Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |   Рус  |  Fr  

Home
Main
About AGMI
Mission statement
Director's message
Contacts
Pre-Genocide Armenia
History of Armenia
Pre-Genocide photos
Intellectuals
Armenian Genocide
What is Genocide
Armenian Genocide
Chronology
Photos of Armenian Genocide
100 photographic stories
Mapping Armenian Genocide
Cultural Genocide
Remember
Documents
American
British
German
Russian
French
Austrian
Turkish

Research
Bibliography
Survivors Stories
Eye-Witnesses
Media
Quotations
Public Lectures
Recognition
States
International organizations
Provincial governments
Public petitions
AGMI Events
Delegations
Museum G-Brief
News
Conferences
Links
   Museum
Museum Info
Plan a visit
Permanent exhibition
Temporary exhibition
Online exhibition  
Traveling exhibitions  
Memorial postcards  
   Institute
Goals & Endeavors
Publications
AGMI Journals  
Library
AGMI collection
   Tsitsernakaberd Complex
Description and History
Memory alley
Remembrance day
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼԻ 1927 Թ. ՃԱՌԸ՝ ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱՔԱՐ



Ռեգինա Գալուստյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)


book

Թուրքիայի Հանրապետության նախագահ
Մուստաֆա Քեմալը Սվազում լատինական տառերի`
այդուհետ միակ պաշտոնական այբուբենի, բաց դաս տալիս,
L’illustration, 13 հոկտեմբերի, 1928:
Պատմությունը և պատմական հիշողությունը կարևոր են ազգաստեղծման նախագծերի համար: Անցյալի հիշողությամբ է հավաքականությունը ձեռք բերում ինքնություն: Թուրքիայի Հանրապետության դեպքում այդ ինքնության կառուցումը արհեստական էր: Այս քաղաքականության արդյունքում զարգացավ արհեստական թուրքական պատմագրությունը, որի հիմնաքարը դարձավ Մուստաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) Ճառը: Դրույթները, որոնք հիմնավորվեցին Ճառում, ինչպես օրինակ Արևմտյան Հայաստանում թուրքերի տեղաբնիկության, հայկական նահանագների թուրքական լինելու, հայերի և կայսրության բոլոր փոքրամասնությունների դավաճանության, Արևմուտքի հետ վերջիններիս համագործակցության, Հայոց ցեղասպանության մեջ թուրքերի անմեղության վարկածները, միավորվելով ստեղծեցին «թուրք ժողովրդի դեմ համաշխարհային դավադրության» տեսությունը, որը նրանց ստիպեց ընդունել իրենց թուրք ինքնությունը, միավորվել արտաքին վտանգի դեմ նոր Թուրքիայի Հանրապետության մեջ, ժխտել ամենայն հայկականը և հայերին:

Պատմությունը և դրա մասին հիշողությունը վճռորոշ են ազգաստեղծման նախագծերի համար: Անցյալի հիշողության միջոցով է հավաքականությունը ձեռք բերում ինքնություն: Թուրքիայի Հանրապետության պարագայում նման գործընթացը տեղի ունեցավ ինքնության արհեստական ձևավորման միջոցով, և այս ամենի մեջ մեծ էր Օսմանյան կայսրության` բռնության դրվագներով լի պատմությունը, որի մեջ ուրույն տեղ ուներ հայերի ցեղասպանության պատմության ձևախեղումը: Թուրքական ազգային պետություն կառուցելիս հանրապետական առաջնորդները որոշում կայացրին կենտրոնանալ ազգի ապագայի վրա: Օսմանյան անցյալը գիտակցաբար խեղաթյուրվում էր: Այս նպատակաուղղված քաղաքականության ընթացքում զարգացավ առասպելականացված թուրքական պատմագրությունը, որը հերոսացնում էր թուրքական նվաճումները, սպիտակեցնում հանցագործությունները , պարտությունների մեջ մեղադրում հատկապես քրիստոնյա փոքրամասնություններին, որոնք դաշնակցում էին Արևմուտքի հետ: Այս համատեքստում կառուցվեց նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն «թեզը», որով կատարվածի հիմնական մեղքը բարդվեց հայերի ապստամբական գործունեության վրա: Այս դիրքորոշումը շարունակվում է մինչ օրս:

Նոր ձևավորված թուրք ազգին անհրաժեշտ էր պաշտոնական պատմագրության հիմնաքար, որը դարձավ 1927 թ. հոկտեմբերի 15-20-ը Մուստաֆա Քեմալի (հետագայում՝ Աթաթուրք)` Թուրքիայի միակ օրինական Ժողովրդական հանրապետության կուսակցության համագումարին ընթերցած ճառը: Այն տևեց 36 ժամ 31 րոպե, ներկայացվեց վեց օրվա ընթացքում և պատմության մեջ մտավ Ճառ (Nutuk) անվամբ: Ինչպես ընդգծում է հենց ինքը՝ Քեմալը, նա սահմանափակվում է` միայն նշելով ուղղությունը, որով զարգանում էին իրադարձությունները, և նպատակ ունի ինչ-որ չափով դյուրին դարձնել իրենց հեղափոխությունն ուսումնասիրելու պատմության խնդիրը: Մուստաֆա Քեմալի առաջադրած տեքստն այնուհետև պարտադրվեց որպես պաշտոնական թուրքական ազգային պատմություն և ծիսականացվեց պետության կողմից: Այն վիթխարի ազդեցություն է գործել շարժման և հանրապետության առաջացման վերաբերյալ պատմագրության վրա՝ ամրապնդվելով թուրքական կրթական համակարգի միջոցով: Ճառում մատուցվող նյութի քննարկումը քրեորեն պատժելի արարք էր, և մինչ օրս գոյություն չունի դրա քննական հրատարակությունը: Այն, ինչ պետք է լիներ անցյալի «հավաքական հիշողություն», վերափոխվեց «հավաքական առասպելի»:

1919-1920 թվականներին «օտար իմպերիալիստների դեմ» ազգային անկախության համար պայքարում Թուրքիայում առաջացավ գաղափարախոսական ուղղություն՝ քեմալականություն: Այդ շարժման համատեքստում թուրք գիտնականների առջև խնդիր էր դրվում գիտականորեն հիմնավորել Փոքր Ասիայի նկատմամբ թուրքերի իրավունքը, մասնավորապես` ապացուցել թուրքերի փոքրասիական տեղաբնիկությունը: Քեմալը և քեմալականները կոչ էին անում թուրք գիտնականներին ժամանակակից թուրքերի նախնիներին փնտրել Փոքր Ասիայի հնագույն բնակիչների, օրինակ՝ խեթերի շրջանում: Տեղաբնիկության թեզի հիմքերը Քեմալը դրեց հենց իր Ճառում: Թուրք պատմաբանների համար Ճառի վստահելիությունը հիմնավորվում է մեծ քանակությամբ վավերագրերի ներառմամբ, ինչը նաև նպատակ ուներ քաղաքականացված նյութը դարձնելու պատմական բնույթի փաստաթուղթ: Այն փաստը, որ դրանք ընտրվել էին Աթաթուրքի կողմից, որպես խնդիր չէր դիտվում:

Դրույթները, որոնք Ճառում առաջ քաշվեցին և «հիմնավորվեցին», կանխորոշեցին թուրքական պատմագրության հետագա ընթացքը: Քարոզվում էին առաջընթացը և Արևմուտքի գիտատեխնիկական հայտնագործությունների ներմուծումը, ի հակադրություն անցյալի, երբ առաջնորդվում էին «մուսուլմանին վայել չէ ընդօրինակել անհավատին» սկզբունքով: Արևմուտքի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն ուներ նաև այլ պատճառ, ինչպես նշում է Քեմալը. «Պետք էր վերացնել ֆեսը, որը դրված էր մեր գլխին որպես տգիտության, ֆանատիզմի, առաջընթացի և քաղաքակրթության հանդեպ ատելության նշան, և դրա փոխարեն ներմուծել գլխարկ, ցույց տալու համար, որ թուրքական ազգի և քաղաքակիրթ ազգերի ընտանիքի միջև տարբերություններ չկան»:

Անդրադառնանք Ճառում ներկայացված մի քանի դրույթներին:

Ներքաղաքական իրադրությունը և դրա առաջին խեղաթյուրումները Ճառում

Տարիները, որ նախորդում էին Ճառի ներկայացմանը 1927 թ. հոկտեմբերին, ոչ միայն արմատական բարեփոխումների, այլև քաղաքական ընդդիմության բոլոր ձևերի ճնշման շրջան էին: «Ազատագրական պատերազմի» բոլոր գլխավոր ռազմական առաջնորդները (Քյազիմ Կարաբեքիր, Ռեֆեթ Բելե, Ալի Ֆուադ (Ջեբեսոյ), Ջաֆար Թայար, Հուսեյն Ռաուֆ (Օրբեյ)) միացել էին ընդդիմությանը: Նրանք էին Քեմալին հակադարձող միակ հավանական ուժը, ովքեր, դեմ գնալով նրա կամքին, 1924 թ. կազմավորել էին ընդդիմադիր Առաջադիմական Հանրապետական կուսակցությունը: 1925 թ. փետրվարին հարավ-արևելքում բռնկված քրդական ապստամբությունը պատրվակ բերելով` Ժողովրդահանրապետական կուսակցությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Քրդական ապստամբությունը ճնշվեց, իսկ ընդդիմադիր կուսակցությունն արգելվեց: 1926 թ. ամռանը նախագահին սպանելու դավադրության բացահայտումը օգտագործվեց Աթաթուրքի և նրա կուսակցության բոլոր հավանական մրցակիցներին ոչնչացնելու համար: Երբ Աթաթուրքը սկսել էր գրել իր Ճառը, այս դեպքերն ունեին մոտ երկու ամսվա վաղեմություն: Թուրքագետ Էրիկ Ցյուրխերը վստահ է, որ ճառը պետք է դիտել գլխավորապես որպես փորձ Աթաթուրքի կողմից արդարացնելու վեց ամիս առաջ տեղի ունեցած քաղաքական զտումները և հիմնավորելու իր առաջատար դերը: Ցյուրխերն անդրադառնում է նաև դրա մեջ առկա խեղաթյուրումներին: Նա գրում է, որ Քեմալի Ճառի առաջին միտքն է. «1919 թ. մայիսի 19-ին ես ափ իջա Սամսունում», որն Աթաթուրքը համարում է ազատագրական պայքարի սկիզբ: Այս պատկերը հեռու է իրականությունից նրանով, որ դիմադրության շարժումն ավելի քան վեց ամսական էր, երբ նա ժամանեց Փոքր Ասիա: Երկրորդ, Աթաթուրքն իր ողջ ճառի ընթացքում առաջ է քաշում այն միտքը, որ անկախության համար պայքարը մղվում էր թուրքական նոր ազգային պետություն ստեղծելու նպատակով: Նա, հնարավոր է, փայփայում էր թուրքական ազգային պետության հաստատման գաղափարը, բայց սա անշուշտ այն չէր, ինչը դրդում էր շարժումը: Նման նպատակադրումն ոչ թե իրավիճակի նկարագրություն է, այլ հետագայի մեկնաբանություն: Անկախության համար պայքարը մղվում էր Օսմանյան կայսրության (կամ նրա մի մասի) անկախ գոյության համար՝ Կոստանդնուպոլսի օկուպացված լինելու պայմաններում: Երրորդ կարևոր խեղաթյուրումը Հանրապետական Ժողովրդական կուսակցության և 1919-1922 թթ. շարժման միջև շարունակականության արհեստական ցուցադրումն էր: Անկախության համար պայքարն ուղղորդվում էր Ազգային մեծ ժողովի կողմից, որը բացվել էր 1920 թ. ապրիլի 20-ին և կազմված էր նախկին օսմանյան խորհրդարանականներից, որոնք կարողացել էին փախչել Կ. Պոլսից: Ազգային մեծ ժողովի երկրորդ՝ 1923 թ. ամռանը կայանալիք ընտրություններին մասնակցեցին միայն Աթաթուրքի կողմից հաստատված թեկնածուները: Այս Ժողովի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են 1923 թ. օգոստոսի 9-ին , սակայն ազգային դիմադրության շարժման առաջին կոնգրեսը 1919 թ. սեպտեմբերին Սեբաստիայում հետադարձ հռչակվեց կուսակցության առաջին կոնգրեսը: Ինչը ևս հետագա գործողությունների օրինականացման փորձ էր:

Էրզրումի, Սվազի կոնգրեսների, ազգային շարժման պատմության մեկնաբանությունները և արևելյան վիլայեթները որպես հայրենիք ներկայացնելու ուղեգիծը Ճառում

Այժմ անդրադառնանք մյուս խեղաթյուրումներին: Խոսելով Սամսունում իր ափ իջնելու և երկրի օրհասական վիճակի, բանակի զինաթափման և Անտանտի պետությունների կողմից զինադադարի պայմանները չհարգելու մասին` Քեմալն այնուհետև նշում է. «Վերջապես 1919 թ. մայիսի 15-ին, չորս օր առաջ այն օրից, որը մենք ընտրել ենք որպես սույն աշխատանքի շարադրման սկզբնակետ, հունական բանակը Անտանտի երկրների համաձայնությամբ իջավ Իզմիրում: Դրանից բացի ամենուր՝ երկրում բացահայտ կամ գաղտնի գործում են քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչները, նպատակ ունենալով պահպանելու իրենց խմբային շահերը՝ նույնիսկ երկրի փլուզման հաշվին»: Ըստ Քեմալի՝ այս պայմաններում կարելի էր ընդունել միայն մեկ որոշում՝ ինքնիշխանությամբ օժտված նոր թուրքական ազգային պետության ստեղծում:

Քեմալականների գլխավոր՝ Էրզրումի և Սեբաստիայի համագումարները հակահայկական դիրքորոշում ունեին: Առհասարակ, քրիստոնյա փոքրամասնություններին որպես վտանգ ներկայացնելու ուղեգիծը Ճառում հստակ առանձնանում է: 1919 թ. հուլիսի 23-ին գումարված Էրզրումի կոնգրեսի ընթացքում Քեմալը հայտարարում է, որ թուրք ազգի իր ճակատագրի տերը դառնալու ցանկությունը վերաբերում է միայն Փոքր Ասիայի արևելյան նահանգներին, ինչպես նաև մեկնաբանում, որ քրիստոնյա տարրերին Թուրքիայում չպետք է տրվի ոչ մի արտոնություն, որը կարող է վնաս հասցնել երկրի քաղաքական ինքնիշխանությանը կամ էլ խախտել սոցիալական հավասարակշռությունը: Ըստ Աթաթուրքի՝ «Արևելյան Անատոլիայի» (Արևմտյան Հայաստանի) վիլայեթները՝ Տրապիզոնը Ջանիկ սանջակով, ինչպես նաև Էրզրումը, Սեբաստիան, Դիարբեքիրը, Խարբերդը, Վանը, Բիթլիսը և դրանց տարածքում գտնվող ինքնավար սանջակները ոչ մի դեպքում ոչ մի ձևով չեն կարող տարանջատվել միմյանցից և մեկ ամբողջություն են կազմում: Էրզրումի կոնգրեսի հռչակագրի մեջ նշվում է, որ թուրքերը երբեք թույլ չեն տա հույներին կամ հայերին իրենց հանդեպ գրավել այնպիսի դիրք, որը կարող է վտանգ ստեղծել իրենց գոյության համար: Այդ իսկ պատճառով թուրք ազգն իրեն իրավունք է վերապահում իր տրամադրության տակ գտնվող հնարավոր բոլոր միջոցներով դիմակայելու իրենց «հայրենիքին» վնաս հասցնելու հույների և հայերի կողմից ձեռնարկվող փորձերին: Նույնիսկ Օսմանյան կայսրության գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում ամրագրվում էր, որ գերխնդիրը «Արևելյան Անատոլիայի վիլայեթներ»-ի ամբողջականության և դրանց՝ օսմանյան հպատակության ապահովումն է: Հայտարարվում էր, որ եթե սուլթանական կառավարությունը Անտանտի ճնշման ներքո ստիպված լինի կնքել որևէ դիվանագիտական փաստաթուղթ, որը կկտրի «Արևելյան Անատոլիայի» վիլայեթները օսմանյան իշխանությունից, այդ նահանգներում անմիջապես կհռչակվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրը կլինի կապ ապահովել օսմանյան սուլթանի գահի հետ և խոչընդոտել հույներին կամ հայերին ոտնձգություն կատարել իրենց «հայրենիքի» հանդեպ: Հատուկ որոշմամբ ստեղծվում է «Արևելյան Անատոլիայի իրավունքների պաշտպանության կոմիտե»-ն: Դրա նպատակն էր, համախմբելով ազգային ուժերը, պաշտպանել ազգի սուվերենությունը, անկախությունը, օսմանյան հայրենիքի անձեռնմխելիությունը և սուլթան-խալիֆի սրբազան իշխանությունը: Բոլոր մուսուլման հայրենակիցները հայտարարվում էին կոմիտեի բնական անդամներ:

1919 թ. սեպտեմբերի 4-ին բացվում է Սվազի կոնգրեսը, որի կանոնադրության հիմնական երկու կետերն էին` Մուդրոսի զինադադարով թուրքական սահմաններում թողնված տարածքների ամբողջականությունը և երկրի պաշտպանությունը ցանկացած ներխուժումից, հատկապես նրա տարածքում հունական կամ հայկական պետություն ստեղծելու ջանքերից: Կոնգրեսի չորրորդ օրը քննարկվեցին Էրզրումի կոնգրեսի կանոնադրության հարցերը: Ըստ Քեմալի՝ կատարվեցին որոշակի փոփոխություններ, մասնավորապես «Արևելյան Անատոլիայի իրավունքների պաշտպանության կոմիտե»-ի անվանումը վերափոխվեց «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության կոմիտե»` անփոփոխ թողնելով մուսուլմանների կոմիտեի բնական անդամ լինելու մասին ձևակերպումը: Հիրավի, էրզրումի կոնգրեսի ընթացքում քննարկվում էին միայն բուն «Անատոլիայի հարցերը», այնինչ Սվազի կոնգրեսի ընթացքում հետաքրքրությունների և քննարկումների շրջանակ ներառվեց նաև Ռումելիան: Ասվածի ապացույցն է հաջորդ կետը. «Ներկայացուցչական կոմիտեն ներկայացնում է ողջ Արևելյան Անատոլիան» ձևակերպումը փոխարինվեց «Ներկայացուցչական կոմիտեն ներկայացնում է ողջ երկիրը» արտահայտությամբ: Սվազում «այդ նահանգներ» արտահայտությունը փոխարինվեց ավելի լայն ձևակերպմամբ՝ «մեր երկրի որևէ մասի հանդեպ»: Էրզրումի կոնգրեսում Քեմալն անդրադառնում է Անտանտի գործողությունների նկատմամբ միջազգային հանրության բացասական վերաբերմունքին, բայց արդեն Սեբաստիայի կոնգրեսում նախընտրում է չանդրադառնալ այդ հարցին` «սխալ չհասկացվելու» պատճառով: Զգուշության այդ դրսևորումը հեշտ է բացատրվում: Այդ ժամանակ թուրքերին մեղադրում էին փոքրամասնությունների հանդեպ վատ վերաբերմունքի և հայերին տեղահանելու ու կոտորելու մեջ: Սուր անկյունները հարթեցնելու նպատակով անհրաժեշտ էր նաև ժխտել կապը երիտթուրքերի հետ` հաշվի առնելով Արևմուտքի բացասական վերաբերմունքը վերջիններիս հանդեպ: Սակայն մեղադրանքներ էին հնչում նույնիսկ երկրի ներսում. հարուցելով Քեմալի զայրույթը: Մեծ վեզիր Ֆերիդ փաշան, նախարարներ Ադիլ բեյը և Սուլեյման Շևֆիկ փաշան հայտարարել էին, որ ազգային շարժումը բոլշևիկյան շարժում է, և այն իրականում իշխանության մնալու իթթիհադականների հուսահատ ճիգն է, որը ֆինանսավորվում է նրանց կողմից: Բոլոր առաջնորդները՝ ներառյալ Մուստաֆա Քեմալը կա՛մ Իթթիհադի անդամ էին, կա՛մ կապ ունեին դրա հետ:

1919 թ. օգոստոսի 21-ին 12-րդ և 20-րդ բանակային կորպուսների հրամանատարների ծածկագիր հեռագրին Քեմալը պատասխանում է, որ Կ. Պոլսում տարբեր կուսակցությունների կողմից ընդունված որոշումները, հատկապես արևելյան վիլայեթները հայերին զիջելը, Ներկայացուցչական կոմիտեի մոտ դառը զգացումներ են առաջացրել: Քեմալը հայտարարում է, որ անհնար է զիջել Հայաստանին հողի որևէ պատառիկ, որը գերազանցապես բնակեցված է թուրքերով և քրդերով: Նա նախատում է հրամանատարներին` ասելով, որ նրանց պատկերացումն առ այն, որ Երզնկայի և Սեբաստիայի միջև մեծ քանակությամբ հայեր են ապրում, իրերի դրության լիակատար անտեղյակություն է: Ըստ նրա՝ նույնիսկ մինչ պատերազմը այդ շրջանների բնակչությունը կազմում էին թուրքեր ու «զազա» անունով քրդեր և շատ քիչ քանակությամբ հայեր, որոնք պատերազմից հետո նույնիսկ այդ քանակությամբ չեն մնացել: Կ. Պոլսում որոշ պատգամավորներ ահազանգում էին Քեմալի` փոքրամասնությունների հետ հաշվեհարդար տեսնելու մասին, ինչպես նաև սուլթանին նամակներ էին գրում ինքնակոչ Քեմալի մասին, որը, իբր գործելով ժողովրդի անունից, կոծկում է իր չարաշահումները: Քեմալը, իր հերթին, առաջ էր քաշում ազգային շարժման անհաջողություններում հայերին մեղադրելու քաղաքականությունը` հայտարարելով Հայոց պատրիարքարանում ինչ-որ գաղտնի հավաքների և այն մասին, թե ինչպես են հունական և հայկական պատրիարքները Անտանտի երկրներին դիմել ազգային կազմակերպությունների վերաբերյալ թշնամական հայտարարություններով: Սակայն 1920 թ. մարտի 16-ին (դաշնակիցների կողմից Կ. Պոլիսը գրավելու օրը) Մուստաֆա Քեմալը Իրավունքների պաշտպանության բոլոր կոմիտեներին արագ հեռագիր է ուղարկում, որով զգուշացնում է մարդասիրական վերաբերմունք դրսևորել երկրի քրիստոնյա բնակչության նկատմամբ: Սա ձևական հայտարարություն էր, որը նպատակ ուներ հաշտության պայմանագրի ստորագրման նախօրյակին Թուրքիային դրական կողմով ներկայացնելու միջազգային հանրությանը, սակայն իրականում «անկախության պատերազմ» ասվածը վարվում էր ոչ թե արտասահմանյան օկուպացիայի, այլ այդ նույն «պաշտպանյալ» ազգային փոքրամասնությունների դեմ: Թուրքական ազատագրական պատերազմի շարժիչ ուժ հանդիսացող Իրավունքների պաշտպանության կոմիտեները ստեղծվում էին այն շրջաններում, որտեղ հայերի և հույների կողմից իրական վտանգ էր զգացվում: Այդ կոմիտեի Տրապիզոնի մասնաճյուղի որոշման առաջին կետը նախատեսում էր «զինված պայքար ընդդեմ ազգային փոքրամասնությունների»: Դա է ապացուցում նաև Մուստաֆա Քեմալի հայտարարությունը 1919 թ. հուլիսի 8-ի` բանակից հրաժարականի դիմումի մեջ. «Իմ պաշտոնական զինվորական դիրքն ինձ խանգարում է մասնակցել իմ հայրենիքի ամբողջականության պահպանման համար իմ ժողովրդի պայքարին և թույլ չտալ, որպեսզի այն դառնա հայերի ու հույների խարդավանքների զոհ»: Հայտարարվում էր, որ ազգի խնդիրն էր ոչ միայն Կ.Պոլսի, այլև Զմյուռնիայի, Ադանայի և «մեր հայրենիքի» բոլոր շրջանների սուվերենության ապահովումը, և ներկայացուցչական կոմիտեն զենքը ցած չի դնի, մինչև չհասնի այդ նպատակի իրագործմանը: Այդ պատերազմի հակաիմպերիալիստական չլինելու փաստը ապացուցվում է նաև նրանով, որ Աթաթուրքը բազմիցս զգուշացրել էր իր համախոհներին չգործել անգլիացիների դեմ: Ազատագրական պատերազմի ողջ ընթացքում հաշտության պայմանագրի պայմանների կատարմանը հետևելու նպատակով Փոքր Ասիայում գտնվող Անտանտի ստորաբաժանումների դեմ որևէ կրակոց չէր արձակվել: Պատերազմի ընթացքում առաջին կրակոցն արձակվել է 1918 թ. դեկտեմբերի 19-ին Դյորթ Յոլում՝ ֆրանսիական համազգեստով հայ զինվորների վրա: Խնդիրը հարթվեց անգլիացիների միջամտությամբ: Քեմալը գրում է Ճառում, որ որևէ բռնություն հայերի հանդեպ չի իրականացվել, և եթե իրենց ու ֆրանսիացիների կողմից զինված հայերի միջև տեղի են ունեցել որոշ գործողություններ, ապա դրանց համար պատասխանատվությունն ընկնում է հայ ազգայնականների և նրանց հրահրողների վրա: Այսպիսով, թուրքերին ազատագրական պայքարի մղեցին հունական ներխուժման վտանգը և հայկական պետության ստեղծումը: Զուգահեռաբար պատվիրակություններ էին ուղարկվում եվրոպական մայրաքաղաքներ` ապացուցելու համար, որ իրենց կողմից վերահսկվող տարածքներում մեծամասնությունը կազմում էին թուրքեր: Նպատակը հստակ էր. համոզել մեծ տերություններին հրաժարվել հայերի, հույների և թուրքերի միջև Փոքր Ասիայի բաժանման ծրագրից: Վախը հայերի և հույների՝ Արևմուտքի հետ դաշնակցելու նկատմամբ գոյություն ուներ միշտ:

Միջազգային պարտավորությունների և Հայկական հարցի գնահատումը Ճառում

1920 թ. օգոստոսին մի կողմից դաշնակիցների և պարտված Թուրքիայի միջև ստորագրվում է Սևրի պայմանագիրը, որով վերջինս այլ պարտավորությունների հետ մեկտեղ հանձն է առնում ճանաչել Հայաստանը` որպես անկախ պետություն: Պայմանագիրը վտանգի տակ էր դնում հանցագործ Թուրքիայի անկախ գոյությունը և ամրագրում դրա բաժանումը: Այս պայմանագիրը թուրք ազգայնականների մտածողության մեջ հիմք դրեց «Սևրի սինդրոմին»: Սևրի պայմանագրի պարտադրված լինելու և, հետևաբար, անօրինականության ընկալումը հստակ երևում է նաև Քեմալի՝ պատգամավորների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ֆրանկլին Բույոնի հետ բանակցությունից, որը 1921 թ. հունիսի 9-ին ֆրանսիական կառավարության կողմից ոչ պաշտոնական կերպով ուղարկվել էր և ընդունվել Աթաթուրքի կողմից: Բույոնի ազգային շարժման մասին հարցերին Քեմալը պատասխանում է, որ նախկին Օսմանյան կայսրությունը վերափոխվել է նոր թուրքական պետության, որը կկարողանա հասնել միջազգային ասպարեզում իր իրավունքների ճանաչմանը: Սևրի պայմանագիրը, նշում է նա Ճառում, մահվան դատավճիռ է թուրք ազգի համար. «Մենք պահանջում ենք, որպեսզի շուրթերը, որոնք հավակնում են լինել բարեկամական մեր նկատմամբ, նույնիսկ դրա անունը չպետք է արտաբերեն: Մենք չենք կարող անկեղծ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք իրենց մտքից չեն հանել Սևրի պայմանագիրը: Մեր աչքերում այդ պայմանագիրը գոյություն չունի»: Քեմալը հայտնում է, որ իրենց նախորդների կողմից կատարված սխալների պատճառով է թուրք ազգը ենթարկվել բազմաթիվ սահմանափակումների: Այսպիսով, Սևրի պայմանագիրն էլ էր մնում օսմանյան անցյալում, որը համառորեն ժխտվում էր. «Օսմանյան կայսրությունը, որի ժառանգորդն ենք մենք համարվում, աշխարհի աչքի առջև չուներ ոչ մի արժեք, ոչ մի ձեռքբերում, չէր վայելում հարգանք: Նա համարվում էր միջազգային իրավունքի սահմաններից դուրս գտնվող պետություն և, կարծես թե, դրված էր մյուս պետությունների խնամակալության ու հոգաբարձության տակ: Մենք մեղավոր չէինք անցյալի բացթողումների և սխալների համար, և իրականում մեզնից չէ, որ պետք էր պահանջել վճարել այն հաշիվները, որոնք կուտակվել էին հարյուրամյակների ընթացքում»: «Հայկական խնդիրը» նույնպես տեղափոխվել էր օսմանյան անցյալ, և հավաքական բռնությունը փոքրամասնությունների դեմ հանրապետական շրջանի սկզբին և ընթացքում ամբողջապես վերացվել էր թուրքական հանրապետական պատմությունից: Ի հավելումն՝ թուրք ազգը կազմող հայրենասերները, որոնց Մուստաֆա Քեմալը դիմում է տեքստում, բացառապես մուսուլմաններ են, հատկապես մուսուլման թուրքեր, որոնք համախմբվել են անկախության համար պայքարում՝ պաշտպանելու իրենց հայրենիքը :

