01.06.2023
ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պարոն Ալեքսեյ Լոգվինենկոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: