Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |   Рус  |  Fr  

Home
Main
About AGMI
Mission statement
Director's message
Contacts
Pre-Genocide Armenia
History of Armenia
Pre-Genocide photos
Intellectuals
Armenian Genocide
What is Genocide
Armenian Genocide
Chronology
Photos of Armenian Genocide
100 photographic stories
Mapping Armenian Genocide
Cultural Genocide
Remember
Documents
American
British
German
Russian
French
Austrian
Turkish

Research
Bibliography
Survivors Stories
Eye-Witnesses
Media
Quotations
Public Lectures
Recognition
States
International organizations
Provincial governments
Public petitions
AGMI Events
Delegations
Museum G-Brief
News
Conferences
Links
   Museum
Museum Info
Plan a visit
Permanent exhibition
Temporary exhibition
Online exhibition  
Traveling exhibitions  
Memorial postcards  
   Institute
Goals & Endeavors
Publications
AGMI Journals  
Library
AGMI collection
   Tsitsernakaberd Complex
Description and History
Memory alley
Remembrance day
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻ ՎԱՂ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ



Գևորգ Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

book

«Կեղծիքի ավանդույթի սկզբնաղբյուրը»
1917 թ. Օսմանյան կայսրության
Ներքին գործերի նախարարության
քարոզչական հրատարակության տիտղոսաթերթը
Թուրքիայի կողմից շուրջ մեկ դար շարունակվում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը, որի «ակադեմիական» հենքն ապահովելու համար միտումնավոր շրջանցվում է արդարության, գիտական անաչառության ու անկողմնակալության սկզբունքը: Վերջին տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մենագրությունների և հոդվածների պակաս չի նկատվել: Դրանցում ընդհանուր առմամբ զարգացվում են դեռևս կոտորածների ընթացքում շրջանառության մեջ դրված մի քանի թեզեր՝ փորձելով տարբեր «փաստարկներով» գիտական հանրությանը պարտադրել պատմության իրենց վարկածը: Այդ թեզերի ակունքները կարելի է գտնել Մեծ եղեռնի և դրան հաջորդած տարիներին երևան եկած մի շարք հրատարակություններում, որոնցում փորձ էր արվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել իրադարձությունների ընթացքից, աղավաղել փաստերը կամ պարզունակ կերպով հերքել հայերի ոչնչացման գործում թուրքերի դերակատարությանն առնչվող ցանկացած մեղադրանք:

Այս հոդվածում քննական մոտեցմամբ դիտարկելու ենք թուրքական վաղ հրատարակություններից մեկը, որը, իրավամբ, կարելի է համարել Հայոց ցեղասպանության ժխտման և կեղծարարության «հիմնարար մատյան»: Խոսքը վերաբերում է դեռևս 1916 թ. Կ. Պոլսում օսմաներեն հրատարակված «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործունեությունը Սահմանադրության հռչակումից առաջ և հետո» (այսուհետ՝ «Հայկական կոմիտեներ…») խորագրով գրքին, որը մեկ տարի հետո լույս է տեսել նաև ֆրանսերեն թարգմանությամբ(1): Մեր առջև դրված խնդիրը, սակայն, սահմանափակվելու է քարոզչական այս հրատարակությունում հայկական ավանդական կուսակցություններից երկուսի՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան և Հայ յեղափոխական դաշնակցության գործունեության լուսաբանման` այս գրքում կիրառվող որոշ մոտեցումների քննությամբ: Մասնավորապես, ժամանակագրական առումով դիտարկելու ենք Առաջին աշխարհամարտի նախօրեին հայկական երկու քաղաքական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող որոշ հարցերի թուրքական մեկնաբանությունը:

Գրքի հրատարակման պատճառները և նպատակները

Այս հատորը կազմվել և հրատարակվել է Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարության կողմից, որին տրվող կարևորությունն այնքան մեծ է եղել, որ շատ արագ թարգմանվել է նաև ֆրանսերեն: Բովանդակային առումով այն նվիրված է հայկական կուսակցությունների գործունեության, հայ ազգային-ազատագրական պայքարի և դրանում քաղաքական ուժերի դերակատարության լուսաբանմանը: Հատորը կազմվել է նաև որպես յուրահատուկ հակակշիռ Լորդ Ջեյմս Բրայսի և պատմաբան Առնոլդ Թոյնբիի կազմած փաստաթղթերի ժողովածուին՝ «Կապույտ գրքին»: Սակայն, ի տարբերություն վերջինի, այն չուներ ո՛չ արժանահավատություն, ո՛չ գիտականություն(2): Պատմաբան Ռ. Սաֆրաստյանը, հետազոտելով բազմաթիվ թուրքական աղբյուրներ, ընդգծում է այն փաստը, որ ժամանակակից թուրք հեղինակների կողմից կիրառվող կեղծիքի «ավանդույթի» սկզբնաղբյուրն այս գիրք-տեղեկագիրն է(3): Ընդհանուր առմամբ, այս հրատարակության գլխավոր նպատակը ոչ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին արևմտահայության տեղահանությունների և կոտորածների համար պատասխանատվությունից խուսափելն էր, այլև զանազան արդարացումների միջոցով դրանց համար հայերին մեղադրելը:

«Կարևորությունը» և առաջին քննադատությունները

Հատորում ամփոփված տեղեկությունները գլխիվայր շրջում էին իրականությունը՝ բոլոր իրադարձությունները ներկայացնելով կողմնակալ և կեղծված: Ժամանակագրական առումով տեղեկագիրը սկսում է Օսմանյան կայսրության կազմում հայտնվելուց հետո հայերի «ապահով» և «արտոնյալ» դրության ներկայացմամբ՝ դրան հակադրելով արևելահայերի վիճակը: Կտրուկ անցում կատարելով XIX դար՝ գրքի հեղինակ(ներ)ը՝ ներկայացնում են հայ ազատագրական խմբակների կազմավորման, ինչպես նաև արևմտահայ և արևելահայ մամուլի պատմությունը: Այնուհետև գլուխ առ գլուխ հաղորդում են հայկական կուսակցությունների ծագման, ծրագրերի, դրանց անդամների գործելակերպի վերաբերյալ խեղաթյուրված, կեղծված կամ պարզապես հորինված տեղեկություններ: Այնուամենայնիվ, այս հատորը չի կարելի համարել միայն գիտականությունից և հավաստիությունից զուրկ, սուտ տեղեկությունների ժողովածու: Ամբողջ գրքում կարմիր թելի պես առաջ է տարվում այն գաղափարը, որ հայերի տեղահանությունների և կոտորածների գլխավոր մեղավորն իրենք՝ հայերն են: Այդ դրույթն ապացուցելու համար հայերին մեղադրում են դավաճանության, Օսմանյան կայսրությունը կործանելու, մուսուլման բնակչությանը ոչնչացնելու նպատակադրվածության մեջ և այլն: Հաշվի առնելով, որ տեղեկագիրը կազմվել և հրատարակվել է պետության կողմից, բնականաբար, արտահայտում էր հայերի կոտորածների վերաբերյալ վերջինիս պաշտոնական դիրքորոշումը:

Բավական ուշագրավ են հատորում ամփոփված լուսանկարները կամ դրանց նմանահանությունները: «Հայերի դավադրության այս անհերքելի ապացույցների» մեծ մասը ևս կեղծիք է: Այսպես, հավելվածում ներկայացված լուսանկարներից մեկում պատկերված են իբրև թե հայերի կողմից սպանված թուրքերի դիակներ, որոնց վրա սգում են թուրք կանայք: Սակայն նույն նկարն ուշադիր դիտարկելու դեպքում երևում է, որ դիակների մեծ մասի վրա հագուստ չկա, այլ միայն լուսանկարելուց առաջ են դրանք «հանդերձավորվել»՝ ծածկվելով կտորներով: Նույն տեսարանը լուսանկարվել է մի քանի դիտանկյունից: Իրականում դրանք հայ տղամարդիկ են, որոնց սպանել են թուրքերը: Զինաթափված և անպաշտպան հայերը տարագրության ճանապարհին ինչպե՞ս կարող էին սպանել թուրքերին, առավել ևս՝ թալանել նրանց հագուստը: Մեկ այլ լուսանկարում էլ ներկայացնում են «հայերից բռնագրավված» զենքերը: Չի ներկայացվում և ոչ մի ապացույց, որ դրանք պատկանել են հայերին (4):

Հատորի տպագրությունը չէր կարող աննկատ մնալ ժամանակակիցների աչքից: Հրատարակությունից շատ չանցած՝ արևմտահայ մամուլում հայտնվեցին հոդվածներ, որոնք բացահայտում էին «Հայկական կոմիտեներ…»-ում եղած կեղծարարությունները: Առաջին քննադատներից մեկը պատմաբան Լեոն էր, ով 1918 թ. «Ժողովրդի ձայն» թերթի համարներում հանգամանալից անդրադարձել է խնդրո առարկա գրքին, քննադատել դրա կողմնակալությունն ու փաստարկների անհեթեթությունը: Առաջինը հենց Լեոն էր, որ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ չնայած տիտղոսաթերթի վրա բացակայում է նշումը, որը կհաստատեր, որ հատորը տպագրվել է կառավարության կողմից, այնուամենայնիվ դա հաստատվում է հրատարակության բովանդակությունն ու ձևը դիտարկելիս: Անվանի պատմաբանը կարողացել է ճիշտ ընկալել նաև հրատարակման դրդապատճառները՝ նշելով, որ դրա միջոցով փորձ է արվել հայերի ոչնչացումը փաստող արևմտյան հրատարակություններին հակակշիռ ստեղծել (5): Լեոյի քննադատությունը զգալիորեն ուղղվել է նաև հայկական կուսակցությունների դեմ: Սակայն ցավալին այն է, որ կուսակցությունների գործելակերպի՝ Լեոյի քննադատությունները հաճախ ոչ ընդունելի գնահատականներ են(6):

«Հայկական կոմիտեներ…»-ում տեղ գտած կեղծարարությունների բացահայտման գործում մեծ աշխատանք է կատարել հայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ, «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» անդամ Տիգրան Հովհաննիսյանը (1865-1921) (7): Հայ հեղինակի կողմից բացահայտված թուրքերի կեղծարարությունները հանգում էին հետևյալ կետերին՝ 1. Նախ զուգահեռներ տանելով Հայոց ցեղասպանությունը փաստող հիմնական սկզբնաղբյուրներից մեկի՝ Լորդ Բրայսի կազմած փաստաթղթերի ժողովածուի հետ՝ Տ. Հովհաննիսյանն ընդգծում է այն փաստը, որ ի տարբերություն «Կապույտ գրքի»՝ «Հայկական կոմիտեներ…»-ում պարունակվող բոլոր վկայությունների հեղինակները թուրքեր են: Այսինքն՝ հայերի կողմից մուսուլմանների սպանության պատմությունների վկաները, նրանց հարցաքննողները, ինչպես նաև արձանագրություն կազմողները եղել են թուրքեր (բնագրում՝ տաճիկ): 2. Հայկական կուսակցությունների գործունեությանն առնչվող փաստաթղթերը ներկայացվում են միտումնավոր թյուր և աղավաղված թարգմանությամբ: 3. Շրջանառության մեջ են դրվել բազմաթիվ անհայտ ծագման «փաստաթղթեր», հատկապես մասնավոր բնույթ կրող նամակներ, որոնք չեն պատասխանում այն հարցերին, թե ինչպես են թուրքերի ձեռքն ընկել, ի՞նչ ապացույց կա, որ դրանք իրենք՝ թուրքերը չեն գրել, կամ եթե հայերն են գրել, ապա ո՞վ է թարգմանել դրանք, ի՞նչ բարեխղճությամբ և հմտությամբ: 4. Գրքում առկա են ակնհայտ սուտ վկայություններ, որոնց հավաստիության գլխավոր երաշխիքը մուսուլման վկաների երդումն էր(8):

book

1916 թ. հրատարակված բրիտանական
«Կապույտ գիրքը», որում
ամփոփված ապացույցները
«հերքելուն» էր ուղղված 1917 թ.
թուրքական հրատարակությունը:
«Հայկական կոմիտեներ…»-ում եղած կեղծարարություններին բավական ուժեղ հակահարված տվեց Գրիգոր Չալխուշյանը (9) (1861-1939)՝ 1919 թ. հրատարակելով «Կարմիր գիրք» խորագրով մի աշխատություն (10), որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության առումով ունի սկզբնաղբյուրային կարևոր նշանակություն: Ինչպես հեղինակն է նշում, գրքի «կարմիր» անվանումը պայմանավորված է ոչ թե կազմի գույնով, այլ այն խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը: «Կարմիր գիրքը» փաստորեն հրատարակվել էր թուրքերի կազմած տեղեկագրին հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունից: Այս հատորի հրատարակության մեջ օգտագործված փաստաթղթերի զգալի մասը նախկինում անհայտ էր և հետևաբար առաջին անգամ էր դրվում գիտական շրջանառության մեջ: Բացի այդ, ի տարբերություն «Հայկական կոմիտեներ…»-ի փաստաթղթերի մեծ մասի, «Կարմիր գրքում» նշվում էին օգտագործված սկզբնաղբյուրները:

«Հայկական կոմիտեներ…»-ի քննադատներից յուրաքանչյուրը փորձել է յուրովի բացահայտել և ապացուցել դրա կեղծիքները, որոնք այնքան շատ են, որ դրանցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալու դեպքում հարկ կլիներ գրել մի ամբողջ հատոր:

Հ. Յ. Դաշնակցություն և Ս. Դ. Հնչակյան կուսակցությունների
գործունեության հետ կապված մի քանի հարցերի՝ թուրքական մեկնաբանություն:

Փաստարկներ և հակափաստարկներ


Նախ, կարևոր է Առաջին աշխարհամարտից առաջ՝ 1914 թ. հուլիսի կեսին, տեղի ունեցած Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ութերորդ ընդհանուր ժողովի հետ կապված որոշ հարցերի պարզաբանումը: Հայտնի է, որ ժողովը հաստատեց «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ընդդիմադիր լինելու իր դիրքորոշումը: Դրա արդյունքում ընդունված բանաձևում առկա էր հետևյալ ձևակերպումը. Ժողովը չի ժխտել գործակցութեան սկզբունք այն համապետական կարևոր խնդիրներուն համար, որոնք համապատասխան են մեր կուսակցութեան ծրագրական պահանջներուն»(11):

Այս նախադասությունը բացակայում է «Հայկական կոմիտեներ…»-ում ներկայացված հայերեն փաստաթղթի ֆրանսերեն թարգմանության մեջ, ինչն ամենևին էլ պատահական չէ: Դրա փոխարեն թարգմանության մեջ ավելացվել է բնագրում գոյություն չունեցող մի նախադասություն («… և կխուսափեն որևէ առնչություն ունենալ նրա հետ ուրիշ հանգամանքներում»)(12): Չբավարարվելով դրանով՝ նախադասությանը համապատասխան հղումով տողատակում ավելացվել է բառացիորեն հետևյալը՝ «Cette décision a été prise à l'unanimité à la première reance (պետք է լիներ՝ séance - Գ. Վ.) du Congrée» (հայերեն՝ «Այս որոշումը միաձայն ընդունվեց կոնգրեսի առաջին նիստին»)(13), որն ակնհայտ կեղծիք է:

Դաշնակցությունը, չնայած իր ընդդիմադիր կեցվածքին, չէր գնում բացահայտ առճակատման, ինչը թելադրված էր արևմտահայության անվտանգության հարցի գիտակցմամբ: Այս ժողովի հետ կապված անցքերն ունեն բացառիկ նշանակություն Հայոց ցեղասպանության ժխտման հենքերից մեկի՝ «հայերի դավաճանության» թեզի ձևավորման առումով: Անշուշտ, «Հայկական կոմիտեներ…»-ի մեջ տեղ չեն գտել իրենց՝ թուրքերի կողմից ժողովի և ժողովականների վրա ճնշում գործադրելու մասին հիշատակումներ, մինչդեռ դեպքերի անաչառ հետազոտությունը ենթադրում է նաև դրանց դիտարկումը:

1914 թ. հուլիսի վերջին Դաշնակցության Ընդհանուր ժողովի կողմից ընտրվել էր 9 հոգուց բաղկացած մի հանձնաժողով, որը պետք է զբաղվեր «առկախ մնացած հարցերով»(14): Շուտով Էրզրում է ժամանում իթթիհադականներից կազմված մի պատվիրակություն և բանակցություններ սկսում դաշնակցականների հետ (15): 1914 թ. օգոստոսի 15-ին Էրզրումում տեղի է ունենում Դաշնակցություն ու «Միություն և առաջադիմություն» կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցություն: Իթթիհադի կողմից բանակցությունները վարում էին այստեղ շտապած Բեհաէդդին Շաքիրը, Նաջի բեյը և Խալիլ բեյը: Թուրքերի կողմից Դաշնակցությանն առաջարկվում է. «Ռուսաստանը և նրա դաշնակիցներն ի վիճակի չեն դիմակայելու կենտրոնական տերություններին. ամբողջ մահմեդական աշխարհը՝ Մարոկկոյից Բելուջիստան և Աֆղանստան, համախմբվել է Թուրքիայի շուրջը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դեմ պայքարելու համար. Կովկասում մեզ կմիանան վրացիները և մուսուլմանական ցեղերը, որոնց Թուրքիան կկազմակերպի և կապահովի զենքով: Սակայն Կովկասում մեր հաջողությունն ամբողջությամբ ձեր ձեռքում է, և կովկասյան հակառուսական շարժումը գլխավորելու՝ ձեր համաձայնության դեպքում բավարար կլինի Կովկաս ուղղել 200-300 հազար մարդ, որպեսզի ռուսներին հետ շպրտեն Կովկասյան լեռներից այն կողմ. ռուսների վտարումից հետո հյուսիս-արևմուտքում մենք կկազմավորենք ինքնավար Վրաստան՝ Քութայիսի, Թիֆլիսի, Բաթումի և Տրապիզոնի նահանգի մի մասի սահմաններում, հյուսիսարևելյան մասում կառանձնացնենք մուսուլմանական ինքնավար մարզ՝ ներառելով Դաղստանը, Բաքվի նահանգը և Ելիզավետպոլի նահանգի մի մասը, և վերջապես կենտրոնական մասում կկազմավորենք ինքնավար Հայաստան Երևանից, Կարսից և Ելիզավետպոլի նահանգի արևմտյան մասից՝ դրան միացնելով Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները»(16):

Երիտթուրքերի առաջարկում թաքնված նպատակների մասին Լեոն նշում է. «Երիտասարդ թիւրքերի այս ծրագիրը Հարաւային Կովկասը հեշտութեամբ նւաճելու ծրագիրն էր, որ ունէր, անշուշտ, գերմանական ծագում»(17):

Առկա էր նաև ակնհայտ մի բան, որը միանգամից ուշադրություն է գրավում: Խոսքը հայերին ինքնավարություն (ընդգծումն իմն է՝ Գ. Վ.) տալու մասին է, ընդ որում երիտթուրքերի առաջարկած «Ինքնավար Հայաստանի» (ընդգծումն իմն է՝ Գ. Վ.) տարածքը Երևանի ու Ելիզավետպոլի նահանգներից և Կարսի մարզից բացի ընդգրկելու էր օսմանյան վարչական միավորներից Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները: Այսինքն՝ իրենք՝ երիտթուրքերն էին հայերին առաջարկում ինքնավարություն, մինչդեռ ինքնավարության գաղափարն այդքան ջանասիրաբար պախարակվում է «Հայկական կոմիտեներ…»-ում: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ երիտթուրքերը, փաստորեն, ռուսների դեմ ապստամբության առաջարկ էին անում: Ավելին, Իթթիհադի լիազորներն իրենց հետ Էրզրում էին բերել մի քանի տասնյակ կովկասցի թուրքեր, որոնք հավաստիացնում էին, թե գնում են Կովկաս՝ խռովություններ և ապստամբություններ կազմակերպելու և հնարավոր պատերազմի դեպքում ռուսական բանակի թիկունքը կազմալուծելու նպատակով (18): Ըստ Բեհաէդդին Շաքիրի և Նաջի բեյի՝ հայերի չմիանալը կարող էր ծանր հետևանքներ առաջացնել (19): Անշուշտ, երիտթուրքերի այս խոստումները ոչ մի արժեք չունեին. նպատակը հայերին ռուսների դեմ օգտագործելն էր, սակայն գլխավորն այն է, որ նրանք առաջարկում էին մի բան, որի համար միշտ մեղադրել էին հայերին:

book

Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության
և հայերի պահանջատիրության
վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական
տեսակետն արտահայտող տեղեկագիր`
տեղադրված Թուրքիայի
Արտաքին գործերի նախարարության կայքէջում:
Այստեղ ամփոփված կեղծիքների զգալի
մասի համար որպես
սկզբնաղբյուր է ծառայում 1917 թ.
թուրքական հրատարակությունը:
Օգոստոսյան խորհրդակցությանը Դաշնակցությունը ներկայացնում էին Ռոստոմը, Ակնունին և Վռամյանը: Ի պատասխան երիտթուրքերի առաջարկին՝ անփոփոխ է մնում Դաշնակցության Յոթերորդ ընդհանուր ժողովի որոշումը, որի համաձայն՝ պատերազմի պարագային, իւրաքանչիւր պետութեան քաղաքացի պէտք է կատարէ իր պարտականութիւնները՝ իր պետութեան նկատմամբ»(20):

Բացի այդ Դաշնակցության ղեկավարները փորձում էին թուրքերին համոզել հրաժարվել պատերազմի մեջ մտնելու մտադրությունից, քանի որ դա կարող էր վտանգավոր լինել կայսրության ապագայի համար(21):

Այս առումով ուշագրավ են Ուինսթոն Չերչիլի խոսքերը, ով հայերի կայացրած որոշման կապակցությամբ նշում է. «…Թուրքական կառավարությունը՝ հետամուտ սեփական շահերին, ջանում էր ապահովել հայերի օգնությունը, հատկապես Ռուսաստանում ապրող հայերի: Հայ ղեկավարների առջև սարսափելի այլընտրանք ծառացավ՝ արդյոք պետք է իրենց ժողովրդի ամբողջ ուժը դնել Ռուսաստանի կամ Թուրքիայի տրամադրության տակ, թե համաձայնել, որ իրենց ժողովուրդն առաջվա պես մնա բաժանված, և նրա որդիները թշնամական բանակներում պայքարեն միմյանց դեմ: Վերջիվերջո, նրանք եկան այն եզրակացության, որ պատերազմի դեպքում Թուրքիայում և Ռուսաստանում ապրող հայերը պետք է կատարեն իրենց պարտքն այն պետության նկատմամբ, որի հպատակներն են: Նրանք ավելի խելամիտ համարեցին գնալ եղբայրասպան պայքարի, մարտնչելով տարբեր ճամբարներում, քան, իրենց ճակատագիրը կապելով կողմերից մեկի հաղթանակի հետ, վտանգել ազգի ամբողջական գոյությունը (ընդգծումն իմն է՝ Գ. Վ.)»(22):

Դաշնակցության այս դիրքորոշումը թուրքերն ընկալեցին որպես դավաճանություն՝ որակելով այն ռուսասիրություն(23): Հետագայում արդեն ժխտողական պատմագրության մեջ թուրք հեղինակները սկսեցին «աճպարարություններ» անել այս խեղաթյուրումների վրա (24): Այս առումով կարևոր նկատառում է արել թուրք սոցիոլոգ և պատմաբան Թ. Աքչամը, ով նշում է, որ երիտթուրքերի՝ Էրզրում ժամանելու գլխավոր նպատակը ոչ թե Դաշնակցության ժողովին մասնակցելն էր, այլ «Հատուկ կազմակերպության» ջոկատներ ստեղծելը: Ժողովը միայն հարմար պատրվակ էր, որպեսզի նրանք ժամանեն Էրզրում՝ խնդիր ունենալով նաև չեզոքացնել ժողովի դաշնակցական մասնակիցներին (25): Աքչամի այս դիտարկումը, որը հիմնված է օսմանյան աղբյուրների վրա, լրիվ հաստատվում է, եթե հաշվի առնենք, որ օգոստոսի վերջին տեղական իշխանությունները ձերբակալում և բռնի Կ. Պոլիս և Սամսուն են արտաքսում դաշնակցական երկու ղեկավարներին՝ Ակնունուն (Խաչատուր Մալումյան) և Վահան Մինախորյանին(26):

«Հայկական կոմիտեներ…»-ի մեջ շատ է անդրադարձը Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Դա ամենևին էլ պատահական չէ. Հնչակյան կուսակցությունը միշտ էլ աչքի է ընկել «Միություն և առաջադիմություն» կուսակցության նկատմամբ ընդգծված ընդդիմադիր կեցվածքով: 1913 թ. Կոստանցայի (Ռումինիա) համագումարից հետո, երբ հնչակ պատվիրակները ժամանեցին Կ. Պոլիս, ձերբակալվեցին և 1915 թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին: Հնչակյան կուսակցության 20 գործիչների դատավարության դիտարկումն ունի կարևոր նշանակություն: Ինչպես նշվում է Արսեն Կիտուրի կողմից խմբագրված՝ Հնչակյան կուսակցության պատմությունը ներկայացնող գրքի մեջ, հնչակյանների ձերբակալության հետ մեկտեղ երիտթուրքերն առգրավվեցին նաև նրանց արխիվները, այդ թվում՝ Ս. Դ. Հնչակյան կուսակցության՝ Թուրքիայում կայացած Երրորդ պատգամավորական ժողովի արձանագրությունները (27): Ինքը՝ Արսեն Կիտուրը ևս ընդգծում է, որ Երրորդ պատգամավորական ժողովից մնացած որոշ պատառիկներ (ժողովի Ա նիստի հայերեն բնագիրը և հաջորդող երկու էջերի վրա Երրորդ պատգ. ժողովի վերջնական որոշումները (թուրքերեն) շրջաբերականի ձևով և դրանց թարգմանությունը) պահպանվել են «Հայկական կոմիտեներ…»-ում:

Այստեղ անհրաժեշտ եմ համարում հնարավորության սահմաններում մանրակրկիտ դիտարկել փաստերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հայկական կոմիտեներ…»-ի մեջ հայկական կուսակցություններին ուղղված մեղադրանքները հատկապես ծանր են Հնչակյան կուսակցության առումով: Գլխավոր խնդիրն այն է, որ հնչակյանների հասցեին հնչեցվող մեղադրանքները հիմնվում են վերը նշված մի քանի փաստաթղթերի վրա, որոնց բնագրերը չկան: Երկրորդ՝ բռնագրավված փաստաթղթերն ամբողջությամբ չեն ներկայացվում, մյուս կողմից դժվար է որոշել, թե ներկայացված փաստաթղթերը որքանով են համապատասխանում իրականությանը՝ հաշվի առնելով «Հայկական կոմիտեներ…»-ը կազմող(ներ)ի՝ թարգմանելու բարեխղճությունը: Այս հարցի վրա անհրաժեշտություն չէր առաջանա կանգ առնել, եթե այստեղ տեղ գտած որոշ քաղվածքներ ցայսօր չհղվեին թուրքական ժխտողական պատմագրության կողմից:

Նախ «Հայկական կոմիտեներ…»-ում ներկայացվում է Ս. Դ. Հնչակյան կուսակցության՝ Կ. Պոլսում տեղի ունեցած Երրորդ պատգամավորական ժողովի յոթերորդ նիստին առնչվող տեքստ: Այն սկսվում է Կոզանը ներկայացնող պատվիրակ Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճեան) խոսքով, որին հաջորդում է նիստը նախագահող Ջանգուլյանի խոսքը: Հաջորդիվ ներկայացված տեքստն առնչվում է կուսակցության մասնաճյուղերին ուղարկվելիք շրջաբերականներին(28):

Ահա այս տեքստի մեջ է, որ ի հայտ է գալիս ակնհայտ կեղծարարությունը: Նախ, մեջբերելով շրջաբերականը, դրա մի հատվածի ֆրանսերեն թարգմանության մեջ, որտեղ խոսվում է հնչակյանների անհաջողությունների մասին, ավելացվում է մի «ծանոթագրություն». Անհաջողություն ռեֆորմներում, դավադրությունների կազմակերպման մեջ, արված ռուս քննիչների նշանակման ուղղված քարոզչության մեջ և այլն և այլն(29):

Տողատակում տրված այս «ծանոթագրությունն» արդեն հորինվածք է և թուրքերի տեսակետը, քանզի այն չի եղել բնագրում: «Հայկական կոմիտեներ…»-ի թուրքերեն տարբերակում հանդիպող ֆոտոպատճեններում առկա է միայն Հնչակյանների՝ Պոլսի պատգամավորական ժողովը ներկայացնող 5 էջ հայերեն փաստաթուղթ (30): Դրանցից առաջինն արտատպված է Ա. Կիտուրի գրքում: Սակայն այդ հինգ թերթում բացակայում են մասնաճյուղերին տրվող շրջաբերականները: Ստացվում է, որ մի քանի էջ գրեթե ոչինչ չասող լուսապատճենված հայերեն տեքստը, որի մեծ մասը զբաղեցնում է ժողովի մասնակիցների անունների թվարկումը, դառնում է հնչակյանների «դավադրության անհերքելի ապացույց»: Իհարկե, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Արսեն Կիտուրը, ով մասնակցել է ժողովին, այլևս չունենալով բնագիրը և ստիպված իր գրքում արտատպելով այն (31), ինչն արդեն տպագրվել էր «Հայկական կոմիտեներ…»-ում, բուն տեքստի մասին դիտարկում չի անում, սակայն նա ևս ընդգծում է, որ «հայերէն բնագիրը զանցուած ըլլալով թրքերէն հրատարակութեան մէջ, թրքերէն բնագրին թարգմանութիւնը կը ներկայացնենք հանդիպակաց էջով»(32): Այսինքն՝ նա ներկայացնում է թուրքերեն թարգմանության հայերեն տարբերակը: Իսկ քանի որ թուրքերեն հրատարակությունում շրջաբերականի ձևով վերջնական որոշումների ամբողջական լուսապատճենները չկան, այլ ներկայացվում են դրանց թուրքերեն կամ ֆրանսերեն թարգմանությունները, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում:

Մյուս կարևոր փաստաթուղթը Հնչակյան կուսակցության՝ Բուլղարիայի մասնաճյուղերի գործադիր մարմնի հայտարարությունն է՝ թվագրված 1915 թ. մարտի 9, Սոֆիա: «Հայկական կոմիտեներ…»-ի թուրքերեն տարբերակում դրված է այդ փաստաթղթի հայերեն բնօրինակի պատճենը, իսկ առավել տարածված ֆրանսերեն տարբերակում՝ տեքստի ֆրանսերեն թարգմանությունը: Դա կարելի է ավելի շուտ փոխադրություն, քան թե թարգմանություն համարել: Ամենևին նպատակ չունենալով նախադասություն առ նախադասություն ներկայացնել, թե ինչպես է թարգմանվել տեքստը ֆրանսերեն՝ փորձենք նկատել, թե ինչպես է տեքստում աճպարարություն արվում «ինքնավարություն» և «անկախություն» բառերի հետ:

Ֆրանսերեն օրինակում առկա է հետևյալ տեքստը, որի թարգմանությունն է.

«Այսպիսին է ժողովրդի ներկա վիճակը: Այսօր նրա առջև կանգնած է իր անկախության՝ «լինելու կամ չլինելու» հարցը: Այսպիսով, մենք պարտավոր ենք ավելի եռանդուն, քան երբևէ, առաջ տանել մեր անկախության համար ազգային քաղաքականությունը»(33):

Հայերեն բնօրինակը հետևյալն է.

«Ինքնապաշտպանութեան խնդիր կայ դրուած Հայ Ժողովրդի առջև, լինել չլինելու խնդիրը, ազգովին ապրելու խնդիրը: Առաւել քան երբէք հիմա է որ մենք պէտք է ստեղծենք մեր ազգային առնական քաղաքականութիւնը՝ հիմնուած գոյութեան կռուի երկաթէ օրէնքներու վրայ, որու տրամադրութիւնն է հաւաքական ինքնապաշտպանութիւնը իր իրաւունքներու և միջոցներու: «Յարձակման դեմ դիմադրութիւնը ոչ միայն արդարանալի այլ և հարկադրական է: Անդիմադրութիւնը կը մեղանջէ թէ եսասիրութեան և թէ այլասիրութեան դէմ միանգամայն»(34):

Ակնհայտ է, թե ինչպես է տվյալ պարբերությունը թարգմանվել: Ֆրանսերեն տեքստում «լինել կամ չլինել» արտահայտությունը մգացված է, ինչը բացատրվում է նրանով, որ թարգմանության մեջ հայ ժողովրդի լինել-չլինելը կապվում է անկախության գաղափարի հետ՝ ի տարբերություն հայերեն բնագրի, որտեղ խոսվում է ինքնապաշտպանության մասին: Բացի այդ բնագրում դրան հաջորդող նախադասություններում հիմնավորվում է դիմադրության անհրաժեշտությունը, իսկ ֆրանսերեն տեքստում կրկին խոսվում է անկախության համար պայքարում եռանդուն լինելու մասին: Իհարկե, ասվածը մեկ անգամ ևս հաստատվում է, եթե կարդում ենք նաև դրան նախորդող երկու նախադասությունները:

«… և Հնչակեան Կուսակցութիւնը իր միջոցները չպիտի խնայէ մինջև չստանայ իր բաղձանքներու իրական արժէքը՝ Հայաստանի տեղական Ինքնաւարութիւն՝ լայն ռամկավար կարգերով»(35):

Ահա դրանց ֆրանսերեն թարգմանության հայերեն տարբերակը. «… Հետևաբար չպետք է անտեսվի ոչ մի միջոց Հայաստանի համար անկախության հասնելու` հիմնված ժողովրդավարական լայն հիմքի վրա»(36):

Ակնհայտ է, որ գրքի հեղինակ(ներ)ը ջանք չեն խնայում ցույց տալու ինչ-որ դավադրության, հայերի կողմից անկախության ձգտումների մասին: Եվ այդ ամենը կատարվում է սխալ թարգմանության, բառերի արհեստական փոփոխության միջոցով: Ցայսօր այս գիրք-տեղեկագիրը թուրք և թուրքամետ հեղինակների համար չի կորցրել իր «արդիականությունը»: Ավելին՝ այն օգտագործվում է որպես «կարևոր» և «արժանահավատ» սկզբնաղբյուր: Ասվածի ապացույցներից մեկն էլ Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջներին առնչվող երկու տեղեկագրերն են(37ս), որոնցում, փաստորեն, ներկայացվում է հարցի վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական տեսակետը: Անկարայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմած զույգ տեղեկագրերում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման «փաստարկները» մեծապես հիմնվում են նաև «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործողությունները Սահմանադրության հռչակումից առաջ և հետո» գրքի վրա: Չնայած թուրքական կողմի՝ դրան տրվող մեծ նշանակությանը, այնուամենայնիվ, գիրք-տեղեկագիրը, չունենալով հավաստիություն և գիտականություն, չի դիմանում որևէ փորձաքննության և միմիայն կարելի է դիտարկել որպես պետական քարոզչության դրսևորում:

Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.


_________________________________________________________________
1-Ermeni Komiteleri’nin Âmâl ve Harekât- ı İhtilâliyesi: İ’lân-ı Meşrûtiyet’ten Evvel ve Sonra, İstanbul, 1332 (1916). Տե՛ս նույնի ֆրանսերեն թարգմանությունը՝ Aspirations et agissements révolutionnaires des comités arméniens avant et après la proclamation de la Constitution Ottomane, Constantinople, 1917: Հետագայում այս գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն՝ Ermeni Meselesi ve Tџrkiye, ed. Abdullah Yaman, Istanbul, Ota Yayinlari, 1973; Ermeni Komitelerinin Ihtilal Hareketleri ve Besledikleri Emeller, ed. Ismet Parmaksizoglu, Ankara, Kџltџr Bakanligi, 1981; Ermeni Terörünün Tarihcesi: Ermeni Komitelerinin Emelleri ve Ihtilal Hareketleri, ed. Enver Yasarbas, Istanbul, Petek Yayinlari, 1984.
2-Մինչև հրատարակելը Ջ. Բրայսը գիրքը ներկայացրել է երեք հեղինակավոր մասնագետների՝ Շեֆիլդի համալսարանի ռեկտորի տեղակալ նշանավոր պատմաբան Հ. Ա. Լ. Ֆիշերին, Օքսֆորդի համալսարանի հունարենի պրոֆեսոր Գ. Մյուռեին և ամերիկացի անվանի իրավաբան Մ. Սթորիին: Վերջիններս դրական գնահատական են տվել այդ գրքին: Տե՛ս Bryce James and Arnold Toynbee, The Treatment of the Armenians in the Ottoman Empire, 1915-1916: Documents Presented to Viscount Grey of Fallodon, Secretary of State for Foreign Affairs, by Viscount Bryce. With a preface by Viscount Bryce. London: H.M. Stationery Office, 1916, p. XXVII.
3-Մասնավորապես անդրադառնալով գրքում «Տեղահանության օրենքի» ներկայացմանը՝ Ռ. Սաֆրաստյանը նշում է, որ դա արված է աղճատված և առանց ստորագրությունները դնողների անունների: Տե՛ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920), Եր., «Լուսակն» հրատ., 2009, էջ 184-185:
4-Այս թեմայով հարցազրույց ունեցանք Ցեղասպանության պատկերագրությունը հետազոտող պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Վերջինս նշեց, որ դա թուրքերի կողմից կիրառվող հնարք է, այսինքն՝ սեփական զենքերը լուսանկարների միջոցով ներկայացնել որպես հակառակորդի դավադրության ապացույց: Ավելին, Հայկ Դեմոյանը ընդգծեց այն հանգամանքը, որ քարոզչական այդ հնարքը Թուրքիայի կողմից օգտագործվում է ցայսօր: Բավական է հիշել, որ 1980-ական թթ. Քրդական բանվորական կուսակցության անդամներին ձերբակալելուց հետո թուրքական հեռուստաընկերությունները ցուցադրում էին «քրդերից բռնագրավված բազմաթիվ զենքերի լուսանկարներ», որոնց զգալի մասն իրականում թուրքական ծագում ուներ:
5-«Ժողովրդի ձայն», N 54, 1918, էջ 2-3:
6-Տե՛ս նույն տեղում, էջ 3:
7-Ինչպես այս, այնպես էլ ԱՄՆ-ում Օսմանյան կայսրության նախկին դեսպան Ահմեդ Ռուստեմ բեյի (22.06.1914-04.10.1914) գրքում (տե՛ս Ahmed Rustem Bey, The World War and the Turco-Armenian Question, Berne, 1918) տեղ գտած կեղծարարությունները բացահայտելու նպատակով Տիգրան Հովհաննիսյանը գրել է «Տաճիկ կառավարությունը և իթթիհաթը մարդկության դատարանի առաջ» խորագրով մի աշխատություն: Այն նախատեսված է եղել տպագրել հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն, սակայն ֆինանսական միջոցների անբավարարությունը խոչընդոտել է այդ ծրագրի իրականացումը: Այնուամենայնիվ, Տ. Հովհաննիսյանը նշված աշխատությունը հրատարակել է Թիֆլիսում լույս տեսնող «Հառաջ» թերթի՝ 1919 թ. փետրվար և մարտ ամիսների մի քանի համարներում՝ «Թերթոն» խորագրի ներքո: 2007 թ. այդ աշխատությունն առանձին գրքույկի տեսքով հրատարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Տե՛ս Հովհաննիսյան Տ., Տաճիկ կառավարությունը և իթթիհաթը մարդկության դատարանի առաջ, Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2007:
8-Տե՛ս Հովհաննիսյան Տ., Տաճիկ կառավարությունը…, 2007, էջ 14-37:
9-Իրավաբան, պատմաբան, հասարակական գործիչ Գր. Չալխուշյանը 1918-1919 թթ. եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության փոխհյուպատոսը Դոնի Ռոստովի շրջանում: Նա իրականացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնելու, գաղթականների տեղավորման, ինչպես նաև հանգանակությունների կազմակերպման աշխատանքներ:
10-Տե՛ս Чалхушьян Г., Красная книга, Ростов-на-Дону: Ашхатанк, 1919. 2008 թ. Դոնի Ռոստովում «Կարմիր գիրքը» վերահրատարակվեց պ. գ. դ. Ս. Ս. Կազարովի գրած առաջաբանով, լրացումներով և ծանոթագրություններով: Տե՛ս Чалхушьян Г. Х., Красная книга, Переиздание с дополнениями, комментариями и примечаниями, Ростов-на-Дону: Ростиздат, 2008.
11-Լեո, Թիւրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը, Հ. Բ, Փարիզ, Տպ. Պահրի Եղբարց, 1935, էջ 76:
12-Ֆրանսերեն՝ «…et éviteront tout contact avec lui en d'autres circonstances»: Հայերեն տեքստի ֆրանսերեն թարգմանության մեջ տեղ գտած մյուս կեղծիքների մասին ավելի մանրամասն տե՛ս Հովհաննիսյան Տ., նշվ. աշխ., էջ 20:
13-Aspirations et agissements révolutionnaires…, p. 144.
14-Մինախորեան Վ., 1915 թուականը, Արհաւիրքի օրեր, Վենետիկ, Ս. Ղազար, 1949, էջ 69:
15-Տասնապետեան Հրաչ, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. ժողով (1890-1924), Աթէնք, «Դրօշակ»-ի տպարան, էջ 108:
16-Геноцид армян в Османской империи: Сборник документов и материалов. ( Под ред. М. Г. Нерисяна). – 2-е, доп. Исд. – Ер.: Айастан, 1983, N 177, стр. 333.
17-Լեո, նշվ. աշխ., էջ 78:
18-Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, «Հայաստան», 1993, էջ 8-9:
19-Նույն տեղում, էջ 9:
20- Տասնապետեան Հ., Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. ժողով (1890-1924), Աթէնք, «Դրօշակ»-ի տպարան, էջ 108:
21- Նույն տեղում:
22-Черчилль У., Мировой кризис, М.-Л.: Госвоениздат, 1932, с. 276-277.
23-Чалхушьян Г. Х., Красная книга., Переиздание с дополнениями, комментариями и примечаниями, Ростов-на-Дону: Ростиздат, 2008, с. 27.
24-Տե՛ս, օրինակ, Kamuran Gürün, The Armenian File: The Myth of Innocence Exposed, London-Nicosia-Istanbul: K. Rustem & Bro. and Weidenfeld & Nicolson Ltd, pp. 187-189.
25-Akçam T., A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, London: Constable, 2007, p. 143-144.
26-Մինախորեան Վ., 1915 թուականը. Արհաւիրքի օրեր, Վենետիկ, Ս. Ղազար: Մխիթարյանների տպարան, 1949, էջ 90-93:
27-Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, 1887-1963 թթ. (խմբագիր՝ Ա. Կիտուր), Բ հատոր, Պէյրութ: Տպարան Շիրակ, 1963, էջ 4:
28-Aspirations et agissements révolutionnaires des comités arméniens …, pp. 146-149.
29-Նույն տեղում, էջ 147:
30-Ermeni Komiteleri’nin..., s. 134-138.
31-Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան …, էջ 6:
32-Նույն տեղում, էջ 4:
33-Ֆրանսերեն տարբերակը հետևյալն է՝ «Telle est la situation actuelle de la nation. Aujourd'hui se dresse devant elle la question de son indépendance, celle d' «être ou de ne pas être». Nous devons donc défendre plus vigoureusement que jamais la politique nationale pour à notre indépendance». Տե՛ս Aspirations et agissements révolutionnaires des comités arméniens …, p. 153.
34-Այս փաստաթղթի ֆոտոպատճենը, բարեբախտաբար, առկա է թուրքերեն հրատարակության մեջ: Տե՛ս Ermeni Komiteleri’nin ..., s. 360.
35- Նույն տեղում:
36- Ֆրանսերեն տեքստը հետևյալն է. «Il ne négligera conséquemment aucun moyen pour faire obtenir à l'Arménie une indépendance établie sur une large base démocratique»: Տե՛ս Aspirations et Agissements revolutionnaires des Comités Armeniéns…, pp. 152-153.
37- Armenian Claims and Historical Facts. Question and Answers, Ankara: Center for Strategic Research, 2005, http://www.mfa.gov.tr/data/DISPOLITIKA/ErmeniIddialari/ArmenianClaimsandHistoricalFacts.pdf The Armenian ''Genocide''? Facts & Figures, Ankara: Center for Strategic Research, 2007, http://www.mfa.gov.tr/data/DISPOLITIKA/ErmeniIddialari/ArmenianGenocideFactsandFiguresRevised.pdf




© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





FOLLOW US



DONATE

DonateforAGMI
TO KEEP THE MEMORY OF THE ARMENIAN GENOCIDE ALIVE

Special Projects Implemented by the Armenian Genocide Museum-Institute Foundation

COPYRIGHT

DonateforAGMI

AGMI BOOKSTORE

1915
The Armenian Genocide Museum-Institute’s “World of Books”

TESTIMONIAL OF ARMENIAN GENOCIDE SURVIVORS

Testimonial
THE AGMI COLLECTION OF UNPUBLISHED MEMOIRS

ONLINE EXHIBITION

Temporary exhibition
SELF-DEFENSE IN CILICIA DURING THE ARMENIAN GENOCIDE

DEDICATED TO THE CENTENNIAL OF THE SELF-DEFENSE BATTLES OF MARASH, HADJIN, AINTAB

LEMKIN SCHOLARSHIP

Lemkin
AGMI ANNOUNCES 2024
LEMKIN SCHOLARSHIP FOR FOREIGN STUDENTS

TRANSFER YOUR MEMORY

100photo
Share your family story, Transfer your memory to generations.
On the eve of April 24, the Armenian Genocide Museum-Institute undertakes an initiative “transfer your memory”.
“AGMI” foundation
8/8 Tsitsernakaberd highway
0028, Yerevan, RA
Tel.: (+374 10) 39 09 81
    2007-2021 © The Armenian Genocide Museum-Institute     E-mail: info@genocide-museum.am