Յոզղատցի Վերոնիկա Բերբերյանի վկայությունը
Յոզղատցի Վերոնիկա Բերբերյանը (ծնվ. 1907թ.) հիշում է թուրքական զորահավաքը. «…Շաբաթ օրը ` իրիկվան դեմ, բոլոր տղամարդկանց կհավաքեն ` թուրքական բանակ ղրկելու, բայց այնտեղ հայերը կզատեն թուրքերից: Տերտեր պապիկս ` Հակոբ քահանա Բերբերյանը, որ լիազորված էր հայերի իրավունքը պաշտպանելու, կտեսնա, որ հայերին ջոկում են թուրք զինակոչիկներից, կըսե. «Ինչու ՞ եք հայերին ջոկում»: Թուրք հազարապետը կըսե. «Փափա՛զ (քահանա) էֆենդի, հայերը պիտի գնան ճանապարհ շինելու, թուրքերը պիտի գնան ռուսական ճակատ»: Հաջորդ օրը կիրակի էր: Պապս ս. պատարագը վերջացրել, հազիվ տուն էր եկել: Դեռ շունչ չառած` բոթը հասավ մեզի: Արթին աղային տղան ջրաղացպան էր, առտուն կելլա, կերթա աշխատանքի, կտեսնա ջրաղացին քովը լի˜քը մարդկանց գլուխներ, ոտքեր, ձեռքեր: Լեզուն վախեն բռնված ` հևիհև կուգա տուն, կպատմե տեսածը: Արթին աղան տղային հետ եկան պապիկիս պատմեցին, ըսին. «Էրեկվա զինվոր տարվածները գիշերով մորթել են»: Պապիկս կըսե. «նացե՛ք, բողոքեցե՛ք ղայմաղամին (գավառապետ)»: Արթին աղան կերթա ղայմաղամին բողոքելու, բայց գիշերը ալ տուն չի գար: Հաջորդ օրը ` երկուշաբթի, երկու թուրք ժանդարմ քոփալներով էկան: Ուրիշ անգամ, երբ մեր տունը ժանդարմ կուգար, քաղաքավարի կերպով կըսեր, որ փափազ էֆենդին հագնվի ու իր հետ գնա: Այս անգամ էկան, կոշտ կերպով ըսին. «Հայդէ՛, քալքըն» («Դե՛, վե՛ր կացեք»): Պապիկիս տարին ղայմաղամին մոտ: Պապիկիս հետ տարել էին նաև տեղի երևելիներին, վաճառականներին, մտավորականներին: Մի թուրք ասում է պապիկիս. «Փափա˜զ էֆենդի, մոտիկացավ վերջին ժամդ, ի ՞նչ ունիս ըսելիք»: Պապիկս ծունկ կչոքե, կաղոթե: Անտեղեն թուրք զինվոր մը կացինով կհարվածե, պապիկիս գլուխը կգլորվի գետին: Կսկսին ֆուտբոլ խաղալ իմ խելացի պապիկիս գլխուն հետը…» :
[Սվ. 2000: Վկ. 214, էջ 353-354]:
|