ. թուրք զինվորներն ամբողջովին թալանել են Սեբաստիա քաղաքի Ս. Աստվածածին, Ս. Սարգիս, Ս. Փրկիչ, Ս. Սինաս եկեղեցիները և հարակից Ս. Նշան վանքը: Ականատեսներից մեկը, նկարագրելով վերջինիս կողոպտման տեսարանը, գրում է. «900-ամեայ հնամենի այս վանքին գաղտնի պահարանի բանալին չէին գտած... քանի մը զինուորներով, լծակներով, մուրճերով կղպանքը կոտրած եւ պատի մեջ ծեփուած երկաթեայ դուռը բացած էին: Հոն գտան չաթալ-թագեր, գրքեր, անգին ձեռագիրներ, ոսկի եւ արծաթ իրեղէններ, հնութիւններ, ինչ որ կար, մօտ 3. 000 կտոր արժէքաւոր առարկաներ, 293 ձեռագիրներ»:

Բուրսայում թուրքական զորքը զենք փնտրելու պատրվակով պաշարել է հայկական եկեղեցին, քանդել խորանի հետնապատը, սակայն ոչինչ չգտնելով, թալանել է գույքը: 1915 թ. օգոստոսի 2/15-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Զավեն Եղիայանի՝ Բուլղարիայի առաջնորդ Ղևոնդ Եպս. Դուրյանին հղված նամակում մասնավորապես ասվում է. «...Եկեղեցիները արդէն կողոպտուած և մզկիթի, ախոռի կամ ուրիշ բաներու վերածուած են: Արդեն Պոլսոյ հրապարակին վրայ սկսած են ծախուիլ հայ եկեղեցիներու անօթները և այլ գոյքերը...»:

1915-1918 թթ. ընթացքում հայկական վանական ու եկեղեցական գույքի մի մասը թալանվել է նաև հայերի թողած ունեցվածքը հնարավորինս արագ յուրացնելու մոլուցքով տարված տեղի մուսուլման ազգաբնակչության կողմից: Ցեղասպանության ընթացքում բռնի իսլամացված և բալուեցի մի թուրքի կողմից կնության առնված Ազնիվ Տեր Գուրգենյանի վկայությամբ՝ ամուսինը Բալուի Ս. Աստվածածին եկեղեցու կողոպտիչներից է եղել՝ իր հետ տուն բերելով հաղորդության ժամանակ կիրառվող հայերեն արձանագրությամբ ու Աստվածամոր դիմապատկերով սկիհը, եկեղեցական սպասք ու անոթներ, որոնք մի որոշ ժամանակ օգտագործվել են կենցաղում: Հետագայում փախչելով գերությունից՝ Ազնիվն այդ անոթներն ու սպասքը հանձնել է Խարբերդի Ս. Աստվածամոր եկեղեցուն: 1919 թ. սեբաստահայության ազգային-մշակութային արժեքները փնտրելու նպատակով Սեբաստիա գործուղված Երուսաղեմի միաբաններից վարդապետ Աճեմյանի՝ 26 մայիս 1919 թվակիր տեղեկագրում՝ ուղղված «Սենեքերիմյան Միությանը», հաղորդվում է, որ քաղաքի եկեղեցական անոթների մի մասն Իմդատ անունով թուրքի մոտ է, Ս. Աստվածածին Մայր եկեղեցու գույքի մի մասը՝ տեղի առողջապահական բաժանմունքի պահեստի տնօրեն, հարյուրապետ Ֆեհմի էֆենդիի մոտ, իսկ Ս. Նշան վանքի ջահը՝ Մասուդիե գյուղի մեդրեսեում (թուրքական դպրոց) Ղալիբ բեյի աշխատասենյակում է կախված եղել :

Այսպիսով, երիտթուրքական կառավարությունը «լքյալ գույքերի» մասին վերոնշյալ իրավական ակտերի ընդունման միջոցով «օրինականացրեց» կայսրությունում մինչ այդ արդեն իրականացվող զանգվածային թալանը՝ մասամբ զսպելով այն և հարստացնելով պետական գանձարանը: Արդյունքում տեղահանված հայերի շարժական ու անշարժ ողջ ունեցվածքի հետ մեկտեղ բռնագրավվեցին, թալանվեցին ու լուծարվեցին նաև ազգապատկան կալվածքներն ու նրանցում առկա մշակութային արժեքները:

գ) Կրթական հաստատություններ, բռնագրավում, յուրացում, ոչնչացում

Հայոց ցեղասպանության ընթացքում երիտթուրքական կառավարությունը բռնագրավել ու յուրացրել է նաև կայսրության հայկական կրթական հաստատությունները:

Ինչպես արդեն նշվել է, վերոնշյալ հիմնական իրավական ակտերից բացի երիտթուրքական կառավարությունն ընդունել է միջանկյալ մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են նաև հայկական կրթական հաստատությունների և դրանցում առկա գույքի բռնագրավման ու տնօրինման հարցերին: Այսպես, Ներքին գործերի նախարարությանն առընթեր Աշիրեթների բնակեցման և մուհաջիրների վարչությունը (İskân-i Aşair ve Muhacirîn Müdüriyeti) 1915 թ. հունիսի 9/22-ին ծածկագիր հեռագրեր է հղել նահանգային իշխանություններին, որոնցից մեկում մասնավորապես ասվում է. «Անհրաժեշտ է, որպեսզի մուսուլման գաղթականներին հաստատեն քաղաքների ու գյուղերի այն դպրոցներում, որտեղից հեռացրել են հայերին: Այդուհանդերձ, այդ կառույցներում առկա ուսումնական գույքի քանակն ու արժեքը պետք է գրանցվի և ուղարկվի ընդհանուր գրանցող հանձնախմբերին»: Հատկանշական է, որ այս որոշումը հայերի տեղահանության, գույքերի տնօրինման հարցերին վերաբերող գաղտնի այլ հեռագրերի ու ծածկագրերի հետ միասին 25 օգոստոս 1915 թվակիր 20 կետից կազմված ամփոփագրով (6-րդ կետով) Ներքին գործերի նախարարությունն ուղարկել է «Լքյալ Գոյքերու Բ. Հանձնախմբի Բարձր Նախագահութեանը»՝ ի գործադրություն:

Ստորև բերված վավերագրերից երևում է, թե Ներքին գործերի նախարարությունը որքան հետևողականորեն է վերահսկել վերոնշյալ կարգադրությունների գործադրման ընթացքը:

Աշիրեթների բնակեցման և մուհաջիրների վարչության՝ Կեսարիայի «լքյալ գույքերի» հանձնաժողովի նախագահությանն ուղղված 1915 թ. սեպտեմբերի 8-ի հրահանգում ասվում է. «Ինչպես 24 օգոստոս [1]331 [1915] թվակիր և թիվ 529 ընդհանուր շրջաբերականով տեղեկացրել էինք, որ հեռացված հայերի լքյալ գույքերից՝ դպրոցներին անհրաժեշտ իրերն ու դպրոցական շենքերը պետք է հանձնել կրթական տեսչություններին իսլամ երեխաների օգտին: Սակայն պատվարժան Կրթության նախարարությունից տեղեկացանք, որ որոշ վայրերում Լքյալ գույքերի հանձնաժողովները չեն հանձնել շենքերն ու գույքերը: Հետևաբար, վերստին տեղեկացնում ենք նշվածի համաձայն դպրոցներին [իսլամական] անհրաժեշտ նմանատիպ գույքերն ու շենքերը կրթական տեսչություններին հանձնելու մասին, էֆենդիս»: Չորս օր անց՝ սեպտեմբերի 12-ին, Կեսարիայի «լքյալ գույքերի» հանձնաժողովը գրությամբ կարգադրել է տեղի կրթական տեսչությանը գավառի դպրոցների գրավման, արձանագրման և դրանց ցանկն իրենց ուղարկելու մասին: Նույն օրը՝ սեպտեմբերի 12-ին, Կեսարիայի կրթական տեսուչը, պատասխան գրությամբ արագ արձագանքելով վերոնշյալին, տեղի «լքյալ գույքերի» հանձնաժողովի նախագահությանը տեղեկացնում է հետևյալը. «Կեսարիա գավառից, [շրջակա] գյուղերից և Դևելուի գավառակից տեղափոխված հայերի լքյալ վարժարաններից ցարդ գրավված քսանչորս դպրոց¬ների մեկ կտոր ցանկը կից ուղարկում ենք Ձեզ՝ ի պատասխան 12 սեպտեմբեր [1)331 [1915] թվակիր Ձեր գրության, էֆենդիս»: Վերոնշյալ վավերագրերին հավելենք նաև արդեն նշված 1915 թ. հոկտեմբերի 26-ի կանոնադրության 16-րղ հոդվածը, որով փաստորեն ամրագրվում էր կայսրության հայկական դպրոցների, վանքերի և ընդհանրապես դպրոցական պիտույքների ու կահկարասու օգտագործման իրավունքը՝ լուսավորության մարմիններին հանձնելու մասին:

Տարաբնույթ փաստերը վկայում են, որ վերոնշյալ հրահանգներն անմիջապես գործի են դրվել: Դեռևս 1915 թ. մայիսի 30-ին Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը Բեռլինի արտգործնախարարությանև ուղղված իր զեկուցագրում հաղորդում է. «...էնվեր փաշան, օգտվելով պատերազմական իրավիճակից, մտադրած է փակել մեծ թվով հայկական դպրոցներ, թերթեր, արգելել հայերի փոստային նամակագրությունները... Նա համառորեն խնդրում է մեզ չխանգարել իրեն այդ գործում»: Հենրի Մորգենթաուն, երիտթուրքերի այս քաղաքականությունը, իրավացիորեն բնորոշելով որպես համաթուրքականության ծրագրի բաղկացուցիչ մաս, գրում է. «Արդեն նկարագրել եմ այն դժվարությունները, որոնց բախվում էի թուրքերի հետ քրիստոնեական դպրոցների շուրջ հարցերը քննարկելիս: Դրանք արմատախիլ անելու կամ առնվազն թուրքական հաստատությունների վերածելու նրանց վճռականությունը, ընդամենը, մեկ այլ առաջընթաց քայլ էր ազգայնական այդ ծրագրում»: Համաթուրքականության ծրագրի համատեքստում հայկական դպրոցներն արմատախիլ անելու առումով եզակի է երիտթուրքական կառավարության ընդունած մեկ այլ ծածկագիր որոշում (թվագրվում է 10 հունիս, 1915): Համաձայն դրա՝ տեղահանության ընթացքում միևնույն գավառի և գավառակների հայ բնակչությունը պետք է տեղաբաշխվեր առանձին-առանձին և թույլ չտրվեր, որպեսզի վերջիններս կարողանան դպրոց բացել, միևնույն ժամանակ ստիպել, որպեսզի հայերն իրենց զավակներին ուղարկեն պետական (թուրքական) դպրոց : Այս որոշումը ևս ներառվել է վերոնշյալ 20 կետից բաղկացած ամփոփագրում (7-րդ կետով) և Ներքին գործերի նախարարության կողմից ուղարկվել «լքյալ գույքեր»-ի հանձնաժողովների նախագահությանը՝ ի գործադրություն:

1915-1918 թթ. հայկական կրթական հաստատությունները բռնագրավվել և օգտագործվել են ամենատարբեր նպատակներով: 1915 թ. Կ.Պոլսում զինվորական իշխանության կողմից գրավվել և զորակայանների են վերածվել «էստեան», «Ս. Ներսէսեան», «Լևոնեաև-Վարդուհեան», «Տատեան», «Ս. խաչ», «Սէմէրճեան-ճեմարան», «Արամեան-Ունճեան», «Պէզճեան», «Պէրպէրեան», «Տայեան Հայ Օրիորդաց» վարժարանները: Հուլիսին «Մշակ» թերթը գրում է. «...Կ. Պօլսի հայկական բոլոր հաստատութիւնների գոյքը գրաւված է թիւրքաց կառավարութիւնից: Հայ կեանքը մեռել է այնտեղ բառիս բուն նշանակութեամբ»: Իրավիճակը նույնն էր նաև նահանգներում: Հայերի տեղահանությունից հետո Մալաթիայի ազգային բոլոր հաստատություններն ու կալվածքները բռնագրավվել են կառավարության կողմից: 1916 թ. դրությամբ Երզնկայի հայկական վարժարանների («Ընկերական», «Եզնիկյան», «Կենտրոնական», «Արամյան» և «Քրիստինյան» իգական վարժարանը` կից համանուն մանկապարտեզով) մի մասը հատկացված է եղել մուսուլման գաղթականներին՝ որպես կացարաններ, իսկ մյուսները թեև կանգուն, բայց զուրկ դռներից ու պատուհաններից: Ռոդոսթոյում վարժարաններից մեկը վերածվել է պահեստավայրի, մյուսը՝ թուրքական որբանոցի, մեկ այլ դեպքում՝ բանտի (ինչպես Սեբաստիայի «Արամյան» վարժարանը, լուսանկարը տե՛ս հավելվածում, Կեմերեկի ներքին թաղի վարժարանը և այլն)՝ հայ տարագրյալներին այնտեղ արգելափակելու համար: Բռնագրավվել ու յուրացվել են նաև միսիոներական կրթական հաստատությունները: 1915 թ. հուլիսի 19-ին «Եփրատ» քոլեջի նախագահ էռնստ Ռիգզը Հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի նախագահությանն ուղղված նամակում նշում է, որ առաքելության մեծ շենքերից 7-ը կառավարության ձեռքում են, միայն մեկն է մնացել իրենց իրավասության տակ , իսկ Խարբերդում ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Դեյվիսը 1915 թ. հուլիսի 11-ի իր տեղեկագրում հավելում է, որ այդ շենքերից մեկը վերածված է զորանոցի, իսկ մյուսներն առայժմ փակ են, սակայն կողոպտված ու ավերված, աշակերտության մեծ մասը տարագրուած է, մի մասը՝ սպանված կամ հարեմներում արգելափակված, ուսուցիչներից չորսը սպանված են, երեքն՝ առայժմ ողջ:

1915-1916 թթ. ընթացքում մերձճակատային բնակավայրերի, մասնավորապես Վանի և էրզրումի կրթօջախների մեծ մասը կողոպտվել, հրկիզվել ու ավերվել է թուրքական զորքերի կողմից: Մասնավորապես 1915 թ. ապրիլին թուրքական կանոնավոր զորքը պատմամշակութային, ազգային բազմաթիվ շինությունների հետ մեկտեղ կողոպտել, հրկիզել ու ավերել է Վանի գավառի Կուռուպաշ, Ատեր, Գոմս, էրերին, Մարմետ, Ջանիկ, Քյոչանի, Քերծ, Առեղ, Կեմ, Կղզի, Հնդստան, Մաշտակ, Մարգս, Գործոթ, Խաչան, Բլուրմակ, Սոսկուն գյուղերի, ինչպես նաև Ականց-Արճեշ գյուղաքաղաքի առաքելական ու բողոքական հայերին պատկանող դպրոցները, «Երկաթեան» կոչված գրադարան-ընթերցատունը և այլ հաստատություններ: 1915 թ. հիմնովին ավերվել են նաև Վան քաղաքի «Երեմյան» վարժարանը (լուսանկարը տե՛ս հավելվածում), «Ավետիսյան» գրադարան-ընթերցարանը, «Վան-Տոսպ» թերթի տպագրատունը, Քղի-Գասապա գյուղաքաղաքի (էրզրումի գավառ) երկու վարժարանները, բողոքական հայերի նախակրթարանը, Սեբաստիա քաղաքի Ս. Փրկիչ եկեղեցուն կից վարժարանը և բազմաթիվ այլ կրթօջախներ: 1916 թ. փետրվարի 15-ին էրզրումում թուրքական զորքերը ռմբակոծությամբ քանդել են առաջնորդարանը, շուկան՝ հրկիզելով հայերին պատկանող բոլոր վարժարանները:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության տարիներին Ներքին գործերի նախարարության կարգադրությամբ և անմիջական վերահսկողությամբ բռնագրավվել, յուրացվել կամ ոչնչացվել են նաև հայկական կրթական հաստատությունները: 1915-1918 թթ. ընթացքում այդ հաստատություններն օգտագործվել են հետևյալ հիմնական նպատակներով.

• Դպրոցական շենքերի մի մասի և գույքի մեծ մասի տնօրինման իրավունքը հանձնվել է կրթական տեսչություններին ու լուսավորության մարմիններին՝ իսլամական դպրոցների օգտին օգտագործելու համար:

• Պատերազմական նկատառումներով վերածվելով զորանոցների՝ մի կողմից ռազմագերիների, մյուս կողմից՝ թուրքական բանակի զինվորների համար:

• Ծառայել են որպես բանտեր՝ հայ տարագրյալներին այնտեղ արգելափակելու համար, պահեստավայրեր՝ տեղահանվածների ունեցվածքի կուտակման համար, կացարաններ՝ մուսուլման գաղթականների համար և այլն:

• Ավերվել են, քարերն օգտագործվել որպես շինանյութ:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության տարիներին ֆիզիկական բնաջնջումն ուղեկցվեց հայկական մշակութային արժեքների զանգվածային յուրացման ու ոչնչացման հետևողական քաղաքականությամբ, որը, մեր խորին համոզմամբ, հայերի բնաջնջման երիտթուրքական ծրագրի մաս է կազմել: Այդ քաղաքականության մեջ ներգրավված են եղել հասարակության լայն զանգվածներ՝ բանակ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, մուսուլման ազգաբնակչություն, այդ թվում և «մուհաջիրներ», որոնք գործել են ոչ միայն բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, այլև հաճախ վերևից հրահանգավորված ու արտոնված են եղել: Այս հանգամանքն ինքնին խոսում է հայության ունեցվածքի, այդ թվում և ազգապատկան հարստության յուրացման ու ոչնչացման դիտավորության մասին:





Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ հիմնադրամի գիտաշխատող
Ցեղասպանագիտական հանդես 6 (1), 2018


_________________________________________




ՀԱՎԵԼՎԱԾ


Պատկեր 1.
1915 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված
25 հոդվածներից կազմված կանոնադրության
օսմաներեն բնագրի առաջին և վերջին էջերը:
Կրում է «13 սեպտեմբեր 1331 [1915]-ին
տրված ժամանակավոր օրենքի գործադրումը հստակեցնող կանոնագիր» խորագիրը:
Միհրան Մինասյանի հավաքածու






Պատկեր 2. 1915 թ. հոկտեմբերի 26-ի կանոնադրության
օսմաներեն բնագրի 8 և 9-րդ էջերը և 16-րդ հոդվածը.
«եկեղեցիներում գտնվող գույքերը, պատկերները, սուրբ գրքերը պետք է արձանագրվեն տոմարի մեջ
և վերցվեն պահպանության ներքո,
իսկ դպրոցների, վանքերի և ընդհանրապես դպրոցական պիտույքների
ու կահկարասու օգտագործման
իրավունքը փոխանցել կրթական տեսչություններին»:
Միհրան Մինասյանի հավաքածու






Պատկեր 3. Գույքագրման ձևաթղթի օրինակ
յուրաքանչյուր հայ ընտանիքի գույքի գրանցման համար՝
կցված տեղահանված հայերի
«լքյալ» անշարժ գույքի տնօրինման
վերաբերյալ 1915 թ. դեկտեմբերի
2(15)-ին ընդունված հավելյալ օրենքին:
Միհրան Մինասյանի հավաքածու




Պատկեր 4. Առաքել Չաքրյանի նամակը՝
ուղղված Զավեն արք. Եղիայանին,
Բերա, 1919 թ., 16 մարտ:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվ, անմշակ ֆոնդ






Պատկեր 5. Ներքին գործերի նախարարության
Աշիրեթների բնակեցման և
մուհաջիրների վարչության՝ Կեսարիայի
«լքյալ գույքերի» հանձնաժողովի նախագահությանն
ուղղված հրահանգը,
1915 թ. 8 սեպտեմբերի
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան,
Կաթողիկոսական դիվան, ցուցակ 29ա, թղթ. 3, վավ. 142:





Պատկեր 5-ի թարգմանությունը.
«Հանուն ամենակարող Աստծո
Բաբը Ալի մուհաջիրների տնօրինություն թիվ ընդհ. 583 մասն. –
Կեսարիայի Լքյալ գույքերի հանձնաժողովի նախագահությանը


Ինչպես 24 օգոստոս [1]331 [1915] թվակիր և թիվ 529 ընդհանուր
շրջաբերականով տեղեկացրել էինք, որ հեռացված հայերի լքյալ գույքերից՝
դպրոցներին անհրաժեշտ իրերն ու դպրոցական շենքերը պետք է հանձնել կրթական
տեսչություններին իսլամ երեխաների օգտին: Սակայն պատվարժան Կրթության նախարարությունից տեղեկացանք, որ որոշ վայրերում Լքյալ գույքերի
հանձնաժողովները չեն հանձնել շենքերն ու գույքերը: Հետևաբար, վերստին
տեղեկացնում ենք նշվածի համաձայն դպրոցներին [իսլամական] անհրաժեշտ
նմանատիպ գույքերն ու շենքերը կրթական տեսչություններին հանձնելու մասին, էֆենդիս:

19 Zilkade [1]333
8 սեպտեմբեր [1]331
Ներքին գործերի նախարարության
փոխխորհրդական Մեհմեդ Սուբհի»:


Պատկեր 6. Կեսարիայի կրթական տեսուչի՝
Կեսարիայի «լքյալ գույքերի»
հանձնաժողովի նախագահությանն ուղղված
պատասխան-գրությունը՝
կից ուղարկված բռնագրավված
24 դպրոցների ցանկով,
1915 թ. սեպտեմբերի 12
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան,
Կաթողիկոսական դիվան, ցուցակ 29ա, թղթ. 3, վավ. 148:







Պատկեր 6-ի թարգմանությունը
Հանուն ամենակարող Աստծո
Կեսարիայի կրթական տեսչություն թիվ 52 (կնիք)

Կեսարիայի Լքյալ գույքերի հանձնաժողովի պատվարժան նախագահություն


Կեսարիա գավառից, [շրջակա] գյուղերից և Դևելուի գավառակից տեղափոխված
հայերի լքյալ վարժարաններից ցարդ գրավված քսանչորս դպրոցների մեկ կտոր
ցանկը կից ուղարկում ենք Ձեզ՝ ի պատասխան 12 սեպտեմբեր [1]331 [1915]
թվակիր Ձեր գրության, էֆենդիս:

12 սեպտեմբեր [1]331
Կեսարիայի կրթական տեսուչ
Մեհմեդ Թևֆիգ

Սանջակի կենտրոն Կեսարիայից, գյուղերից և Դևելուի գավառակից այլ վայրեր
տեղափոխված հայերի լքյալ դպրոցների՝
Կրթական տեսչության համար գրավված 24 դպրոցների ցանկը

12 սեպտեմբեր [1J331





Օսմաներեն բնագրից թարգմանությունը՝ բանասեր,
ՀՑԹԻ հիմնադրամի բաժնի վարիչ Միհրան Մինասյանի:


Հոդվածը հղումներով կարող եք կարդալ՝ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ







FOLLOW US



DONATE

DonateforAGMI
TO KEEP THE MEMORY OF THE ARMENIAN GENOCIDE ALIVE

Special Projects Implemented by the Armenian Genocide Museum-Institute Foundation

COPYRIGHT

DonateforAGMI

AGMI BOOKSTORE

1915
The Armenian Genocide Museum-Institute’s “World of Books”

TESTIMONIAL OF ARMENIAN GENOCIDE SURVIVORS

Testimonial
THE AGMI COLLECTION OF UNPUBLISHED MEMOIRS

ONLINE EXHIBITION

Temporary exhibition
SELF-DEFENSE IN CILICIA DURING THE ARMENIAN GENOCIDE

DEDICATED TO THE CENTENNIAL OF THE SELF-DEFENSE BATTLES OF MARASH, HADJIN, AINTAB

LEMKIN SCHOLARSHIP

Lemkin
AGMI ANNOUNCES 2022
LEMKIN SCHOLARSHIP FOR FOREIGN STUDENTS

TRANSFER YOUR MEMORY

100photo
Share your family story, Transfer your memory to generations.
On the eve of April 24, the Armenian Genocide Museum-Institute undertakes an initiative “transfer your memory”.
“AGMI” foundation
8/8 Tsitsernakaberd highway
0028, Yerevan, RA
Tel.: (+374 10) 39 09 81
    2007-2021 © The Armenian Genocide Museum-Institute     E-mail: info@genocide-museum.am