1922 թ. նոյեմբերի 21-ին գումարվեց Լոզանի կոնֆերանսը, որն ամրագրեց թուրքական հաղթանակները և ըստ Քեմալի՝ վերջ դրեց այն կանխամտածված դավադրությանը, որը դարերի ընթացքում նյութում էին թուրք ազգի դեմ և հույս ունեին կյանքի կոչել Սևրի պայմանագրով :

1923 թ. ապրիլի 8-ին Քեմալը հրապարակեց իր ծրագրի ինը դրույթները , որոնք դարձան Հանրապետական Ժողովրդական կուսակցության սկզբունքները : Այս ամենի հիմքի վրա 1923 թ. հոկտեմբերի 29-ին ընդունվում է հանրապետություն հռչակելու մասին որոշումը : Սակայն ինչպես նշում է «Թանին» թերթի խմբագիրը, Ժողովրդական կուսակցության ծրագիրը մի բան էր, իսկ ուղին, որով նրանք գնում էին, մեկ այլ բան :

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Մուստաֆա Քեմալի Ճառն իրականում քաղաքական գործչի ընդգրկվելն է պատմագրության մեջ՝ արդարացնելու իրեն, ամրապնդելու իր դիրքերը և օրինականացնելու իշխանության գլուխ մնալը: Բայց քաղաքական գործչի անձի ծանրակշիռ լինելու հանգամանքով պայմանավորված տեքստի բովանդակությունն ընդունվել է թուրք հասարակության կողմից որպես անառարկելի ճշմարտություն: Հատկապես դրա մեջ ամրագրված որոշ դրույթներ, այն է՝ հայերի եկվորության, թուրքերի տեղաբնիկության, հայկական նահանագների թուրքական լինելու, հայերի և կայսրության բոլոր փոքրամասնությունների դավաճանության, Արևմուտքի հետ վերջիններիս համագործակցության, Հայոց ցեղասպանության մեջ թուրքերի անմեղության վարկածները միավորվելով ստեղծեցին «թուրք ժողովրդի դեմ համաշխարհային դավադրության» տեսությունը, որը նրանց ստիպեց ընդունել իրենց թուրք ինքնությունը, միավորվել արտաքին վտանգի դեմ նոր Թուրքիայի Հանրապետության մեջ, ժխտել հայկականը և հայերին: Պատմական իրականությանը հակադարձող՝ պատմություն-առասպելով պայմանավորված այդ խեղաթյուրումները թուրքական պատմագրության մեջ գերիշխում են մինչ օրս և ուղղորդում թուրքերի պատմաստեղծման գործընթացը մինչև 21-րդ դար, սակայն ոգին և սկզբունքները մնացել են անփոփոխ:





Ցեղասպանագիտական հանդես, 2 (2), Երևան, 2014թ.



© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





FOLLOW US



DONATE

DonateforAGMI
TO KEEP THE MEMORY OF THE ARMENIAN GENOCIDE ALIVE

Special Projects Implemented by the Armenian Genocide Museum-Institute Foundation

COPYRIGHT

DonateforAGMI

AGMI BOOKSTORE

1915
The Armenian Genocide Museum-Institute’s “World of Books”

TESTIMONIAL OF ARMENIAN GENOCIDE SURVIVORS

Testimonial
THE AGMI COLLECTION OF UNPUBLISHED MEMOIRS

ONLINE EXHIBITION

Temporary exhibition
SELF-DEFENSE IN CILICIA DURING THE ARMENIAN GENOCIDE

DEDICATED TO THE CENTENNIAL OF THE SELF-DEFENSE BATTLES OF MARASH, HADJIN, AINTAB

LEMKIN SCHOLARSHIP

Lemkin
AGMI ANNOUNCES 2024
LEMKIN SCHOLARSHIP FOR FOREIGN STUDENTS

TRANSFER YOUR MEMORY

100photo
Share your family story, Transfer your memory to generations.
On the eve of April 24, the Armenian Genocide Museum-Institute undertakes an initiative “transfer your memory”.
“AGMI” foundation
8/8 Tsitsernakaberd highway
0028, Yerevan, RA
Tel.: (+374 10) 39 09 81
    2007-2021 © The Armenian Genocide Museum-Institute     E-mail: info@genocide-museum.am