01.09.2017
Օգոստոսի 30-ին, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նախարարի հետ ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։
Նախարար Իգոր Ցրնադակին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ իր ակնածանքն արտահայտեց Հայոց ցեղասպանության զոհերին և հույս հայտնեց, որ նմանօրինակ ողբերգություն այլևս երբեք և ոչ մի տեղ չի կրկնվի:
Այցելության վերջում, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարարին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: