03.02.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շնորհակալություն հայտնելով Վախթանգ Գոմելաուրիին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած գրքերից: