01.07.2022
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Էդիտա Գզոյանը Գերմանիայից ժամանած հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Պատվիրակության անդամները հատկապես մեծ հետաքրքրությամբ լսեցին գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեության մասին, որը նա ծավալել է սկսած համիդյան կոտորածների տարիներից մինչև իր կյանքի վերջը՝ 1926 թ.:
Տիկին Սվենյա Շուլցեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: